ՈՒՂԵՐՁ
Որովհետև նա միշտ հավատարիմ է եղել և է՛ իր հայրենիքին՝ նախկին Սովետական Ադրբեջանին (սեփական բիզնեսին)
Վերջերս Ռ.Քոչարյանին, որպես հայրենիքի դավաճանի, քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով «Հայոց Տուն» միության դիմումին միացել են մի շարք կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, քաղաքական գործիչներ, մտավորականներ, շարքային քաղաքացիներ (ու քիչ մնաց ասեինք՝ մի ատամնատեխնիկ)։
Անշուշտ գնահատելի է այս մարդկանց (թե՛ մտավորականների, թե՛ շարքային քաղաքացիների) քաղաքացիական պաթոսն ու հուսահատ համարձակությունը, բայց, սիրելի ներքոստորագրյալ տիկնայք ու պարոնայք, ե՞րբ է Ռ.Քոչարյանը երբևէ դավաճանել իր հայրենիքը։ Հրապարակված հաղորդագրության մեջ բոլորովին նշված չէ, թե ո՛րն է այդ չարաբաստիկ «հայրենիքը»՝ Հայաստա՞նը, Ադրբեջա՞նը, ԼՂԻ՞Մ-ը։ Նորանկախ Հայաստանը, որը բախտի բերմամբ հնարավորություն ուներ ոտքի կանգնելու և երկիր դառնալու, ծախվեց Ադրբեջանին։ Ավելի ճիշտ՝ ծախեցին Ադրբեջանին։ Սիրելի հայրենակիցներ, Ալիևը, գուցեև նրա որդին, ցմահ հանգիստ շնչելու են, քանի դեռ Հայաստանի նախագահը Քոչարյանն է։ Ղարաբաղյան պատերազմի արդյունքը Հայաստանի սրտում գտնվող Եռաբլուրն է՝ մեր գենոֆոնդի հերթական գերեզմանոցը, ու հասարակ ղարաբաղցու, հասարակ հայաստանցու ողբալի վիճակը, և որ ամենակարևորն է՝ Հայաստանի բռնազավթումը։ Հիմա՝ ո՞րն է հայրենիքը և ո՞վ է հայրենիքի դավաճանը։ Հայրենիքի դավաճանը Քոչարյանը չէ, կամ` նա ի՛ր հայրենիքի դավաճանը չէ. հայրենիքի դավաճանը նա է, ով այսօր Քոչարյանին պաշտպանում է՝ հանուն իր թվացյալ բարեկեցության, հանուն իր զավակների այլասերման, հանուն կուշտ փորի, հանուն հաստ վզի, հանուն դատարկ ուղեղի, հանուն համատարած բթամտության, հանուն հայոց լեզվի քայքայման, հանուն համազգային թալանի, հանուն մայրաքաղաքը քանդելու, հանուն աղետի գոտին աղետի գոտի պահելու... Հանուն բոզության։
Եկեք մե՛ր մեջ տեսնենք հայրենիքի (իսկական) դավաճաններին։
Սամվել Մկրտչյան
Հ.Գ. Բանուգործ թողած, լուրջ գործերը թողած, ստեղծագործելու բերկրանքը մոռացած, սերը, հույսն ու հավատը էշավարի ուրացած՝ անվերջ խոսում ենք մեկի մասին ու մի անիմաստ գոյության մասին, այնինչ՝ այս ամենն ասելու, ժամանակ վատնելու համար ոչ ինքն էր արժան, ոչ էլ շատերիս՝ վայել։ Ցավոք, սա է այսօր իրականությունը։ Տա Աստված, որ սա ընդամենը անցումային փուլ լինի։ Ոչ հերթական անցումային փուլը։
«Չորրորդ իշխանություն», թիվ 374, հունիս 2, 2002 թ.