Վահե Ղազարյան. Կենդանակերպի նշանը՝ Կովիդ-2020:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը առատ կլինի ագրեսիվ իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ այսուհետ ոստիկանները զինված են լինելու միայն թավշյա դուբինկաներով:
Երեքշաբթի օրը ոստիկանական փայլուն օպերացիայի արդյունքում կվնասազերծվի Մարգուշ ծյոծյան՝ դիմակը թարս հագնելու համար: Երեկոյան կպարգևատրվեք «Արիության համար» շքանշանով:
Չորեքշաբթի օրը Ադրբեջանը կհայտարարի, որ վաղ առավոտյան ճնշելով հակառակորդի կրակակետերը, գրավել է Սևանա լիճը: Պաշտոնապես կհերքեք՝ հպարտությամբ նշելով, որ ընդամենը ծովագյուղցիներն են ձուկ բռնելու գնացել:
Հինգշաբթի օրը կպահանջեք, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը վերափոխվի տրավմատոլոգիայի հիվանդանոցի՝ ծեծ ու ջարդ կերած ոստիկաններին տեղավորելու համար:
Ուրբաթ օրը կգնաք Իջևան՝ ապօրինի ծառահատումների հարցով տեղաբնակներին հանդիպելու. երեկոյան ձեզ մի կերպ կտեղավորեն Նորքի տրավմատոլոգիայի հիվանդանոցում:
Շաբաթ և կիրակի մնացեք տանը, հեռախոսն էլ տվեք վարորդին: Եվ հիշեք, աստղերը հուշում են, բայց դուխ չեն տալիս: