...

Արցախի շրջափակման «համատեղ բարդ օպերացիայի» հաջորդ փուլը

Արցախի շրջափակման «համատեղ բարդ օպերացիայի» հաջորդ փուլը

Եվ այսպես, ռուսական Կարմիր խաչի բեռնատարն Աղդամով մտավ Ստեփանակերտ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ համարյա ուժով, որովհետև ռուս խաղաղապահների հրամանատարությունը վերջնագրային տոնով հայկական կողմին զգուշացրել էր, որ դա Լաչինի ճանապարհը բացելու վերջին հնարավորությունն է։ Իրականում կա այդպիսի հնարավորություն, թե ոչ՝ առայժմ դժվար է ասել, որովհետև Արցախի իշխանությունները հայտարարեցին, թե պայմանավորվածության համաձայն, ռուսական բեռնատարի՝ Ստեփանակերտ հասնելուց 12 ժամ հետո կբացվի նաև Լաչինի ճանապարհը, բայց Ադրբեջանի արտգործնախարարության ձևակերպումն այլ էր՝ իրենք պատրաստ են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին զուգահեռ Լաչինի ճանապարհով ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բեռների փոխադրման համար պայմաններ ստեղծել՝ «անցակետում սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ»։ 

Արդյո՞ք սա կարելի է «փոխզիջում» անվանել, և ի՞նչ է տեղի ունենալու իրականում։ 

Փաստացի՝ Ադրբեջանն այս փուլում հասավ իր ուզածին, որովհետև ընդամենը մի բեռնատարով կարողացավ մեղմել Արցախի անմարդկային շրջափակման շուրջ աշխարհով մեկ բարձրացած բավականին լուրջ աղմուկը։ Ռուսաստանը նույնպես այս փուլում իր ուզածին հասնելու ճանապարհին է, և ահա թե ինչու։ Ենթադրենք՝ 12 ժամ անց Լաչինի ճանապարհն իսկապես էլ բացվում է, և Հակարիի կամրջով հայկական բեռնատարներ են անցնում։ Ադրբեջանի ասած «սահմանային և մաքսային ընթացակարգերը» ենթադրում են, որ Հայաստանից Արցախ մտնող բեռները պիտի տեղում զննվեն և մաքսազերծվեն, այսինքն՝ Ադրբեջանի բյուջեին պիտի գումարներ փոխանցվեն։ Բայց խնդիրը միայն այն չէ, որ դա Ադրբեջանին լրացուցիչ հիմքեր կտա Հայաստանից պահանջելու վճարել «30 տարի շարունակ Ադրբեջանի տարածք ապօրինաբար ներմուծված ապրանքների մաքսավճարները» (ադրբեջանական կողմն արդեն իսկ բարձրացնում է այդ հարցը)։ Խնդիրը նաև հետևյալն է․ ենթադրենք՝ հայկական բեռնատարները վճարեցին մաքսատուրքն ու հատեցին սահմանը, ո՞վ է ապահովելու դրանց անվտանգությունը և ուղեկցելու մինչև Ստեփանակերտ։ Ենթադրաբար՝ ռուս խաղաղապահները։ Այսինքն՝ գործելու է ճիշտ և ճիշտ այն նույն սխեման, որը, ռուսական կողմի պնդմամբ, պիտի գործի Մեղրիով բուն Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի օգտագործման դեպքում, այն է՝ հայկական կողմը հայ-ադրբեջանական սահմանին ստուգում է ադրբեջանական բեռները, տուրքերը գանձում ու դրանից հետո այլևս այդ բեռների հետ գործ չունի՝ ռուսներն իրենք են ամեն ինչ վերահսկում։ Իսկ սա հենց ռուսական կողմի ուզածն է՝ որպեսզի իրենք վերահսկեն և՛ ՀՀ տարածքով անցնող ճանապարհները, և՛ Լաչինի ճանապարհը (եկեք անկեղծ լինենք՝ «Լաչինի միջանցքը» փաստացի այլևս գոյություն չունի)։ 

Այսինքն՝ ստացվում է, որ ուղիղ 9 ամիս տևած այս «համատեղ բարդ օպերացիայի» արդյունքում ռուսները կարող են ստանալ իրենց ուզածը՝ երկու ճանապարհների վերահսկողությունը, իսկ Ադրբեջանը իր ուզածը՝ Լաչինի և Մեղրիի ճանապարհների գործունեության նույն ռեժիմը։ Իսկ եթե Հայաստանը մերժի՝ կստացվի, որ կամ Արցախի շրջափակումը շարունակվում է, կամ Արցախը բեռներ ստանում է միայն Աղդամի ճանապարհով (որի համար ինչ-որ պահից սկսած կպահանջեն վճարել ադրբեջանական մանաթով), ընդ որում՝ դրա համար մեղավոր կհռչակվի Ադրբեջանի ու Ռուսաստանի «կառուցողական առաջարկը մերժած» Հայաստանը։

Փաստացի՝ «նշաձողի իջեցման» հենց այս հերթական փուլի մեկնարկն էլ տրվեց ռուսական բեռնատարի մուտքով, իսկ անտաղանդ բեմականացման հաջորդ «դիտարժան արարներին» սպասենք Հակարիի կամրջից։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   457 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ