...

Ազատել գերությունից շարքային Մարուքյանին

Ազատել գերությունից շարքային Մարուքյանին

Երեկ Հրայր Թովմասյանի ճակատագրով ամենից շատ անհանգստացած էր ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը: Իհարկե, խոսքը հրապարակային անհանգստության մասին է: Ոչ ոք կասկածի տակ չի դնում, որ այս պահին ՍԴ նախագահի հետագա ճակատագրով հոգու խորքում ամենից շատ անհանգստացած են Մարտի 1-ի թիվ մեկ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը, մեկ միլիոն դոլարի դիզվառելիքի խարդախության մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանը և մի շարք այլ անձինք, որոնք անցնում են տարբեր քրեական գործերով: Մարուքյանը երեկ ունեցավ 3-4 ելույթ, տվեց մի քանի ասուլիս, մտավ եթեր, ֆեյսբուքում գրեց ստատուսներ և պատասխանեց քոմենթներին:
Բայց ամենահետաքրքիրը վերջին ելույթն էր, որով փորձեց հակադարձել Փաշինյանին:

Փաշինյանն ասաց, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն խոչընդոտել ժողովրդի կամարտահայմանը, կարժանանան հակահարվածի՝ ժողովրդավարությանը դեմ գնալու պատճառով: Մարուքյանին, չգիտես ինչու, դա անհանգստացրեց: Եվ սկսեց հարցնել, թե ինչ է անելու իշխանությունը չհամաձայնողների հետ: Մեքենանե՞րն են վառելու, ու այլ նմանատիպ տարբերակներ առաջ քաշեց:

Ինչ-ինչ, բայց Մարուքյանը լավ գիտի, որ գործող իշխանությունն իր գործիքակազմում չունի նման միջոցներ: Երկու տարի է՝ գործող իշխանությունը նախկին հանցագործ ռեժիմի դեմ պայքարում է բացառապես իրավական դաշտում՝ այդ ճանապարհին երբեմն հանդիպելով ժողովրդի դժգոհությանը և հանցագործների հեգնանքին:

Երբ Մարուքյանն ասում է համաձայն չեմ, ինչ-որ տեղ կարելի է հասկանալ իրեն՝ չկիսելով նրա ռազմավարությունը, պաշտապանել համաձայն չլինելու նրա իրավունքը: Բայց երբ նա դիմում է ակնհայտ դեմագոգիայի՝ իբր ուժեղացնելու իր փաստարկները, մատնում է իր իրական շարժառիթները:

Մարուքյանը լավ գիտի, թե ովքեր էին վառում քաղաքական հակառակորդների մեքենաները, և նրանց պետք է փնտրել իր հովանավորների մեջ: Մեքենաներ վառելու սովորույթ ունի մեկը, ում օգնությանը ցանկանում է դիմել Մարուքյանը հանրաքվեի մասին օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար: 

Վերանալով Մարուքյանի անձից՝ պետք է նշել մեկ կարևոր հանգամանք: Հեղափոխությանը չհաջողվեց ազատել կապանքներից քաղաքական հաճախորդություն մատուցող անձանց: Այդ մարդիկ դեռևս մնում են նախորդների գերին և ստիպված են իրենց հեղինակության կորստի գնով սպասարկել մերժված ուժերի շահերը: Դա հեղափոխության մեծագույն ձախողումն է, որը դեռ երկար է ցնցելու պետականության հիմքերը:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2291 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ