...

Ազգային քուրջուազիայի գարշ հմայքը

Ազգային քուրջուազիայի գարշ հմայքը

ԵՆԹԱՏԵՔՍՏԵՐ

«Լենտենանտների ու դեգեներալների մենության չորս տարին» շարքից

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ԻՐ ՏԱԿԱՌԻԿԸ 

Վերջերս Ռ. Քոչարյանը առանց մկրատի այցելեց Կոնյակի գործարան։ Նրան մեծահոգաբար նվիրեցին կոնյակով լի մի մեծ տակառ, բայց Ռ. Քոչարյանը մեծահոգաբար հրաժարվեց ընդունել նվերը՝ պատճառաբանելով, որ լրատվամիջոցները կգրեն, որ Ռ. Քոչարյանը հարբեցող է։ Դժվար թե Ռ. Քոչարյանը նկատի ուներ այն 17 լրատվամիջոցներին, որոնք Աստծո ամեն օր խայտառակում են նրան, այլ նկատի ուներ ա՛յն լրատվամիջոցներին, որոնք փորձում են ներկայացնել, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում։ 

Լրատվամիջոցները շատ լավ գիտեն, որ Ռ. Քոչարյանը հարբեցող չէ, այլ, 1998 թ. արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ նա խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 50-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, համաձայն որոնց հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող և վերջին տասը տարում հանրապետությունում մշտապես բնակվող անձը։ Մինչդեռ Ռ. Քոչարյանը արտահերթ ընտրություններին նախորդող տասը տարիների ընթացքում չի հանդիսացել ՀՀ քաղաքացի և չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում։ 

Նա 1992-1997 թթ. մշտապես բնակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում, որտեղ 1992-1994 թթ. աշխատել է որպես ԼՂՀ Պաշտպանության կոմիտեի նախագահ և վարչապետ, 1994թ. ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ ընտրվել է ԼՂՀ նախագահ, ապա նա այդ պաշտոնում վերընտրվել է 1996թ. անցկացված ուղղակի ընտրություններում և պաշտոնավարել մինչև 1997թ., այսինքն՝ մինչև ՀՀ վարչապետ նշանակվելը և ՀՀ մշտական բնակության մեկնելը։ 

Լրատվամիջոցները շատ լավ գիտեն, որ Ռ. Քոչարյանը հարբեցող չէ, այլ 1996 թ. ԼՂՀ ընտրությունների ժամանակ «ԼՂՀ նախագահի ընտրությունների մասին» ԼՂՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջին համապատասխան ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տեղեկանք է ներկայացրել վերջին տասը տարում, այսինքն՝ 1986-1996թթ. ԼՂՀ քաղաքացի լինելու վերաբերյալ։ Դրանից ակնհայտ է այդ նույն ժամանակահատվածում նրա՝ ՀՀ քաղաքացի չլինելու և ՀՀ տարածքում մշտապես չբնակվելու հանգամանքը։ 

Լրատվամիջոցները շատ լավ գիտեն, որ Ռ. Քոչարյանը հարբեցող չէ, այլ, կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածում նկարագրված հանցագործությունը, կեղծ տեղեկանքներ է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին իր՝ 1988-1998 թթ. ՀՀ քաղաքացի լինելու և ՀՀ վերջին տասը տարում մշտապես բնակվելու մասին։ 

Լրատվամիջոցները շատ լավ գիտեն, որ Ռ. Քոչարյանը հարբեցող չէ, այլ նա այդ տեղեկանքները ներկայացրել է՝ լինելով ՀՀ վարչապետ և հանրապետության նախագահի պաշտոնակատար, դրանով իսկ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածով սահմանված հանցագործությունը։ 

Լրատվամիջոցները շատ լավ գիտեն, որ Ռ. Քոչարյանը հարբեցող չէ, այլ հիշյալ հանցագործությունները նրան հնարավորութուն են ընձեռել ապօրինի զավթելու իշխանությունը, այսինքն, նա կատարել է դավադրություն իշխանությունը զավթելու նպատակով, որը ՀՀ քրեական օրենսգրքի 50-րդ հոդվածը որակում է որպես հայրենիքի դավաճանություն, իսկ ՀՀ Սահմանադրությունը՝ պետական դավաճանություն։ ՀՀ քրեական օրենսգրքի 7.1 հոդվածի համաձայն այդ հանցագործությունը դասվում է ծանր հանցագործությունների թվին։ 

Լրատվամիջոցները շատ լավ գիտեն, որ Ռ. Քոչարյանը հարբեցող չէ, այլ նա 1998թ. դեկտեմբերին խախտել է ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, այն է՝ պատգամավորների ընդհանուր թվի մեկ-երրորդի նախաձեռնության առկայության պայմաններում չի գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան՝ կատարելով իշխանազանցություն։ 

Լրատվամիջոցները շատ լավ գիտեն, որ Ռ. Քոչարյանը հարբեցող չէ, այլ նա 1998թ. հոկտեմբերի 18-ի իր հրամանագրով խախտել է ՀՀ Սահմանադրության 105-րդ հոդվածի 2-րդ մասի և 110-րդ մասի հոդվածի պահանջները, հետաձգելով որոշ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները և կատարել է իշխանազանցություն, քանի որ ՀՀ Սահմանադրությունը հանրապետության նախագահին նման լիազորություն չի վերապահում։ 

Լրատվամիջոցները շատ լավ գիտեն, որ Ռ. Քոչարյանը հարբեցող չէ, այլ նա իր՝ 2000թ. ապրիլի 25-ի կարգադրությամբ, արգելելով հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությունը վարող դատախազին մասնակցելու ԱԺ լսումներին, խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի պահանջները, քանի որ ՀՀ Սահմանադրությունը և օրենքները նախագահին նման լիազորություն չեն վերապահում։ 

Լրատվամիջոցները շատ լավ գիտեն, որ Ռ. Քոչարյանը հարբեցող չէ, այլ նա իր՝ 2000թ. մայիսի 2-ի ՆՀ-561/1 հրամանագրով, խախտելով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի և 55-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները, առանց վարչապետի առաջարկության, աշխատանքից ազատել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ ևս մեկ անգամ կատարելով իշխանազանցություն։ 

Լրատվամիջոցները շատ լավ գիտեն, որ Ռ. Քոչարյանը հարբեցող չէ, այլ իր՝ 2002թ. մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի 4-րդ մասի «զ» 2-րդ մասով, խախտելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերի և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, իրեն վերագրել է մի նոր՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով չնախատեսված լիազորություն, այն է՝ «Պաշտպանության, ազգային անվտանգության նախարարների տեղակալներին և ներքին զորքերի հրամանատարին նշանակում է և պաշտոնից ազատում է ՀՀ նախագահը։ Արտաքին գործերի և ներքին գործերի նախարարների տեղակալներին նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ»։ 

Այսպիսով՝ Ռ. Քոչարյանը հարբեցող չէ։ Ծխող էլ չէ։ Պարզապես նրան միշտ թվում է, թե մարդիկ նրան վերագրում են բաներ, որոնք նա չի արել ու չի անում, և չեն նշում բաներ, որոնք նա անում և անելու է։ Մկրատ բռնելը չհաշված։ Օստապ Բենդերը գոնե հարգում էր օրենսգիրքը։ 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԸՆՏՐԱՆԻՆ՝ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ 

Ինչպիսի՜ ցավ։ Մեր հավերժական թշնամին հասավ մինչև կիսաեզրափակիչ, ասել է թե՝ առնվազն չորրորդ լավագույնն է աշխարհում։ Դատելով մեր մտավորականների հակազդեցությունից, Թուրքիայի ֆուտբոլային հաղթանակները հերթական անգամ բարոյալքում են մեր տառապած ազգը։ Ճիշտ են մտածում. մենք միայն հզորանում ենք թշնամու պարտություններից, հատկապես, երբ հաղթողը մենք չենք։ Մենք զահլա ունենք, էն էլ՝ յավաշ-յավաշ, միմիայն բարոյական հաղթանակների համար։ 

6. ԱԿԱՆՋ ՔԱՇԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ 

Դատելով Ռ. Քոչարյանի վերջին հայտարարություններից՝ կարելի է ենթադրել, թե նա մանուկ ժամանակ ականջների պրոբլեմներ է ունեցել։ Բայց սա հոգեվերլուծության բնագավառից է։ Պարզապես իրեն նախագահ համարող յուրաքանչյուր մարդուն վայել չէ խոսել նախասովետական ժանդարմի, սովետական «պարտկոմի» ու հետսովետական «ուչաստկովիի» լեքսիկոնով։ Հանկարծ չլինի, որ «գյադաների ժամանակը» փոխարինվի «լոշտակների ժամանակով»։

Սամվել Մկրտչյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 372, հունիս 28, 2002 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   555 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ