...

Արցախում կրակոցներ են․ արցախցիներն ու խաղաղապահները համատեղ ուժեղացված ծառայություն են իրականացնում

Արցախում կրակոցներ են․ արցախցիներն ու խաղաղապահները համատեղ ուժեղացված ծառայություն են իրականացնում

Արցախում հակառակորդը երկու արկ է արձակել

Այսօր էլ Արցախում շարունակվել է նախորդ օրերի լարվածությունը։ Արցախի ՆԳՆ ոստիկանությունն այսօր տեղեկացրել է, որ Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել: Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ ասված է․ «Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ: Տուժածներ չկան: Իսկ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում: Ոստիկանության շրջանային բաժիններում նախապատրաստվում են նյութեր: Այս պահին Խրամորթ գյուղին կից հատվածում իրականացվում է ԱՀ ուժային համապատասխան կառույցների և խաղաղապահ զորակազմի համատեղ ուժեղացված ծառայություն»։  

Արցախում դեռևս գազ չկա

Արցախում մարտի 8-ի գիշերը վնասված գազատարի վերականգնողական աշխատանքները չեն սկսվել։ NEWS.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանն ասել է, որ այս թեմայով խաղաղապահները շարունակում են բանակցությունները ադրբեջանական կողմի հետ։ Գազատարի վնասված հատվածը ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո է, և նրանք խոչընդոտներ են հարուցում դրա վերականգնման աշխատանքների սկսման համար։

Արցախում վերջին օրերին տեղի ունեցողը, ի թիվս այլ հարցերի, արծարծվել է նաև Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև կայացած հանդիպման շրջանակներում։ Այս առիթով տարածված ԱԳՆ ծավալուն հայտարարության վերջին մեկ պարբերությունն է այս մասին։ Մեջբերենք․ «ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջն է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների և սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը՝ կարևորելով լարվածության թուլացման և միջադեպերի կանխման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը»։

Ադրբեջանը նաև փորձում է նսեմացնել ռուսական խաղաղապահ ուժերի առաքելությունն ու հեղինակությունը․ Արցախի ԱԺ-ն դիմում է ԵԱՀԿ-ին և ՄԱԿ-ին

Արցախի Հանրապետության ԱԺ-ն հայտարարությամբ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և ՄԱԿ-ին ու համապատասխան կառույցներին։ «Վերջին օրերին լարվածությունը Արցախի սահմանամերձ բնակավայրերում նոր թափ է ստացել, մասնավորապես Ադրբեջանը ինտենսիվ կրակոցներ է արձակել, ականանետներ կիրառել Ասկերանի շրջանի Խրամորթ,Նախիջևանիկ և Փառուխ գյուղերի, Մարտունու շրջանի Խնուշինակ, Կարմիր շուկա, Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նման սադրիչ գործողությունները միտված են ինչպես Արցախի ժողովրդին ահաբեկելուն և մշտական տագնապի մեջ պահելուն, այնպես էլ ռուսական խաղաղապահ ուժերի առաքելության ու հեղինակության նսեմացմանը։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը խստիվ դատապարտում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ և ահաբեկչական գործողությունները, Արցախի Հանրապետության բնակավայրերի թիրախավորումը, խաղաղ բնակչության նկատմամբ հոգեբանական, տեղեկատվական ճնշումները, Արցախը բնական գազով ապահովող միակ գազատարի վերանորոգման աշխատանքներին խոչընդոտելը։ Այսպիսով՝ պաշտոնական Բաքուն շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, խարխլում տարածաշրջանում առկա փխրուն խաղաղությունն ու կայունությունը, որը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը։ Արցախի խորհրդարանը հորդորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և նրա համապատասխան կառույցներին համարժեք գնահատականի արժանացնել Ադրբեջանի պահվածքը, ջանքեր գործադրել՝ սանձելու նման հանցավոր ոտնձգությունները։ Ստեղծված իրավիճակը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Արցախի ժողովրդի՝ անվտանգ ապրելու, անկախ պետականություն ունենալու իրավունքի ճանաչումը հանդիսանում է միակ ճիշտ, այլընտրանք չունեցող և քաղաքակիրթ որոշումը»,- ասված է Արցախի խորհրդարանի հայտարարության տեքստում։

Հավաքագրված, թշնամու շահերը սպասարկող գործակալները հակառուսական քարոզով են զբաղված

Արցախից հայտարարությամբ է հանդես եկել նաև «Արցախի փրկություն» շարժումը։ Ըստ հայտարարության հեղինակների՝ ռուս-ուկրաինական պատերազմն աշխուժացրել է «մեր արտաքին ու ներքին թշնամիներին»։ «Արտաքին թշնամու հարցում ամեն ինչ պարզ է՝ տասնամյակներ ի վեր նրանք երազում են, որ Ռուսաստանը կործանվի կամ գոնե հեռանա մեր տարածաշրջանից, որպեսզի նրանք վերջնականապես ավարտին հասցնեն Հայոց ցեղասպանությունը, տիրանան պատմական Հայաստանից մնացած մի բուռ հողակտորին ու այլևս որևէ խոչընդոտ չունենան մեծ Թուրանի կերտման ճանապարհին»,- նշված է հայտարարության մեջ։ «․․․Ռուսաստանի կործանում և տարածաշրջանից նրա հեռացումն են երազում նաև մեր ներքին թշնամիները՝ ի դեմս «Ազգային ժողովրդավարական բևեռ» (կամ՝ «Սասնա ծռեր»), «Հայաստանի եվրոպական կուսակցություն» անվանումների տակ հավաքագրված գործակալների, որոնք օրուգիշեր հակառուսական քարոզով են զբաղված՝ իբր չհասկանալով, որ Ռուսաստանի հեռանալով, տարածաշրջանում նրա տեղը զբաղեցնելու է Թուրքիան, որի զորքերը տեղակայված են Հայաստանի ու Արցախի սահմանի ողջ երկայնքով։ Թշնամու օրակարգ և շահեր սպասարկող քաղաքական այս արկածախնդիրները հայտարարություններ են անում ողջ հայ ժողովրդի, այդ թվում՝ արցախցիների անունից, ստորաբար ստելով, թե Արցախում մեծաթիվ համախոհներ ունեն։ Ինչպես մեր արտաքին նենգ թշնամին, նրանք նույնպես պահանջում են ռուս խաղաղապահներին հանել Արցախից և վերջիններին փոխարինել եվրոպական այլ երկրների խաղաղապահներով։ Արևմտյան-թուրքական այս գործակալները, որոնց մեծ մասի ընտանիքները, զավակներն արտերկրում են՝ ԱՄՆ-ում, Կանադայում են, Արցախում բացարձակապես հարգանք ու հեղինակություն չվայելող ինքնակոչ մի «հերոսի» գլխավորությամբ խաղում են մի երկրի ճակատագրով, որի համար որևէ ներդրում չունեն։ Արցախը ԱԺԲ-ին, «Սասնա ծռեր» տեռորիստական խմբին, Արևմուտքի և Թուրքիայի կողմից ֆինանսավորվող տարբեր կուսակցություններին ու գործիչներին (Արա Պապյան, Ժիրայր Սեֆիլյան, Հայկ Մարտիրոսյան, Վարուժան Ավետիսյան, Տիգրան Խզմալյան և այլն), որոնք Հայաստանի ներկայիս դավաճան իշխանությունների հետ միասին նույն մեդալի հակառակ կողմն են, չի լիազորել իր անունից հայտարարություններ անելու, քննարկելու կամ լուծելու հարցեր, որ վերաբերում են Արցախի ու արցախցիների գոյությանը։ Թշնամու շահեր սպասարկող գործակալներ, դուք ո՞վ եք, ի՞նչ եք ներկայացնում ձեզնից, որ խաղում եք մեր ժողովրդի ճակատագրով և փորձում մի բռաչափ դարձած Արցախի ժողովրդին ենթարկել նոր ցեղասպանության։ Վե՛րջ տվեք հատկապես արցախցիներիս ու մեր լեռնաշխարհին վերաբերող ձեր ապազգային վայնասունին։ Այս հողում մե՛նք ենք ապրում և մե՛նք ենք մեր երկրի ու մեր երեխաների ճակատագիրը որոշողը։ Ոչ մի գործակալ, ոչ մի ինքնակոչ գործիչ ու փառատենչ թափթփուկ իրավունք չունի քիթը խոթելու այնտեղ, որտեղ ինքն օտար է, առավել ևս՝ հակառակորդի, թշնամու շահեր սպասարկող դավաճան է»,- եզրափակել է «Արցախի փրկություն» շարժումը։

Գոհար Վեզիրյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1382 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ