Նոր Տեղեր, նոր տողեր
…Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
Մի տուն, մի գլուխ պահելու համար,
Ժամանակավոր
Մի անմահություն շահելու համար
Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:
Հա էլի, այս անգամ էլ շաբաթն ավարտենք Համո Սահյանի այս տողերով: Հիշենք, որ այսպիսի մեծանուն բանաստեղծ ենք ունեցել, որի ծննդյան տարելիցն է: Գերադասում ենք նրանից մեջբերում անել, թե չէ մարդ կա, Հուդային նվիրված տողեր է ներկայացնում:
Իմիջիայլոց, Համո Սահյանը ծնունդով Սյունիքի մարզից է, որ տեսներ, թե ինչպես են իր հայրենի հողը, անուշ Հայաստանը բզկտում, հնարավոր է, Հուդային նվիրված տող էլ կգրեր, Տեղի մասին էլ կգրեր: Այն Տեղի, որից այն կողմ Արցախն է, ինչպես երեք տարի առաջ հպարտ-հպարտ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը, և այն Տեղի, որից այն կողմ Ադրբեջանն է, ինչպես երեք տարի առաջ կիսահպարտ-կիսահպարտ հայտարարում էր նույն Նիկոլ Փաշինյանը:
Հետաքրքիր է, բա որ հիմա վարչապետը խոսեր, ի՞նչ էր ասելու. որ Տեղ գյուղը տեղ-տեղ Ադրբեջա՞ն է: Իր ելույթները որ իրար ետևից շարում ես, ինչ-որ դինամիկա կա, պետք է խոստովանել, պարզապես բացասական դինամիկա է: Պատկերացնում ենք, թե Ֆեյք ՊՈԱԿ-ը ոնց է մեզ վրա տալու այս գրածի համար:
Երջանկության դինամիկան
Ուշագրավ մի դիտարկում մտքներովս անցավ. որ Լևոն Տեր-Պետրոսյանին 1990-ականներին մեղադրում էին պարտվողական քաղաքականության մեջ, ինչքան մեղադրում էին հողեր հանձնելու մեջ, այնքան նոր հողեր էինք վերցնում: Զարմանալի դինամիկա էր: Հիմա Ադրբեջանը ինչքան նոր տարածքներ է վերցնում, ինչքան առաջ է գալիս, այնքան Նիկոլ Փաշինյանը նոր թափով է խոսում խաղաղության անհրաժեշտության, դրան այլընտրանք չլինելու մասին: Ու ինչքան խոսում է խաղաղության մասին, այնքան նոր զոհեր ենք տալիս: Հեսա Ֆեյք ՊՈԱԿ-ը... լավ, առաջ չանցնենք:
Պատրաստ չէինք
Մինչ Տիգրան Ավինյանը կացինը վերցրած, մայրաքաղաքի կենտրոնում «էս ծառն իմն է, էս ծառն էլ է իմը» վանկարկելով ծառահունձ է անում, մինչ ՀՀ քաղաքացիները՝ աշխարհաքաղաքական նրբություններից անտեղյակ, «սամասուդ» են անում Հայաստանի տարածքում ֆրֆռացող ադրբեջանցի զինվորին, մի հատ թեմա էլ բացվեց, որը չպիտի բացվեր:
Նկատի ունենք ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցածը: Արարողության ժամանակ նախ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, ասաց. «Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը խորհրդանշում է, որ մեր երկիրը, պետությունը, ժողովուրդը պատրաստ է ոչ միայն առևերեսվել, ոչ միայն պահել, ոչ միայն հաղթահարել, այլև բարձրացնել ճակատագրի և պատմության կողմից մեր առջև դրված ծանրությունները»:
Այ, ընկեր, դուք ի՞նչ ծանրություն բարձրացնող, եթե չեք կարողանում նույնիսկ ձեր Հանրային հեռուստաընկերության աշխատողին վերահսկել: Բռնում, Ադրբեջանի դրոշն է վառում: Ամբողջ աշխարհի աչքի առջև: Մի տարի է, խոսում էին այս մրցաշարից, թե ամենաբարձր մակարդակով է անցկացվելու, ադրբեջանական պատվիրակությանը անվտանգության հարյուր ու մի երաշխիք էին տվել, աչքներս էին կոխում այդ փաստը, ու ավարտվեց այսպիսի աննախադեպ սկանդալով: Ադրբեջանական պատվիրակությունն անմիջապես դադարեցրեց մասնակցությունը մրցաշարին, հայտարարեց, թե էս ի՞նչ է, ձեր կողմից պաշտոնապես հավատարմագրված անձը մեր դրոշն է այրում, և հեռացավ Հայաստանից:
Հիմա ազգի կեսը հերոսացնում է այդ անձնավորությանը, կեսն էլ՝ անարգանքի սյունին գամում: Իհարկե, պարզ է, որ նման բան չպետք է աներ, այդտեղ խոսք չկա, բայց ավելի մեծ հարված է մեր երկրի հեղինակությանը, որ չեն կարողացել կանխել նրա արարքը: Ոստիկանություն, անվտանգության ծառայություն, բան, ո՞ւր էին, չկան, երևի զբաղված էին ինչ-որ զոնտիկով կնոջ հարցերը լուծելով:
Աշխարհով մեկ խայտառակ եղանք: Ու մրցաշարի փակման արարողության ժամանակ Փաշինյանն արդեն այլ ելույթ պիտի ունենա. «Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը խորհրդանշում է, որ մեր երկիրը, պետությունը, ժողովուրդը պատրաստ ՉԷ ոչ միայն առևերեսվել, ոչ միայն պահել, ոչ միայն հաղթահարել, այլև բարձրացնել ճակատագրի և պատմության կողմից մեր առջև դրված ծանրությունները»: