...

Արցախում ապագա «քավության նոխազների» միջև պայքարը թեժանում է

Արցախում ապագա «քավության նոխազների» միջև պայքարը թեժանում է

Երևի նկատել եք, որ տևական ժամանակ է, ինչ Հայաստանի իշխանությունները կամ դեմոնստրատիվ կերպով ընդհանրապես չեն անդրադառնում Արցախում ստեղծված իրավիճակին, կամ դա անում են «պտիչկա դնելու» համար։ Մինչ Ստեփանակերտում բառիս բուն իմաստով պայթյունավտանգ իրավիճակ է՝ հումանիտար խնդիրներին գումարվել է նաև իշխանության համար կոշտ պայքարն ու անգամ ներքին բախումների վտանգը, Հայաստանի իշխանությունները զբաղված են բացառապես քարոզչական շոուներով ու Տիգրան Ավինյանին Երևանի քաղաքապետ դարձնելու «հույժ կարևոր» գործով։

Իսկ Արցախում հիմնական «ռազբորկան» մի հարցի շուրջ է․ արժե՞ այնուամենայնիվ փորձել «ինտեգրվել Ադրբեջանին» և Աղդամով մարդասիրական բեռներ ստանալ, թե՞ դա դավաճանություն է, և ընդհանրապես՝ «ավելի լավ է Արցախից թողնենք-դուրս գանք, քան համաձայնվենք ապրել Ադրբեջանի կազմում»։ 

Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն կողմ են առաջին տարբերակին, բայց ուղիղ տեքստով այդ մասին չեն ասում։ Թե ինչու՝ հասկանալի է։ Որովհետև իրականում բոլորն էլ գիտեն, որ Աղդամից մարդասիրական օգնություն չի ստացվելու։ Ադրբեջանը, այո, գուցե մի քանի օրով բացի այդ ճանապարհը, աշխարհով մեկ աղմուկ բարձրացնի, հարյուրավոր դեսպաններ ու միջազգային լրագրողներ հրավիրի, մի քանի բեռնատարներ ուղարկի «Խանքենդի», իսկ կարճ ժամանակ անց՝ երբ Լաչինի միջանցքի բացման թեման վերջնականապես մոռացվի, «անհայտ անձինք դեռևս չպարզված հանգամանքներում» մի քանի կրակոց կարձակեն բեռնատարների ուղղությամբ, որից հետո ճանապարհը նորից կփակվի, իսկ Ադրբեջանը կփորձի «հակաահաբեկչական գործողություններ» իրականացնել Արցախում՝ «ապօրինի զինված կազմավորումների բացահայտման և ոչնչացման նպատակով»։ Հայաստանի իշխանությունները, հասկանալի է, էլի հերթապահ հայտարարություններից բացի ոչինչ չեն անի, իսկ ահա Արցախում «քաղաքական դաշտն» ու հանրային կարծիքը կբաժանվեն երկու մասի։ Մի մասը կասի «տեսա՞ք, որ ասում էինք դրանց հետ ինտեգրում հնարավոր չէ՝ չէիք հավատում», մյուս մասն էլ կասի «դե եթե հնարավոր չէ, ու կռվով մեր հողը պաշտպանելու ռեսուրս էլ չունենք, ուրիշ ճար չի մնում, թող ճանապարհը բացեն՝ թողնենք-գնանք»։ Եվ կստացվի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այդ ամենի հետ կապ չունի, ինչ որոշում էլ ընդունվի՝ մինչև վերջ դիմադրե՞լ, թե՞ արտագաղթել, երկու դեպքում էլ որոշումն Արցախում է կայացվել, ու պատասխանատուն արցախահայությունն է։

Ահա հերթական անգամ պատասխանատվությունից «թռնելու» այս կեղտոտ խաղն են խաղում Հայաստանի իշխանությունները՝ մի կողմ քաշվելով և Արցախի ապագայի վերաբերյալ թեժ քննարկումները պարփակելով միայն Ստեփանակերտում։ Որովհետև կոնկրետ Նիկոլ Փաշինյանի համար կարևորը ոչ թե Արցախի ապագան է, այլ այդ ապագայի համար պատասխանատվությունից խուսափելը։ Ու քանի որ նա արդեն իսկ «ռազմավարական որոշում է կայացրել», որ միայն Արցախի հայաթափման գնով է հնարավոր փրկել Հայաստանը, մնում է երկրորդ հարցը՝ այնպես անել, որ իր այդ «ռազմավարության» պատասխանատվությունն ընկնի ոչ թե իր, այլ Արցախի վրա։ «Ինտեգրումը» կվերածվի համակենտրոնացման ճամբարներով զուգորդվող էթնիկ զտումների՝ մեղավոր կհռչակի Արայիկ Հարությունյանին կամ Սամվել Բաբայանին, Արցախը մինչև վերջ կդիմադրի ու ահռելի կորուստների գնով ի վերջո կկարողանա ճեղքել շրջափակման օղակն ու տարհանել բնակչությանը՝ մեղավոր կհռչակի Ռուբեն Վարդանյանին, Արցախի նախկին նախագահներին, դաշնակներին և այլն, մի խոսքով՝ նրանց, ովքեր դեմ էին «ինտեգրման» փորձերին։ 

Ուրիշ բան, որ Արցախի հայաթափման գնով հնարավոր չի լինելու Հայաստանը զերծ պահել նոր ագրեսիաներից, ու Նիկոլ Փաշինյանը մտնելու է «մյուս կեսը ևս կործանելու» փուլ՝ բնականաբար, նախապես հարմար մեղավորներ գտնելով, բայց սա արդեն այլ թեմա է։ 

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   584 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ