...

Ազգակործան հերոսների ժամանակները

Ազգակործան հերոսների ժամանակները

Վերջի վերջը

Գորիս-Կապան ավտոճանապարհը փակվեց, օրական քովիդից մահանում է միջինը 40 մարդ, զինված ռազբորկաներից և ավտովթարներից՝ միջինը 1 մարդ, Վանո Սիրադեղյանի աճյունն առայժմ հայրենիք չի բերվել ու ամենավատն այն է, որ սրա վերջը չի երևում: Իսկ չի երևում, քանի որ պետականություն ունենալու և պահելու համար ավելի բարձր որակներ են պահանջվում, քան ունեն այսօրվա քաղաքական դաշտի հիմնական դերակատարները: 

Արդեն հասել ենք նրան, որ Սյունիք պահելը հաջողություն է համարվում, իշխանությունների փայլուն դիվանագիտության արդյունք: Այն իշխանությունների, որոնք Խորենացի փողոցում մինչև 2018թ. հեղափոխությունը Լավրովի պլանը դավաճանություն էին համարում: Ասում էին՝ Սերժը դավաճան է, ուզում է Ղարաբաղի հարցը փոխզիջումների սկզբունքով լուծել: Լևոնն էլ է դավաճան, որովհետև Սերժին այդ հարցում չի քննադատում: Իսկ հիմա խրոխտ պոզաներ ընդունելով՝ հայտարարում են, թե ժողովուրդ ջան, հավայի մի գնացեք Գորիս-Կապանով, անկապ ճանապարհ է, այ, տեսեք, ինչ ճանապարհ ենք սարքել, այսպիսի ճանապարհ վերջին երեք հազար տարում չի եղել: 

Հերթական հաճախորդը

Բայց ամենավատը անելանելիության զգացումն է: Որ ոչինչ չես կարող անել, փոխել այս իրավիճակը, բեկում մտցնել: Բոլոր ճանապարհներին շլագբաում են դրել: Ուզում ես ընդդիմադիր դաշտում ակտիվ քայլեր ձեռնարկել, չի ստացվում. Քոչարյանն ու դաշնակները սողոսկել են այնտեղ, ընդդիմադիր են խաղում: Այն Քոչարյանը, որը Մեղրիի միջանցքի հարցը բերեց, բանակցությունների առարկա դարձրեց, հիմա ահազանգում է, թե հասեք, Սյունիքը թուրքերն ուզում են վերցնել: Այն Իշխան Սաղաթելյանը, որը հայտարարում էր, թե ինքն էլ չէր ընդունի Լավրովի պլանը, հիմա կառավարության շենքի առջև ֆոտոսեսիա է անում, թե նայեք, ոնց եմ դիմադրում, որ երկիրը չկործանվի: Բայց իրականում Նիկոլի հետ ձեռք-ձեռքի տված, վարի են տալիս երկիրը:

Այս սխեման բազմիցս շատ արդյունավետ աշխատեցրել են: Նկատի ունենք հաճախորդի սխեման: Այսօր քոչարյանականները հենց այդ հաճախորդի դերն են տանում: Իբր ընդդիմադիր են, բայց իրենց բոլոր գործողություններով միայն ամրապնդում ու երկարացնում են իշխանությունների կյանքը: Ու ավելի շատ քարկոծում են ոչ թե իշխանություններին, այլ մյուս ընդդիմադիր ուժերին: Մեկը մեկին նույնը, ինչ ժամանակին անում էին Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը, ԲՀԿ-ն: 

Մի բան հիշեցնենք. 2007 թվականի աշնանը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց մասնակցել նախագահական ընտրություններին, բազմաթիվ քաղաքական ուժերի հետ էր հանդիպել, խորհրդակցել, առաջարկել համատեղ ուժերով մասնակցել ընտրություններին, որի դեպքում հաջողության հասնելու շանսերը էլ ավելի կմեծանային: 
Մերժել են երկու հոգի... իհարկե, խոսքը գնում է որոշակի ընտրազանգված ունեցող դեմքերի մասին. Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանը: Գեղամյանը ամբողջ ընտրարշավի ժամանակ զբաղվել է բացառապես Տեր-Պետրոսյանի դեմ գործելով, դե, իսկ Արթուր Բաղդասարյանի դեպքում, գիտեք, թե ինչ եղավ: Հետագայում այս երկուսին իրենց հաճախորդական ծառայությունների դիմաց վարձահատույց եղան. մեկը ԱԽՔ դառավ, մյուսը՝ պատգամավոր: 

Նույնն էլ այս դեպքում եղավ. Տեր-Պետրոսյանը Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին առաջարկեց համատեղ դաշինքով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, ինչը հաջողության հասնելու շանսերը կտրուկ կմեծացներ, երկուսն էլ մերժեցին: Դեռ Սերժ Սարգսյանին մի կողմ դնենք, քանի որ նա չուներ այնքան ֆինանսական, քաղաքական և քարոզչական ռեսուրսներ, որքան՝ Քոչարյանը: Քոչարյանը մերժեց Առաջին նախագահի առաջարկը, ընդունեց իշխանությունների հաստատած խաղի կանոնները, դրա դիմաց նրան վարձահատույց եղան՝ դարձավ թիվ մեկ ընդդիմադիրը. ստացավ բաղձալի պատգամավորական աթոռները ու այս դաշտը փակվեց: 

Ի՞նչ անել և ո՞վ չի մեղավոր

Ի՞նչ անես: Ֆինանսական ռեսուրսները սրանց ձեռն է: Մեդիադաշտի 90 տոկոսը սրանց ձեռն է: Դատարան, փաստաբան, ուժային կառույց, բոլորը սրանց ձեռն է: Մնում է դիտորդի կարգավիճակով հետևես, թե ոնց են մեր պետականության վերջին փշրանքներն էլ փոշիացնում: Բայց դա էլ մի բան չէ. այդպիսի դիտորդական առաքելությամբ վերջը հասնելու ենք նրան, որ նույնիսկ Նորագավիթում ու Հյուսիսային ավտոկայանի մոտ են մաքսակետեր դնելու: Ինչ-որ շարժում է պետք, նույնքան ոգեղեն ու լուսեղեն, որքան՝ ղարաբաղյան շարժումը, բայց ունե՞նք դրա համար անհրաժեշտ կրիտիկական զանգված: Դա էլ է հարց:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2115 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ