...

Ախմախներն ու չախմախները

Ախմախներն ու չախմախները

Ի հիշատակ թարգմանիչ, գրող, հրապարակախոս Սամվել Մկրտչյանի, ներկայացնում ենք «Չորրորդ իշխանություն» թերթում 2002 թվականին նրա վարած խորագրերից մի հոդված։

Երբ նավաստիները թքած ունեն, թե նավը սուզվում է

- Երբ մենք փոքր էինք,- շարունակեց Կեղծ Կրիան, որն այժմ քիչ թե շատ հանգստացել էր, չնայած երբեմն հեծկլտում էր,- ծովային դպրոց էինք գնում: Մեր ուսուցիչը ծեր Կրիա էր: Մենք նրան Չախմախ էինք անվանում: 
- Ինչո՞ւ էիք Չախմախ անվանում,- հարցրեց Ալիսը: 
- Շատ պարզ. որովհետև նա ախմախ չէր...

Լուիս Քերոլ,
«Ալիսը հրաշքների աշխարհում»

Առնետարշավում նույնիսկ հաղթողը մնում է առնետ:
Լիլի Քեդվին 

1. ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ ՆԱԽԱԳԻԾ 

Հայտնի «պոստուլատն» ասում է, որ բոլոր պարզագույն դեպքերում, երբ առկա են պարզ տեսանելի մի բացահայտ ճիշտ տարբերակ և մի բացահայտ սխալ տարբերակ, անպայման ընտրում են վերջինը, որպեսզի հնարավորինս շուտ անցնեն անխուսափելի ուղղումներին: Մեր հասարակությունում իշխանավորները, որոնք մի քանի անգամ պատեհ-անպատեհ լսել են Մաքիավելիի անունն ու կարդացել Քաջ Նազարը, վերոնշյալ ախմախությունը հնարավորինս շուտ են փորձում կատարելագործել ու կյանքի կոչել. առջևում ընտրություններ են: ԶԼ մասին օրենքի նախագիծը, բնականաբար, պիտի որակվեր որպես վերադարձ դեպի գրաքննություն, իբր՝ մամուլի և խոսքի ազատությունը վտանգված է: Մամուլի և խոսքի ազատությունը միշտ էլ վտանգված է, այլապես այդ հասկացությունները չէին լինի, ինչպես, ասենք, չէր լինի Պարույր Հայրիկյանը, եթե չլիներ սովետական բանտը (կամ հակառակը): Այս նախագիծը գրված է հենց նրա համար, որ բոլորս խոսենք գրաքննության մասին ու վախենանք նրանից, կարծես թե ազատվել ենք ներքին ոստիկանից: Մինչդեռ այս ախմախությունը իրավաբանական հիմք է տալիս անհնազանդ լրագրողներին սպանելու, խեղելու կամ գոնե վախեցնելու համար, ինչպես ստախանովական եռանդով կանեին, ասենք, Հովհաննես Երիցյանն ու Հրանտ Վարդանյանը

Մեզ թույն են մատուցում՝ արդարադատության նախարարի պիոներական ժպիտով, իսկ դու ասում ես՝ բաժակը կեղտոտ է: Բաժակն էնպես կպլպլացնեն, որ ինքդ վրա կպրծնես: Զարմանալի չէ, որ նույնիսկ գրպանային ժուռնալիստներն են բաժակին դեմ: Բայց թույնին հո կողմ են: Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում նրանց թույն տվող չկա. բա ո՞վ պիտի լվա բաժակը: Իշխանամետ մամուլը հենց նրա համար է, որ Ազգային ժողովում սվաղի փամփուշտների հետքերն ու Պապլավոկի զուգարանը լվա: 

2. ՄՈՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 

Ահա այսպես,- սա արդեն ողբերգություն է,- կիսաբռնատիրական անդեմ-անսեռ-անհամ-անհոտ երկրում ընդդիմադիր մամուլը դառնում է միակ խանգարիչ ուժը: Բայց ղոչաղները Եվրախորհրդի հետ բոլոր հարցերը տնավարի կլուծեն, ինչպես որ բոլոր հարցերն առանց ջանք թափելու լուծել են տեղական արտադրության մոտավորականների հետ: Կլանն առայժմ վստահության նշաններ ցույց տալիս է՝ տեսնելով իր ճմռթված մոտավորականներին, որոնց ի՞նչ է պետք՝ մի քիչ փող, մի քիչ կեր, մի քիչ շքանշան, մի քիչ էլ հերթապահ թեմա՝ որոճալու համար: Ասենք՝ մահապատիժ, ազգի պատիվ, պրեզերվատիվ, Սիս ու Մասիս կամ, ասենք, ԱրմենՏել: Տեսա՞ք՝ մածունը կերան՝ գցեցին էն Յորղուլասի վրա, որպեսզի կիրառական ժուռնալիստիկայի օրիորդ պառավները հոնքերը կիտեն, թե՝ էս տղեն մեզ ձեռ է առնում: Բա ձեռ էլ չառնի՞: Կարելի էր, չէ՞, մտածել, որ կարագհացի՝ կարագով հատակին ընկնելու հավանականությունը ուղիղ համեմատական է գորգի գնին: Թե՞ հնարավոր բան է՝ ամեն օր սրտ- խառնուքով ապրել: Ասենք՝ սա պալատական գրաճանաչ խամաճիկներին չի վերաբերում: 

Մոռացանք. մոտավորականի մի տեսակ էլ կա, որին առանձնապես մեծ բան պետք չէ, միայն քծնելու բացառիկ հնարավորություն. Պետհամալսարանի պրոֆեսուրան ձեզ օրինակ: Ինչպես միշտ՝ մանր-մունր խաշակեր կաշառակերները թքած ունեն այն խորտակվող նավի վրա, որտեղ իրենք են գտնվում: 

3. ՄԻ ՔԻՉ ԷԼ 
(ԿԱՄ ՆՈՐԻՑ) ԴԵԳԵՆԵՐԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ 

Դեգեներատները սովորաբար լինում են երկու տեսակ՝ պատճառաբանված դեգեներատներ և չպատճառաբանված դեգեներատներ: Երբ մարդուն տանջում է թուրքական լոբու ուրվականը, և նա պարբերաբար խալու մեջ մորթազերձ արված քաղաքացիներ է տեսնում՝ դեպքը, ինչպես հասկանում եք, պատկանում է պատճառաբանված դեգեներատների կաստային: Երբ մարդը, հասուն տարիքի և լուրջ բեղամիրուքային համայնապատկերով, հայտարարում է, թե մենք մեր երեխաներից սվիններ պետք է սարքենք՝ դեպքը, բնականաբար, պատճառաբանված է: Իսկ երբ նույն այդ միրուքավորը նաև պետական բարձրաստիճան պաշտոնյա է, ու դեմքի շատ լուրջ արտահայտությամբ ասում է, թե Վրաստանի հետ մենք ունենք ճակատ, այսինքն՝ Վրաստանը մեզ նույնքան թշնամի է, որքան Ադրբեջանը, ապա սույն պետական սվինի կարգավիճակը այլևս միանգամայն պատճառաբանված է: 

Պատճառաբանված դեգեներատների կաստան մեզանում աննախադեպ աճ է ապրում, շատ ավելի, քան 9,6 տոկոսանոց տնտեսական աճը. երբ նախարարը, երիտասարդ և չկախակայված, հպարտանում է, թե մենք աշխարհում միակ ազգն ենք, որ ունի Վրեժ անուն, ապա չկախակայված սույն երիտասարդը միանգամայն պատճառաբանված դեպք է: Երբ Շարիկովից մշտապես ազդված երեսփոխանը հատուկ օրենք է գրում՝ Ինտերպոլով գտնել և կախել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն չընդունել, որ 15 թվին մեզ մի լավ ջարդել են՝ այս դեպքը ևս միանշանակ պատճառաբանված է: Երբ թանկանոց փողկապով պատգամավորը հայտարարում է, թե ինչքան շատ երթուղայինի գիծ ունենան պատգամավորները, այնքան մեր երկրի տնտեսությունն ավելի արագ կզարգանա՝ մի՞թե սա այն դեպքն է, երբ կարելի է կասկածել պատճառաբանված դեգեներատության սինդրոմի վրա: Երբ խիստ բարձրաստիճան, զտարյուն ղարաբաղսկի մուժիկը ուղիղ եթերից վրա է տալիս, թե իրեն գյուլլեն անգամ չի կպնի՝ սա, ինչպես հասկանում եք, տեղավորվում է պատճառաբանված դեգեներատների դարակում: Էլ չենք խոսում նրանց մասին, որոնց լեզվամտածողությունն ընդամենը կլիզման ու գարշոկն է: 

Պետք չէ թերագնահատել հայրենի բնաշխարհը. չպատճառաբանված դեգեներատների պակասություն բոլորովին չունենք. օրինակ, երբ խիստ հանրապետական և խիստ ֆալցետտո պատգամավորը, լինելով խորհրդարանական կառավարման մոլի կողմնակից, պաշտպանում է նախագահական կառավարումը, այստեղ որևէ պատճառաբանվածություն գտնել պարզապես հնարավոր չէ: Երբ գնացքից թռնելու վարպետը գիտի նաև գնացքից կառչելու բոլոր հնարքները, հայհոյում է նախագահին, բայց և պատրաստ է 2003-ին ևս պաշտպանել նրա թեկնածությունը... Արժե՞ շարունակել: Չպատճառաբանվածների շարքին են դասվում «Աստծո պահածները», «հաջողակ բիզնեսմենները», հայրենական ավիացիայի անխոնջ նվիրյալները... 

Սակայն թե՛ պատճառաբանված, թե՛ չպատճառաբանված դեգեներատների առաքելությունը մեկն է՝ աղանդավորների, արվամոլների և ամենաթողության միջոցով վերացնել Հայաստանի ազգային միատարրությունը, երկիրը դարձնել աշխարհաքաղաքական մի իջևանատուն-բարդակ: Զարմանալի չէ, որ գլխավոր հրամանատարը հերթական պատվերն է տվել՝ ճնշել պետական լեզուն: Խորտակվող նավում ախմախներն ու չախմախները նույն գործով են զբաղված: 

Հիմա պարզ է, չէ՞, թե ինչպես և ինչու են պետական կառավարման համակարգում հայտնվում դեգեներատները: 

Սամվել Մկրտչյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 345, մարտի 22, 2002 թ., ուրբաթ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1153 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ