...

Կլասիկ պոպուլիզմ

Կլասիկ պոպուլիզմ

Կանխատեսելի էր՝ պոպուլիզմը պանդեմիայի ընթացքում իրեն զգում է, ինչպես ձուկը ջրում:

Հայաստանում առաջինը այդ դրոշակը վերցրեց Լուսավոր Հայաստանի առաջնորդ Էդմոն Մարուքյանը: Այս անգամ նա չընկավ երրորդ ճանապարհի փնտրտուքի հետևից և արդեն երկու օր է` հնարավոր բոլոր միջոցներով գովազդում է իր նոու-հաուն՝ եկեք բոլորին բաժանենք հարյուր հազարական դրամներ, իսկ թոշակառուներին տանք կրկնակի թոշակ:

Ասել, որ միտքը կատարյալ է, այնքան էլ ճիշտ չի լինի, որովհետև կլինեն գործիչներ, որոնք կպահանջեն տալ երկու հարյուր հազարական դրամ, չամուսնացածների համար կողակից ապահովել, անվճար դարձնել պլաստիկ վիրահատությունները, իսկ մարիխուանան օրինականացնել:

Ինչո՞ւ ենք Մարուքյանի նախաձեռնությունը որակում պոպուլիզմ. որովհետև ինքն էլ է գիտակցում՝ 100 միլիարդից ավել փողի ուղիղ բաժանումը կբերի նրան, որ պանդեմիայի ևս երկու ամիս շարունակվելու դեպքում պետությունը ի վիճակի չի լինի վճարել նույն թոշակառուների ներկա թոշակը: Ի վիճակի չի լինի ապահովել բանակի սնունդը և մանկավարժների չնչին, բայց աշխատավարձը: Իսկ դրանից հետո «գործին կկպնեն» Մարուքյանի բնական դաշնակիցները և տիեզերական աղմուկ կբարձրացնեն՝ իշխանությունը ի վիճակի չէ հոգալ պետության մինիմալ կարիքները:

Դրա փոխարեն, Մարուքյանն ավելի ազնիվ կլիներ, եթե սոցիալական աջակցության այլընտրանքային ծրագիր ներկայացներ, որտեղ ավելի հասցեական կլինեին անապահովներին օգնելու կառավարության նախաձեռնությունները: Շատ ավելի արժեքավոր կլիներ, եթե որպես ընդդիմություն վերլուծեր կառավարության թվով 14 նախաձեռնությունները և մատնանշեր, թե որտեղ կան թերություններ, որտեղ պետք է հասցեականությունն ավելի պարզեցվի, որտեղ տրամադրվող միջոցների ավելացման անհրաժեշտություն կա:

Ժամանակ առաջ Մարուքյանը սրտաճմլիկ նամակ էր գրել Պուտինին, թե բացեք սահմանները, իրար օգնենք և այլն: Ճիշտ ժամանակն է ևս մեկ նամակ գրել Պուտինին, Միլերին ու Սամվել Կարապետյանին: Բացատրել, որ Հայաստանում նույնպես կորոնավիրուս կա: Հասկացնել, որ մի քանի միլիոն դոլարի համար չեն անջատում ռազմավարական դաշնակցի գազը: Հիշեցնել, որ Ռուսաստանը միլիարդներով զիջում է այս կամ այն երկրի պարտքը: Կամ, ինչպես նշեցինք, դիմեր բարերար Սամվել Կարապետյանին և նշեր, որ մեծ բարերարին հարիր չէ անջատել իր հայրենակից բազմազավակ ընտանիքների հոսանքը: Միգուցե ականջալուր լինեին Մարուքյանի խոսքերին, և մենք էլ իմանայինք, թե ում ենք պարտական հայ-ռուսական հարաբերությունների բարելավման համար:

Իսկ այս վարքագիծն ընդամենը սպառնալիք է ազգային անվտանգությանը, միջոցառում, որ կմաշեցնի պետության ֆինանսական կայունությունը և կլասիկ ճանապարհ է միայն էժան դիվիդենտներ քաղելու համար;

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1746 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ