...

«Լուսավոր Հայաստանի» հերթական մանիպուլյացիան

«Լուսավոր Հայաստանի» հերթական մանիպուլյացիան

Քաղաքական կամքի բացակայությունը և հստակ պատկերացումները լուծելու ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը, խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության համար ստեղծել է պարարտ հող մեծածավալ մանիպուլյացիաների համար: ՍԴ-ի բաստիոնի պահպանումը կրիտիկական նշանակություն ունի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի համար: Դրա հանձնումից հետո նրանց արդարադատությունից խուսափելու շանսերը հավասարվում են զրոյի: Նրանք հասկացել են, որ լուրջ հույսեր չպետք է կապեն փողոցի և տարատեսակ ակումբների հետ:

Եվ ստեղծված պայմաններում Հայաստանի երկու էքս նախագահները ՍԴ-ի այս կազմի պաշտպանության համար մարտի նետեցին իրենց արսենալում եղած բոլոր ուժերը՝ կուսակցություններին, մեդիաներին և արտասահմանում եղած կապերը: Երբ ԱԺ-ը միջնորդեց ՍԴ-ին քննելու Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցը, նախկին իշխանությունները բացառություն արեցին միայն «Լուսավոր Հայաստանի» համար: ԲՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը, որովհետև վստահություն չկար, թե ինչպես կքվեարկեին խմբակցության առանձին անդամներ:

Իսկ այդ դեպքում կարող էր տպավորություն ձևավորվել, որ ամբողջ խորհրդարանն է կողմ Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանը: Այլ վարքագիծ դրսևորեց «Լուսավոր Հայաստանը»: Այս խմբակցությունը նույնպես միացավ իշխող ուժի նախաձեռնությանը: Ինչպես հայտնի է, ՍԴ-ն առանց քննարկելու մերժեց ԱԺ-ի միջնորդությունը:

Անցած հինգշաբթի կառավարությունը հաստատեց օրենքի նախագիծը, որով ՍԴ այն դատավորները, որոնք կհամաձայնվեն վաղաժամ գնալ թոշակի, կստանան գումարային փոխհատուցում մինչև այն ժամանակահատվածը, երբ պետք է պաշտոնավարեին: Սրանով կառավարությունը հնարավորություն է տալիս ՍԴ անդամներին հրաժարական տալու՝ պատճառ չբռնելով, որ դրանով ոտնահարվում են իրենց ֆինանսական իրավունքները: Խնդրի արժեքը կազմում է մոտ 900 միլիոն դրամ: Այն միանվագ չի վճարվելու, այլ տարիների ընթացքում:

Ինչպես է դրան արձագանքում մի խմբակցություն, որ օրեր առաջ միջնորդել էր Հրայր Թովմասյանի պաշտոնանկության համար: Շատ կոշտ և մերժողական: Մեջբերենք կուսակցության ղեկավարի ֆեյսբուքյան գրառումից՝ նվիրված խնդրո առարկային. «Եվ եթե ՀՀ պետական բյուջեն ի վիճակի է այսպիսի ճոխություններ իրեն թույլ տալ, ապա այդ դեպքում ինչո՞ւ ենք ընդամենը տարեկան 91 մլն ՀՀ դրամի համար փակում Նևրոզների բուժման կլինիկան»։ 

Ինչո՞ւ է Մարուքյանը հիշել հենց նևրոզի թեման, դժվար է ասել: Բայց այսպես հարյուրավոր օրինակներ կարելի է բերել և ասել՝ ինչու ՍԴ անդամներին և ոչ այս կամ այն խնդրի լուծմանը: Որպես իրավաբան և քաղաքական գործիչ, հնարավոր չի չհասկանա, թե ինչ մարտահրավերներ են առաջանալու, եթե ՍԴ ճգնաժամը չհանգուցալուծվի: Բայց նա նախընտրում է մանիպուլյացիան: Թեպետ, ինչպես միշտ: Նորությունն այն է, որ այս անգամ չի առաջարկում հիպոտետիկ երրորդ ճանապարհ: «Լուսավոր Հայաստանը», ինչպես նախկին իշխանությունները, գտնում են, որ ՍԴ-ի ստատուս քվոն պետք է պահպանվի: Արդյունքում, մարտահրավերներից զատ որքան կավելանա նևրոզով հիվանդ քաղաքացիների քանակը, Մարուքյանին առանձնապես չի հուզում:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1749 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ