...

«Լուսավոր»-ի ՕԵԿ-ացումը ուշացել է

«Լուսավոր»-ի ՕԵԿ-ացումը ուշացել է

Արդեն քանի օր է, ինչ իշխանությունը կրկին ապշած է: Ինչու կրկին, որովհետև նույն թեմայով գործող իշխանությունը դեռ ընդդիմություն եղած ժամանակ արդեն մեկ անգամ ապշել էր: Իշխանությունը կրկին վերադարձել է ի շրջանս յուր Էդմոն Մարուքյանի և նրա կուսակցության պահվածքի հետևանքով: 

Իսկապես զավեշտալի է դիտել, թե ինչպես են իշխանության ներկայացուցիչները երկրորդ անգամ Ամերիկա հայտնաբերում: Երկրորդ անգամ հայտնաբերում, որ «Լուսավոր Հայաստանը» ինքնուրույն միավոր չէ, չունի սեփական օրակարգ, հաշվի չի նստում իր ընտրողների տրամադրությունների հետ և սպասարկում է մերժված ուժերի շահերը: 

Երեկ Փաշինյանի եղբոր որդին՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը, գրել էր, որ այդ ամենը իր մոտ դեժավյուի զգացում է առաջացնում: Միգուցե, բայց վարչապետի զարմիկը պետք է կամք դրսևորի և խոստովանի, թե ում պատճառով է առաջացել հոգեկան այդ զգացումը: Իսկ այդ զգացումն առաջացել է նախևառաջ իշխանության և մասնավորապես վարչապետի անհեռատես քաղաքականության արդյունքում: 

Ցանկացած կիսատ-պռատ արված, մինչև վերջ չավարտած գործ հետագայում տխուր արձագանքներ է առաջացնում: 2018 թվականի մարտ-ապրիլ ամիսներին «Լուսավոր Հայաստանը» իրեն դրսևորեց ոչ միայն որպես ոչ հուսալի դաշնակից, այլև շատ ուղիղ, գրեթե ավանգարդում կանգնած պայքարում էր համաժողովրդական շարժման դեմ: Փաշինյանը որպեսզի օր առաջ վերցնի իշխանությունը, չգնաց հարաբերությունների է՛լ ավելի սրմանը, հենց այդ ժամանակ չտվեց «Լուսավոր Հայաստանի» ճշգրիտ քաղաքական գնահատականը: Մինչդեռ 2018 թվականի գարնանը եթե հնչեր ճշգրիտ քաղաքական գնահատական, դա կարող էր դառնալ ԼՀԿ-ի քաղաքական դագաղի մեխը, ինչպես դա արվեց 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ՕԵԿ-ի վերաբերյալ: Դրա փոխարեն Փաշինյանը և կուսակիցները ձևացրեցին, թե ԼՀԿ-ն պարզապես սխալվել է և ճիշտ չի կողմնորոշվել քաղաքական բարդ իրավիճակում: 

Եթե կամք դրսևորվեր և փոփոխվեր ընտրական օրենսգիրքը, ապա այսօր «Լուսավոր Հայաստանը» իր 6 տոկոս ձայներով խորհրդարանում չէր ունենա 18 պատգամավոր: Եթե կամք դրսևորվեր և հնչեին հստակ քաղաքական գնահատականներ, շատ ընտրողների մոտ չէր առաջանա սխալ ընկալում, թե Նիկոլը և Էդմոնը միասին են ու վերջինիս ձայն տալով՝ աջակցում ենք նաև առաջինին: 

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2014 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ