...

Ավինյանով մուռ ե՞ս հանում

Ավինյանով մուռ ե՞ս հանում

Անցյալդ մոռացել ես

Շաբաթն ամփոփենք անձրևի և հիշեցման ներքո: Ուրեմն մի 10 տարի առաջ, իսկ ավելի կոնկրետ՝ 2011-ին, մեր ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի լրատվամիջոց «Հայկական ժամանակ» օրաթերթի գույքի և հաշիվների վրա ԴԱՀԿ-ն կալանք դրեց: Պատճառն այն էր, որ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբեն), Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով) և Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ), դատի էին տվել ՀԺ-ին, և դատարանը թերթին պարտավորեցրել էր այդ պատգամավորների մասին «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածի հերքում հրապարակել և ամեն մեկին վճարել 2 միլիոն 44 հազար դրամ:

Առաջին անգամ չէր, որ ՀԺ-ին դատի էին տալիս, առաջին անգամ չէր, որ ԴԱՀԿ-ն կալանք էր դնում նրանց գույքի ու հաշիվների վրա: Հիմա բացեք, քրքրեք, նայեք, թե ի պաշտպանություն ՀԺ-ի՝ լրատվամիջոցները, լրագրողական կազմակերպություններն ինչ հայտարարություններ են արել, բողոքել, զորակցություն հայտնել: Բայց ամենակարևորը, թերթի բնականոն աշխատանքը չխաթարելու համար հանգանակություն կազմակերպվեց, ամեն մեկը, այդ թվում՝ մենք, ինչ-որ գումար տվեցինք, այդ 6 միլիոն դրամը հավաքվեց, վճարեցին, թերթը շարունակեց հրատարակվել:

Թանկարժեք տղան

Բայց էն վաղ էր, որ էշը կաղ էր: Հիմա ՀԺ-ի նախկին խմբագիրը երկիր է ղեկավարում, ու լրատվամիջոցներին լռեցնելու գործում տվել անցել է նրանց, ովքեր ժամանակին իրեն էին լռեցնում: Մենակ չասեք, որ Տիգրան Ավինյանը ինքնագլուխ է գործում: Առանց Նիկոլ Փաշինյանի քավորության նա չէր համարձակվի 18 միլիոն դրամի հայց ներկայացնել «168 ժամի» և լրագրող Դավիթ Սարգսյանի դեմ: 

ՀԺ-ի դեպքում գույքի ու հաշիվների վրա կալանք է դրվել պատգամավորների հայցը դատարան մտնելուց և դատարանի վճիռը հրապարակվելուց հետո, իսկ սրանք հայցը դեռ դատարան չմտած, դեռ նիստ չեղած, վճիռ չեղած արդեն կալանք են դրել լրատվամիջոցի ու լրագրողի գույքի, հաշիվների վրա: Մի հատ Նիկոլ Փաշինյանին հարցրեք՝ քանի՞ անգամ են ձեզ հետ այդպես վարվել, ձեր լրագրողներից որի՞ գույքն ու հաշիվներն են կալանքի տակ դրված եղել:

Կամ էդ ո՞նց է լինում, որ երեք պատգամավորով 6 միլիոն դրամի հայց են ներկայացնում, իսկ ձեր Ավինյանը՝ 18 միլիոն դրամի: Իբր Ավինյանի պատիվն ու արժանապատվությունը երեք անգամ ավելի թանկ ե՞ն, քան երեք պատգամավորներինը՝ միասին վերցրած: Հաստա՞տ: 

Հիմա այս ամենը որ իրար կողքի ենք դնում, համադրում, համեմատում, կարող ենք, չէ՞, ասել, որ Ավինյանի միջոցով կոնկրետ լրատվամիջոց փակելու գործընթաց է սկսվել, որ սա լրագրողի դեմ բացահայտ հետապնդում է: Էս ի՞նչ ես անում, Նիկոլ Փաշինյան: Մուռ ե՞ս հանում: Էս ուրանում ես այն աջակցությունը, զորակցությունը, որ ժամանակին քեզ ու լրատվամիջոցին է ցուցաբերվել: Եթե դու կապ չունես «168 ժամի» ու Դավիթի դեմ այս արշավի հետ, զանգիր Ավինյանին, ասա, որ հայցի այդ 18 միլիոն դրամի կապիկությունը ետ վերցնի, հերքման պահանջ ներկայացնի, ու լրատվամիջոցի, լրագրողի գույքի ու հաշիվների վրա կալանքի համար սպասի դատարանի վճռին: Այ, էդ ժամանակ կարող է հավատանք, որ վարչապետի հրահանգով չի Ավինյանը նման հայց ներկայացրել: 

Նա արդեն իրեն է նման

Թե չէ ինչո՞վ ես տարբերվում Քոչարյանից: Քանի գնում, ավելի շատ ես նրան նմանվում: Չնայած, Քոչարյանի օրոք նման բան չի եղել: Լրատվամիջոց փակել են, կասեցրել են, ծեծել են լրագրողներին, խմբագրություններ են ջարդել, փշրել, բայց սենց բազմամիլիոնանոց հայցերով չեն լռեցրել: Սերժ Սարգսյանի մասին ավելորդ է խոսել. վերջինիս օրոք ոչ մի լրատվամիջոց նման ճնշումների չի ենթարկվել: 

Բրյուսել է գնում: Հետը լրագրողներ են լինելու: Մեկնումեկդ հարցրեք. որ ձեզ հետ վարվեին այնպես, ինչպես դուք եք հիմա վարվում լրատվամիջոցի հետ, ի՞նչ կանեիք: Դժվար թե պատասխանի: Ասելիք չունի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1201 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ