...

Ինչով է պայմանավորված «Լուսավոր Հայաստանի» զգուշավորությունը

Ինչով է պայմանավորված «Լուսավոր Հայաստանի» զգուշավորությունը

Երեկվանից ՍԴ-ի շուրջ ծավալվող գործընթացների համայնապատկերում ամենից ուշագրավը և ինտրիգայինը «Լուսավոր Հայաստանի» դիրքավորումն է: Եթե ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված գործընթացից հետո առանձնապես ընտրություն չի կատարում, թե ինչպես պայքարել իշխանությունների դեմ, ապա «Լուսավոր Հայաստանը» ընտրել է զգուշավոր վարքագիծ և պատրաստ չէ մնացածի նման վա-բանկ գնալ:

ՍԴ-ի այս կազմը այս կամ այն եղանակով միևնույն է հայտնվելու է խաղից դուրս վիճակում: Այս կազմի պահպանումը ուներ ընդամենը տակտիկական խնդիր՝ Ռոբերտ Քոչարյանի համար ապահովել անձեռնմխելիություն: Դրանից հետո, թե ինչ կլիներ Հրայր Թովմասյանի և կոմպանիայի հետ, առանձնապես չէր հուզում ընդդիմության այն հատվածին, որ գտնվում է Քոչարյանի տրամադրության և ազդեցության տակ:
Քոչարյանի վրայից քրեական մեղադրանքի հանումը անխուսափելիորեն բերելու էր նրա դիրքերի ամրապնդմանը, ինչ-որ տեղ նա էր դառնալու հակահեղափոխական ուժերի գլխավոր դերակատարը:

Միքայել Մինասյանը իհարկե անկեղծ է իր ցանկությունների մեջ՝ տապալելու Փաշինյանի իշխանությունը: Ի վերջո, իշխանական արքայազնից վերածվել է խղճուկ բլոգերի, որի տեսանյութերը ենթարկվում են դաժան հեգնանքի և ծաղրուծանակի: Բայց անգամ այս կարգավիճակը Մինասյանին չի ստիպի աջակցել այնպիսի քայլերի, որ կուժեղացնեն Քոչարյանի դիրքերը և նրան կդարձնեն ընդդիմության կենտրոնական ֆիգուր: Մինասյանը շատ լավ է հասկանում, որ եթե Քոչարյանը ստանա իշխանություն, ինքը ենթարկվելու է շատ ավելի դաժան հետապնդումների, քան այժմ է: Մինասյանը տեղյակ է Քոչարյանի քինախնդրությունից, գիտի, թե վերջինս ինչպիսի բառերով է հիշում երբեմնի թիվ մեկ փեսային, չի մոռացել, թե ինչպես էր Սերժ Սարգսյանի փեսան 10 տարի իր մեդիաներով հասարակությանը համոզում, որ Մարտի 1-ը միայն և միայն Քոչարյանի ձեռքի գործն է:

Եվ ամենևին պետք չէ ուշադրություն դարձնել, թե Արփինե Հովհաննիսյանը և մյուս հանրապետականները ինչ կոչեր են հնչեցնում Մարուքյանի հասցեին: Մինասյանը, ի տարբերություն Քոչարյանի, Հայաստանում չէ, ամեն վայրկյան կալանավայր վերադառնալու վտանգ չունի, ուստի կարող է սպասել ավելի բարենպաստ իրավիճակի՝ գրոհ կազմակերպելու համար: Գրոհ, որտեղ ինքը կլինի ղեկավար և չի ստացվի այնպես, որ իր ձեռքերով Քոչարյանը շագանակներ հանի կրակից:

Հենց այս հանգամանքով է պայմանավորված Մարուքյանի զգուշավորությունը և գնահատականները, թե օրենքը թույլ չի տալիս դիմել Սահմանադրական դատարան: Քաղաքական հանձնարարականը այս պահին հետևյալն է՝ թող երկու ճամբարները՝ իշխանությունները և քոչարյանականները իրար բզկտեն, մաշեցնեն, իսկ հետո մենք թարմ ուժերով կներկայացնենք մեր հայտը: Ուրիշ բան, որ Մինասյանը դեռ չի ընկալել՝ հասարակությունը պատրաստ չէ նրան ներել իր անցյալը, իսկ «Լուսավոր Հայաստանի» ներուժը խիստ գերագնահատված է: 6.5 տոկոս ձայն այդ կուսակցությունը ստացել է հասարակությանը թյուրիմացության մեջ գցելով, թե իբր իշխանության հետ է: 6.5 տոկոս հնարավոր չէ ստանալ, եթե հասարակությունը վերջնականապես համոզվի, որ «Լուսավոր Հայաստանը» և Մինասյանը ունեն մեկ ընդհանուր օրակարգ:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1970 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ