...

Պատերա՞զմն էր քո հեղափոխության գինը

Պատերա՞զմն էր քո հեղափոխության գինը

Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է արցախյան պատերազմի անխուսափելիության թեմային: Նա մասնավորապես գրել է.

«Անընդհատ շրջանառության մեջ է դրվում այն միտքը, թե ճկուն քաղաքականության պարագայում կարող էինք խուսափել պատերազմից։ 

Այս թեզը շրջանառողները պետք է առնվազն պատասխանեն մի հարցի․ իրենց վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում ինչո՞ւ հնարավոր չեղավ խուսափել 2016 թվականի պատերազմից, որին նախորդել էր 2015, 2014 թվականների աննախադեպ էսկալացիան։ 

Երկար տարիներ Հայաստանի վարած «ճկուն» քաղաքականությունը բերեց նրան, որ 2016 թվականի հունվարին շրջանառության մեջ դրվեցին ռուսական առաջարկները, որոնք ենթադրում էին 7 տարածքների (5+2) վերադարձ առանց ԼՂ կարգավիճակի որևէ ճշգրտման»:

Ասենք ձեզ, որ Հայաստանն ու Արցախը բացառիկ վիճակում են հայտնվել: Արևելքից Ադրբեջանն է մեզ բզկտում, արևմուտքից՝ Թուրքիան, հարավից՝ ընդդիմությունը, հյուսիսից էլ՝ իշխանությունը: 

Լսել Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներն ու կարդալ գրառումները՝ առանձին փորձություն են: Ու ցավն այն է, որ դե յուրե ինքն է պետության ղեկավարը: 2,5 տարի միանձնյա ղեկավար է եղել, բացարձակ իշխանություն է ունեցել, գործադիր և օրենսդիր մարմինները ամբողջությամբ իր ձեռքում են կենտրոնացված եղել, հանրային աջակցության ահռելի ռեսուրս է ունեցել, արտաքին և ներքին քաղաքականության գրեթե անվերահսկելի հնարավորություններ է ունեցել: 

Ու այսքանից հետո, պատերազմում տանուլ տալուց հետո պատասխանատվությունը գցում է նրանց վրա, ովքեր իր վարած արտաքին և ներքին քաղաքականության վրա ազդելու որևէ հնարավորություն չեն ունեցել: 

Քոչարյանը վատ մարդ է: Հասկացանք: Սերժն էլ է վատը: Ընդունեցինք: Լևոնն էլ մի բարի պտուղ չի: Մարսեցինք: Բայց 2,5 տարի այդ մարդիկ որևէ կապ չեն ունեցել իշխանության հետ, պետության ղեկավարը դու ես եղել, ինչո՞ւ չես շտկել նախկինների սխալները: 

Նիկոլ Փաշինյանն էր 2017-ին Խորենացի փողոցում Տեր-Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին մեղադրում Լավրովի պլանը ընդունելու մեջ՝ դա համարելով դավաճանություն: Այսինքն, լավ էլ գիտեր, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ինչ լուծում է առաջարկվում: Եթե այդ լուծումը նա համարում էր դավաճանություն, նշանակում է՝ ինքն ավելի լավ լուծում գիտեր: Ու ո՞րն էր այդ լուծումը: Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիա՞ն, Շուշիի ու Հադրութի շրջանի կորո՞ւստը, դեռ չհաշված մնացած շրջանները: Ավելի քան 5000 զոհը, ջախջախված բանակը: Եթե Լավրովի պլանը դավաճանություն էր, բա սա՞ ինչ էր: 

Այսինքն, այս գրառմամբ Փաշինյանը խոստովանում է, որ ի սկզբանե ընտրության առջև է եղել. կամ ընդունել Լավրովի պլանը, կամ էլ գնալ պատերազմի: Շատ լավ հասկացել է, որ կարգավորման որևէ պլան չընդունելու, բանակցություններից դուրս գալու գինը լինելու է պատերազմը: Ընդ որում՝ նաև իմացել է, որ այդ պատերազմում պարտվելու ենք, ինչի մասին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն իրեն զեկուցագիր է գրել, զգուշացրել, որ ունեցած ռեսուրսներով Հայաստանն ի վիճակի չի լինել դիմագրավել Ադրբեջանի լայնածավալ հարձակմանը, կոչ է արել պատերազմը կանխելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել: 

Ոչ մի բան չի արել ու այսօր եկել է, թե բա նախկիններն են մեղավոր: Սա... չգիտենք էլ, թե սրան ինչ անուն տանք: Պարզապես լացելու բան է: Աղետ:

Մի ուրիշ բան ասենք: Դե, եթե Փաշինյանը գիտեր, որ Լավրովի պլանը, այդ 5+2 բանաձևով կարգավորման ծրագիրը չընդունելու այլընտրանքը պատերազմն է լինելու, որովհետև ինքը կարգավորման սեփական մոտեցումներ ու պատկերացումներ չուներ, էլ ինչո՞ւ էր 2018-ին հեղափոխություն անում, իշխանություն վերցնում: Սպասեիր, Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցը լուծեր: Հնարավոր է, ցավալի լուծում լիներ, զիջումներ էին լինելու, տարածքներ էինք հանձնելու, բայց դա լուծում էր լինելու, դա կանխելու էր պատերազմը: Այսինքն, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը վիժեցրել է խաղաղություն հաստատելու գործընթացը՝ պատերազմ ստանալու նպատակով: 
Իմիջիայլոց, առ այսօր Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի մեկնաբանել Օնիկ Գասպարյանի զեկուցագիրն ու զգուշացումները: 

Հ.Գ. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն այս առթիվ մի հետաքրքիր բան է գրել.

«Պարզ ճշմարտություն. ստելու վատ կողմերից մեկն այն է, որ երբ շատ հաճախ ես նույն սուտը կրկնում, սկսում ես ինքդ հավատալ դրա ճշմարտացիությանը։

Դրանից հետո ակնհայտ է, որ այլևս չես փորձելու լուծել խնդիրը, քանի որ ինքդ արդեն հավատում ես, որ նման խնդիր չկա/չի եղել (ստեղծածդ ստին ես հավատում…)։

Վարչապետի այսօրվա գրառումը դրա վառ օրինակն է։ Առավել, քան վստահ եմ, որ գիտակցաբար է արվում, մտածված նոր թեզ է (սուտ) առաջ քաշվում»:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ