...

Ասեն, կլիզեք

Ասեն, կլիզեք

Լռության դարաշրջանը

Ուրեմն, էս Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշա... չէ, վայ, լռության օր է, սուս ենք մնում, սուս ենք մնում: Զահլա չկա, պատժամիջոցների տակ ընկնենք:

Չնայած, մի րոպե, մենք քարոզչություն չենք պատրաստվում անել, ոչ մեկի օգտին կամ ընդդեմ քվեարկելու կոչեր չենք անում, ընդամենը մի երկու դիտարկում: 

Առաջին. քարոզարշավի ավարտից առաջ ընդդիմադիր-իշխանամետ ուժեր հարաբերակցությունը զարմանալի վիճակագրություն ստացավ. ընդդիմադիր ուժերից շատերը հայտարարեցին, որ ընտրություններին մասնակցող 14 ուժերից առնվազն 10-ը ՔՊ-ին են սպասարկում, նրանց ետևում Ավինյանի ականջներն են, տեղ-տեղ էլ Փաշինյանի ականջները:

Իշխանության և նրան հարող ուժերը հայտարարեցին, որ էդ 14 ուժերից առնվազն 10-ը քոչարյանական, միշիկա-ռուսուլմանական ուժեր են:  Եթե հավատանք, որ բոլորը ճիշտ են ասում, ստացվում է, որ ընտրություններին մասնակցող 6 ուժ, դաշինք, կուսակցություն և՛ իշխանության խաղն են տանում, և՛ ընդդիմության: Էն «Գելափը» սուտի թվեր կրակելու փոխարեն թող այ էս վիճակագրությամբ զբաղվեր:

Շատ կոնկրետ անուններ էլ էին տալիս, որպես սրա-նրա հաճախորդ: Ռեկորդակիրը, իհարկե, Դանիել Իոաննիսյանն է: Ընդդիմադիրներն արդեն քանի տարի է նրան համարում են իշխանության սազանդար, սորոսական, ագենտ-մագենտ, բայց երեկվանից ինքն այլևս «Ռոբերտ Քոչարյանի հավատարիմ ծառա Լարիսա Ալավերդյանի նախկին օգնական» ճանաչվեց: Մեջբերումն ուղիղ է, իշխանության համակիրներից մեկին են պատկանում խոսքերը: Ինչ է, թե երեկվա ավինյանական երթի մասնակիցների թիվը քիչ է գրել: Մինչև այդ ընդդիմադիրներն էին մեղադրում, որ իրենց «հարյուր հազարի հասնող» հանրահավաքների թվերը փոքրացնում, դարձնում էր մի քանի հազար: 

Այստեղից եզրակացություն. պո-լյուբոմու Իոաննիսյանը թվեր փոքրացնող է: 

Բոբոների թարմացում

Հետաքրքիրն այն է, որ Լարիսա Ալավերդյանն է շատ անսպասելի իշխանության սիրելի բոբոների ցանկում հայտնվել Քոչարյանի կողքին: Եթե ինչ-որ մեկին ուզում են վարկաբեկել, ասում են՝ քոչարյանական է: Հիմա նաև հաճախ ասում են՝ լարիսաալավերդյանական է: Բացի Դանիելից, լարիսաալավերդյանական է համարվել նաև Լարիսա Ալավերդյանի աղջիկը, որն ընդգրկված է Հայկ Մարությանի առաջնորդած ուժի ցուցակում: Իսկ ցանկացած լարիսաալավերդյանական ավտոմատ դառնում է քոչարյանական: 

Այսքանով ավարտեցինք դավադրությունների, գործակալ-հաճախորդների բացահայտումը: 

Պրծում չկա սրանցից

Էս երկու օրը, որ վարչապետին մի քիչ շատ քննադատեցին, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը չդիմացավ, տարավ-բերեց ու խորհրդարանում հայտարարեց. «Միշտ հիշեք, որ մենք այն խմբակցությունն ենք, որն իր քաղաքական կյանքը սկսել է Նիկոլ Փաշինյանի հետ և ավարտելու է Նիկոլ Փաշինյանի հետ»:

Տպավորիչ է: Համարյա ոսկե խոսքեր են: Ինչի համարյա, որովհետև կյանքը ցույց է տալիս, որ երբ որևէ մեկի քաղաքական կարիերան ավարտվում է, նրան տարիներով սեր խոստովանածների, հավատարմության երդում տվածների կարիերան չի ավարտվում, այլ շարունակվում է նոր առաջնորդին հավատարմության երդում տալով: 

Բայց մենք ուրախ կլինենք, եթե Լուսինե Բադալյանի ասածով լինի: Դա ավելի գերադասելի է, քան այն, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը սկսել է Հայաստանի ու Արցախի հետ, և կարող նրանց հետ էլ միասին ավարտել: Արցախը որ հաստատ: Մինչ Փաշինյանը Երևանում ինչ-ոչ ասֆալտ լիզելու թեմայի մեջ է խորացել, Արցախում արդեն բանակի ռազմական տեխնիկան ռուսներին հանձնելու գործընթաց է սկսվել: Կարճ ասած, Արցախի բանակը լուծարում են: Ու սա անում են նրանք, ովքեր Արայիկ Հարությունյանին օրումեջ դավաճանության մեջ էին մեղադրում: Հրաժարականը պարտադրեցին, նա գնաց, թե չէ, միանգամից էդ նույն «հերոսները» սկսեցին անել այն, ինչում մեղադրում էին Արցախի նախկին նախագահին: Ծանոթ պատմություն է, չէ՞, երբ ղարաբաղյան պատերազմում հաղթածին դավաճան համարեցին, մեղադրեցին Ղարաբաղը ծախելու մեջ, հետո գալով իշխանության՝ արեցին այն, ինչի համար մեղադրում էին պատերազմում հաղթածին: Դուք ասֆալտ էլ կլիզեք, բա ի՞նչ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   548 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ