...

Արցախի շրջափակման շահառուները

Արցախի շրջափակման շահառուները

Արցախում իրավիճակն օրեցօր ծանրանում է, ու ելքը չի նշմարվում։ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Հայաստանը, միջազգային բոլոր կազմակերպությունները, մի խոսքով՝ ամբողջ աշխարհը, Ադրբեջանին կոչ են անում բացել Լաչինի միջանցքը, բայց Ադրբեջանն ի պատասխան միայն ավելի է սեղմում օղակը։ Ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանն իրեն այնքան հզոր ու անպատժելի է զգում, որ կարող է արհամարհել ամբողջ աշխարհի պահանջը, այլ որովհետև հասկացել է՝ իրականում ամբողջ աշխարհին լավ էլ ձեռնտու է Արցախի շրջափակումը։ Այդ թվում՝ նաև Հայաստանի իշխանություններին։

Թե ինչու է Արևմուտքին ձեռնտու այդ շրջափակումը՝ հասկանալի է։ Բանակցային գործընթացի ներկա տրամաբանությունը հանգեցնում է նրան, որ Արցախում հայեր չպետք է լինեն, Հայաստանը «խաղաղության համաձայնագրում» ամրագրված ինչ-որ մեխանիզմով (օրինակ՝ արտատարածքային միջանցքով կամ Սյունիքում ադրբեջանցի «փախստականների» վերադարձով) պիտի կտրվի Իրանից, Ռուսաստանն էլ պիտի վերջնականապես դուրս մղվի Հարավային Կովկասից։ Հետևաբար՝ որքան Ադրբեջանը մեծացնի ճնշումը Հայաստանի վրա, այնքան կմոտենա այդ տրամաբանությամբ համաձայնագրի ստորագրման պահը։ Իսկ Հայաստանի նկատմամբ ճնշումների ամենահզոր գործիքը Արցախի տոտալ շրջափակումն է։ Թե ինչու է այդ շրջափակումը ձեռնտու Ռուսաստանին՝ նույնպես հասկանալի է։ Ռուս խաղաղապահներն Արցախում մնալու են մինչև 2025 թվականը, և իրենց պետք է, որ «խաղաղության համաձայնագիրը» ստորագրվի՝ քանի դեռ իրենք այնտեղ են, որպեսզի և՛ խաղաղության երաշխավորն իրենք լինեն, և՛ հայ-իրանական սահմանն ու Ադրբեջան-Նախիջևան ճանապարհն իրենք վերահսկեն։ Դրանից հետո, ռուսական տրամաբանությամբ, Արցախն այսպես թե այնպես կհայաթափվի, բայց իրենք արդեն հասցրած կլինեն ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնագրով ամրապնդել իրենց ներկայությունը Հարավային Կովկասում։ Իսկ թե ինչու է շրջափակումը ձեռնտու Ադրբեջանին և Թուրքիային՝ երևի բացատրելու կարիք չկա։

Հիմա՝ Հայաստանի իշխանությունների մասին։ «Իզմ»-եր չունեցող Նիկոլ Փաշինյանի համար մեծ հաշվով միևնույն է, թե ո՛ր տարբերակով կհայաթափվի Արցախն ու կկորցնենք Սյունիքը, նրա համար կարևորն այն է, թե այդ տարբերակներից որի դեպքում ինքն ավելի երկար կպահպանի իշխանությունը։ Ու կարծես թե հաշվարկել է, որ «արևմտյան տարբերակի» դեպքում անձամբ իր շանսերն ավելի մեծ են, որովհետև Արցախի հայաթափման մեղքը կբարդի ռուսների վրա (ի դեպ՝ ո՛չ առանց հիմքի), Սյունիքի դեպքում «փաստաթղթերով ամեն ինչ կարգին կլինի», ինքն էլ աշխարհին կներկայանա որպես «ժողովրդավարության առաջամարտիկ» ու համարյա նոր Զելենսկի։ Բայց «համապարփակ խաղաղության» այդ տարբերակի տակ ստորագրելու համար պետք է հասարակությանը ցույց տալ, որ այլ ելք չկա, ինքը դա անում է ճնշումների ներքո, ու հենց այստեղ է, որ նրան փաստացի մեծ ծառայություն է մատուցում Ալիևը՝ տոտալ շրջափակման ենթարկելով Արցախը։ Ի դեպ՝ նաև սահմանային լարվածությունը պահպանելով ու ամենօրյա կրակոցներով, որոնք նույնպես ճնշման լուրջ գործիքներ են ու հենց վերը թվարկված պատճառով էլ որևէ կերպ չեն կանխվում ոչ Արևմուտքի, ոչ Ռուսաստանի կողմից։

Ինչ վերաբերում է ընդհանրապես «ՔՊ-ական իշխանություններին», ապա այդպիսի հասկացություն չկա։ Աշխարհի ցանկացած երկրում էլ լինում են մարդկանց խմբեր, որոնք, օրինակ, երկրաշարժի ժամանակ թալանով են զբաղվում, շրջափակման ժամանակ տասնապատիկ բարձր գներով հաց ու դեղորայք են վաճառում, պատերազմի ժամանակ եռակի բարձրացնում են ծաղկեպսակների գները և այլն։ Պրոբլեմն այն է, որ Հայաստանում մարդկային հենց այդ տեսակն է «վենա մտել» ու հայտնվել կերակրատաշտի կողքին, իսկ նրանց, համաձայնվեք, «իշխանություններ» անվանել չի կարելի։

Բայց սա արդեն այլ թեմա է։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   885 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ