...

Պատերազմի ամենակարևոր հարցը բարձրաձայնվեց

Պատերազմի ամենակարևոր հարցը բարձրաձայնվեց

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն է արել, որտեղ որոշ մանրամասներ է հայտնել արցախյան պատերազմի զարգացումների մասին:

2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի, նրա դաշնակից Թուրքիայի և ներգրավված վարձկան-ահաբեկիչների կողմից սանձազերծած պատերազմը հայկական զինված ուժերն ընդունեցին պատվախնդրորեն ու պատերազմի առաջին իսկ վայրկյաններից կատարեցին իրենցից կախված հնարավոր ու անհնարին ամեն ինչ։ Հայ զինվորն անձնվիրաբար մարտնչեց, կենաց մահու կռիվ տվեց։

Որոշ գործիչների կողմից մեղադրանքներ են հնչում, որ զինված ուժերի ղեկավարությունը պետության ղեկավարին ոչ իրատեսական վերլուծություն է ներկայացրել հակառակորդի գործողությունների հավանական բնույթի և նրա զինված ուժերի կարողությունների վերաբերյալ։ Դա իրականությանը չի համապատասխանում։

Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց նաև՝ անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները:

Կատարված վերլուծության հիման վրա ներկայացրել եմ առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես նշել եմ, որ.

1. Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:

2. Տրված առաջարկը անվտանգության խորհրդի և վարչապետի կողմից ընդունվեց, սակայն հարցադրում արվեց` «Իսկ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ինչ պետք է անենք»: Ես պատասխանեցի, որ մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից: Նշել եմ, որ երկարատև պատերազմից պետք է խուսափենք` հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը: Քննարկվել և հավանության են արժանացել բազմաթիվ առաջարկներ, որոնց իրագործումը պետք է զգալիորեն բարձրացներ մեր մարտական ներուժը. դա վերաբերում էր և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին, և մարտական գործողությունների համակողմանի ապահովմանը:

3. Այդ ժամանակ բարձրացվեց նաև հարյուր հազար կազմ ունեցող աշխարհազորային միավորումների կազմավորման հարցը:

Ինչևէ, պատերազմից մենք չկարողացանք խուսափել և սեպտեմբերի 27-ին թշնամին բազմակի անգամ գերազանցող ուժերով անցավ լայնածավալ հարձակման` Արցախի ողջ ճակատով: Պաշտպանության բանակը հաջողությամբ հետ էր մղում նրա բոլոր գրոհները` հասցնելով մեծ կորուստներ, ոչնչացնելով մեծաքանակ կենդանի ուժ և զինտեխնիկա: Ցավոք նաև մեր զորքերն էին կրում ծանր կորուստներ:

Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:

Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև անվտանգության խորհրդի նիստերում:

Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են և մենք պարտադրված շարունակել ենք մարտական գործողությունները` փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ:

Բոլորիս համար, շատ ծանր պայմաններով համաձայնագիրը, ընդունվել է իրոք իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև: Նախընտրել ենք շատ վատը:

Այդ օրը իմ կյանքի վատագույն օրն էր, ինձ համար անձնական ողբերգություն…

Բայց գիտակցումը, որ այդ որոշման արդյունքում հաջողվեց պահպանել Արցախի մեծ մասը և պաշտպանության բանակի հիմնական ռազմական ներուժը, ասում է, որ մենք ընկճվելու իրավունք չունենք. պետք է համախմբվել, արագ վերականգնվել և պատրաստվել պայքարը շարունակելուն:

Որպես զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և անմիջական հրամանատար, ես պատասխանատվություն եմ կրում զինված ուժերի բոլոր հաջողությունների ու անհաջողությունների համար:

«ՉԻ». Օնիկ Գասպարյանի ազնվությանը և անկեղծությանը չհավատալու որևէ հիմք չունենք: Եվ այժմ նա բարձրաձայնեց պատերազմի կարևորագույն հարցը. ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվել պատերազմը դադարեցնելու և ընդունելու ռուսական կողմի առաջարկները, որոնք շատ ավելի նպաստավոր էին, քան ստացանք պատերազմի ավարտից հետո, եթե գլխավոր շտաբը արդեն չորրորդ օրը հայտնել է, որ գնալով վիճակը ավելի վատ է լինելու: 

Սա կարևոր հարց է: Եթե գենշտաբը նման զեկույց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, ապա պատերազմը շարունակելու ու «Հաղթելու ենք» կարգախոսով ահռելի զոհեր, տարածքային կորուստներ տալու, վերջում էլ կապիտուլյացիոն ակտ ստորագրելու իմաստը ո՞րն է եղել: Կա՞ արդյոք սրան բանական բացատրություն: 

Սերժ Սարգսյանի 800 հեկտարը պետք է թարգել ու սրանով զբաղվել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1778 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ