«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. ինչքան շուտ, այնքան լավ: Հաճախ հեղափոխական «թոհուբոհից» հոգնած ժողովուրդը չի ընդդիմանում, հաճախ նույնիսկ գոհունակությամբ է ընկալում ու ընդունում Ռեստավրացիան՝ հին կարգերի ամբողջական վերականգնումը, ինչպես Ֆրանսիայում և Անգլիայում»։
Սա կրթության նախկին փոխնախարար, դաշնակցական Բագրատ Եսայանի կարծիքն է:
«ՉԻ». Հաճախ կարելի է լսել. դաշնակցականները այսպիսին են, այնպիսին են, բայց գոնե խելացի են: Ամբողջ կուսակցության վերաբերյալ հիմա չարտահայտվենք, բայց Բագրատ Եսայանը հաստատ այնքան էլ գրագետ չէ:
Միայն չափազանց անխելք գործիչը այս աստիճան կքողազերծի ռևանշիստների ծրագրերը: Կրթության փոխնախարար աշխատած դաշնակցականը պատմական էքսկուրս անելուց առաջ գոնե «Վիքիպեդիա» մտներ և հասկանար, թե որտեղ է իր անհեթեթությունների հիմքը:
Ֆրանսիայում Ռեստավրացիան տեղի ունեցավ 25 տարի անց և միայն ռուսական ու նրանց դաշնակիցների սվինների շնորհիվ: Լյուդովիկոս 18-րդը ունեցավ գահ, որովհետև այդպես ցանկացան Եվրոպայի մյուս գահակալները, քանի որ մի քանի տասնամյակ ապրել էին ֆրանսիական ժողովրդի կողմից հեղափոխությունը տարածելու վախի մեջ: Նրանք այդպես վրեժխնդիր եղան իրենց սարսափների համար:
Անգլիայում Ռեստավրացիան տեղի ունեցավ 20 տարի անց, Օլիվեր Կրոմվելի մահից հետո և նրա ժառանգի ապաշնորհ ղեկավարման արդյունքում: Տեղի ունեցավ, որովհետև գեներալ Մոնկը շոտլանդական բանակը շարժեց Լոնդոն և գրավեց այն:
Այսինքն՝ երկու հեղափոխություններն էլ պարտվել են օտար բանակների հարձակումների արդյունքում: Ժողովրդի գոհունակության մասին խոսելը պատմական տարրական անգրագիտություն է:
Հիմա մնում է հասկանալ՝ դաշնակցական Եսայանը ի՞նչ օտար բանակի աջակցություն է փնտրում, որպեսզի վերականգնի հին կարգերը, որոնց ժամանակ Դաշնակցությունը գտնվում էր կերակրատաշտի մոտ, իսկ ինքը չաղ էր ու բախտավոր: