...

Աշնանային մանդատաթափ

Աշնանային մանդատաթափ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Իր ֆեյսբուքյան էջում այս առթիվ նա գրել է. «Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել դադարեցնել ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովում պատգամավորի լիազորություններս: Լիովին գիտակցելով, որ մանդատ ստանձնելիս կառավարող ուժի և քաղաքացիների կողմից տրվել էր հսկայական պատասխանատվություն և վստահություն, որը պետք է նպատակակետին հասցնեի, սակայն հստակեցնեմ` պատգամավորի մանդատը դիտարկել եմ որպես միջոց` խնդիրների լուծման և մեր հռչակած բարեփոխումների մեծածավալ աշխատանքն իրականացնելու համար, և այս առումով արդյունավետությունը կարևորագույնն է, այլապես մանդատն ու կարգավիճակը կդառնան ինքնանպատակ, որն ինձ համար անընդունելի է»:

Արդեն մի քանի օր է, ինչ խոսվում էր այն մասին, որ Գայանե Աբրահամյանը մանդատը վայր է դնելու: Պատճառներից մեկը ՍԴ դատավորի թեկնածուների առաջադրումն էր կառավարության կողմից, ինչը քաղհասարակության գրեթե բոլոր շերտերի կողմից խիստ քննադատության արժանացավ: Այս թեմային մենք բազմիցս ենք անդրադարձել, իմաստ չունի նորից խոսել, պարզապես նշենք, որ Հրայր Թովմասյանն այնքան էլ տուպոյ չէր, կարելի էր հետը լեզու գտնել, թողնել, որ աշխատի՝ առանց «Խունդկարյան Forever» օպերացիայի:

Բայց միայն Գայանե Աբրահամյանի թեման չի: Երեկ Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնից ազատել է Գրիշա Թամրազյանին: Բայց ամենաարտառոցը Նիկոլ Փաշինյանի այն որոշումն է, որով վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի անունը հանվել է սեպտեմբերի 18-ի որոշմամբ պարգևներ ստացածների ցանկից։

Ի՞նչ է այս ամենը նշանակում: Որ գնալով իշխանությունների վարած քաղաքականությունից դժգոհողների թիվը հենց իրենց ներսում է ավելանում: Ու այս ամենի հետ Քոչարյան-մոչարյան կապ չունեն: Սա ամբողջությամբ իշխանությունների խնդիրն է: Վերջին շրջանում իշխանությունների անբացատրելի քայլերի շարանը մարդկանց մոտ բազմաթիվ հարցեր է առաջացրել: Եվ շատերը՝ չստանալով այդ հարցերի պատասխանը, համարում են, որ այլևս իմաստ չունի աշխատել իշխանությունների հետ: Մենք գիտեինք, որ Գրիշա Թամրազյանը դժգոհ է Արայիկ Հարությունյանի գործունեությունից, գիտեինք, որ Գայանե Աբրահամյանը դժգոհ է, թե ինչպես և ովքեր ընտրվեցին ՍԴ դատավորներ, ընդ որում, դեռ Արսեն Ջուլֆալակյանին չենք հաշվում: Նա էլ իր մանդատը դրեց՝ նույնպես դժգոհելով Արայիկ Հարությունյանից: 

Շատերը համարում էին, որ Արսեն Ջուլֆալակյանը սպորտից այն կողմ բան չի հասկանում, ի՞նչ գործ ուներ խորհրդարանում: Նախ՝ իշխանություններն էին նրան «Իմ քայլի» ցուցակում ընդգրկել, երկրորդ, նա միայն սպորտսմեն չէ: 

Ճանաչված լրագրող Գոհար Հայրապետյանն այս առթիվ գրել է. «Գայանե Աբրահամյանի մանդատը վայր դնելուց հետո վախենամ սկսվի «աշնանային մանդատաթափ»։ Շատերը կուզեն վայր դնել: Իսկ ինչ վերաբերում է Արսեն Ջուլֆալակյանին, ասեմ, որ իրեն շատ վաղուց եմ ճանաչում, երբ եկավ «Ապոլիտիկա» հաղորդման հյուր և կոտրեց իմ այն կարծրատիպը, որ սպորտսմենը չի կարող է լինել նաև ինտելեկտուալ ու չափազանց կարդացած։

Երբ երկու տարի առաջ Արսենը եկավ հաղորդման հյուր իր հետ սպորտի ոլորտի բարեփոխումների առաջարկությունների մի երկար ցուցակ էր բերել, ոգևորված էր, աչքերը փայլում էին։ Երկու տարի անց ոչինչ չարվեց, ու եթե դու զգում ես, որ քո առաջարկությունները ոչ մեկի պետք չեն, թողնում հեռանում ես, որովհետև դու աշխարհի չեմպիոն ես, ոչ թե «կնոպկա սեղմող»։

Իշխող թիմ, հուսամ՝ արդեն հասկացել եք, որ խնդիր ունեք ներքին ժողովրդավարության հետ, եթե մարդիկ չեն կարողանում խոսել, ասել ներսում ինչ մտածում են, ստիպված իբրև վերջին միջոց մանդատը դնում հեռանում են»:

Ինչպես ասում են, մեկնաբանություններն այստեղ ավելորդ են: Գոհարը ոնց որ պետք է, ասել է: Բայց մի քիչ հոռետես ենք, ինչ որ չենք հավատում, որ իշխանությունները հասկացել են, թե ինչ խնդիրների առջև են կանգնած: Ու հույս էլ չունենք, որ հետևություններ են անում, որ իրենց թիմակիցները, հուսախաբ եղած, լքում են իշխանական նավը:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ