...

Արամ Հարությունյանի սահմանը հատելը հիմնավորում չունի

Արամ Հարությունյանի սահմանը հատելը հիմնավորում չունի

«Ազգային համաձայնություն» մարդ-կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հանրությանն է ներկայանում միայն այն ժամանակ, երբ հույժ անհրաժեշտ է լինում Քոչարյանին: Այս անգամ նույնպես բացառություն չէր: Մեղադրյալ Քոչարյանի դատական նիստի մեկնարկի օրը Արամ Հարությունյանը դատարանի բակում է եղել պիցցա ուտողների հետ, կարող է նաև ինքն էլ է կերել: Լավ, ըդիկ կարևոր չէ: Իսկ հիմա կարևորի մասին: Անչափ տհաճ և անթույլատրելի միջադեպ է եղել դատարանի տարածքից դուրս: Արամ Հարությունյանը հարվածել է տարեց կնոջ՝ Սվետլանա Միքայելյանին, որն իրեն «թուրք» է ասել: 

Միջադեպի հաջորդ օրը «Հայելի» ակումբում Արամ Հարությունյանն ասուլիսին խոսել է էթիկայի նորմերն անցած, ոչ մի պարագայում արդարացում չունեցող իր զազրելի արարքի մասին. «...Մեր հետևից էին գալիս, ու երբ մոտեցան, հավասարվեցին մեզ, մեկն ասաց՝ թուրք, բալիդ թաղեմ, ու ինձ համար արդեն սահմանն անց էր: Եվ ես հարվածեցի: Խնդիրն այն է, որ այս ամբողջ կեղտը կա ֆեյսբուքում, այս տարիքով կինը, բնականաբար ֆեյսբուքից չի օգտվում, բայց կարելի է ասել, որ ինքը Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի քայլող ֆեյքերից է: Եվ այդ հարվածը, որի համար, որպես կին, ես ցավում եմ, բայց մյուս կողմից էլ այդ հարվածը դիտում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին և Նիկոլ Փաշինյանին ուղղված...» (Aravot.am 13.09. 2019թ):  

Փորձենք հասկանալ: Դատարանում է զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարը, որին առաջադրված է ծանրագույն մեղադրանք: Իսկ զինված ուժերի գլխավոր հրամանատարը պիտի պատասխան տա, եթե ինքը հրաման չի տվել խաղաղ ցուցարարների վրա կրակելու, բա ո՞վ է տվել: Դատարանի բակում հավաքվում են զոհերի հարազատները և պարզապես ՀՀ քաղաքացիներ, ովքեր դատարանից պահանջում են արդարություն, իսկ մյուս կողմում են մեղադրյալի աջակիցները, ասել կուզի՝ պիցցա ուտողները և ժամանակ առ ժամանակ գոռում են, թե ազատություն մեր հերոսին, իհարկե, ձայնի ուժգնությունը մեծապես կախված է պիցցայի որակից: Իհարկե, իրենց չի հետաքրքրում դատարանի բակում գտնվող որդեկորույս մայրերի հոգեվիճակը: 

Իսկ հիմա զազրելի միջադեպի մասին: Եթե Արամ Հարությունյանը կնոջը հարվածել է, և հարվածը դիտում է Լևոն Տեր-Պետրոսյանին և Նիկոլ Փաշինյանին ուղղված, ապա նույն տրամաբանությամբ (չնայած՝ այստեղ տրամաբանություն չկա) տարեց կինն էլ ենթադրել է, որ Արամ Հարությունյանը, աջակցելով մեղադրյալին, խոչընդոտում է արդարադատության իրականացմանը և թուրք է անվանել: Ենթադրություն է, որ նույնպես իրավունք ունի գոյություն ունենալ: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Արամ Հարությունյանը սահմանն անցել ու հարվածել է միայն նրա համար, որ տարեց կինն ասել է՝ բալիդ թաղեմ, ապա պարոն Հարությունյանը կարող էր մնալ սահմանին և չհարվածել, որովհետև տարեց կինը չի թաղել Հարությունյանի բալին: Գոնե այդ պահին պիտի սթափվեր ու հասկանար Արամ Հարությունյանը, թե զոհերի ծնողները, այդ թվում՝ նաև հարգանքի արժանի տարեց կինը միայն օրենքի տառին համապատասխան են ուզում, որ իրենց բալեքին թաղողներին պատասխանատվության ենթարկեն, իսկ Հարությունյանը չեղած բանի համար իրեն օրենքից դուրս է զգում և հարվածում է տարեց կնոջը: 
Միջադեպի հաջորդ օրվա ասուլիսին իր զազրելի արարքին այնպիսի արդարացում է գտնում, որ իրեն դնում է ծիծաղելի վիճակում: Ենթադրել է, որ կինը տարիքով է, ֆեյսբուքից չի օգտվում, բայց ինքը կարող է ասել, որ կինը Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի քայլող ֆեյքերից է և այդ հարվածն ինքը դիտում է Լևոն Տեր-Պետրոսյանին և Նիկոլ Փաշինյանին ուղղված: Բայց չի մանրամասնել, թե որտեղից է կարողացել ասել, որ Սվետլանա Միքայելյանը նրանց ֆեյքերից է, որ հարվածն էլ ուղղված է Լևոն Տեր-Պետրոսյանին ու Նիկոլ Փաշինյանին: Եթե Արամ Հարությունյանը շարունակի շարժվել էդ տրամաբանությամբ, ապա կարող է փողոցում սիրտն ում ուզենա հարվածի և հայտարարի, որ Լևոն Տեր-Պետրոսյանին ու Նիկոլ Փաշինյանին է ուղղված: Երևակայությունը վառ է, չէ՞: 

Ու էս երևույթն ինչ-որ մի ժամանակահատված դասավանդել է ԵՊՀ-ում: Դե մեր օրերում ով սեփական մասնագիտությանն այնքան էլ չի տիրապետում, հայտնվում է քաղաքական դաշտում և իրեն հայտարարում է քաղաքական գործիչ կամ քաղաքական վերլուծաբան: Այսուամենայնիվ Արամ Հարությանի քաղաքական գործիչ դառնալը մի դրական բան է արձանագրում, որ 2008թ-ից ԵՊՀ-ում այլևս չի դասավանդում: Բայց 2008-2009թթ եղել է Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ: Կարո՞ղ  է անհանգստանալու լուրջ պատճառ ունի: Իսկ վաղը դատարանը վերադառնալու է խորհրդակցական սենյակից և հրապարակելու է Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական ակտը: Բոլորս դեպի Արշակունյաց պողոտա 24/1:

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3653 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ