...

Նոր կոնֆլիկտներ, նոր փորձանքներ

Նոր կոնֆլիկտներ, նոր փորձանքներ

Մանրների գործը դժվար է

Իբր մի շատ գոհ էինք մեր վիճակից, Ռուսաստանն ու Արևմուտքն էլ այնտեղ են իրար դեմ սուր ճոճում: Դատելով Ռուսաստան-ՆԱՏՕ բանակցություններից հետո Լավրովի հայտարարություններից, լարվածության և կոնֆլիկտի նոր օջախ է հասունանում, որը մեզ ոչ մի լավ բան չի խոստանում: Կյանքը ցույց է տվել, որ համաշխարհային մեծ կոնֆլիկտներում Հայաստանն ու հայ ժողովուրդը միայն կորուստներ են ունենում:

Հիմա, քանի մեծերի գլուխը խառն է, ի՞նչ իմանաս, մեր հարևանները կարող են օգտվել դրանից, այստեղ էլ ջրեր պղտորեն: Ադրբեջանը նման մի փորձ արեց, 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո առաջին անգամ հարվածային ԱԹՍ-ներ կիրառեց Հայաստանի զինված ուժերի դեմ, արդյունքում ունեցանք զոհեր, ու ոնց որ թե, Ադրբեջանին ոչ ոք բան չասաց: Վատը դա է: Որ հարևան երկիրը՝ տեսնելով, որ իր գործողությունները մեր դեմ որևէ կերպ չեն սանձվում, հաջորդ անգամ ավելի մեծ սադրանքի կարող է դիմել, ու այդպես շարունակ: Շատ էլ որ մեր իշխանություններն անընդհատ խոսում են խաղաղության մասին: Պատմության ինչ-որ էջեր են շուռ տալիս, նոր դարաշրջաններ բացելու մասին են հայտարարում, այնպիսի տպավորություն է, որ սահմանում ունեցած զոհերը այդ դարաշրջանն են ավետում: 

Ալիևն էլ այնտեղ է ռազմատենչ հայտարարություններ անում, Հայաստանի հասցեին ինչ ասես, որ չի ասում, սպառնալիք, շանտաժ, ծաղր... մենակ մեր ԱԳՆ-ն է մի թեթև նեղսրտած հայտարարություն արել: Փաշինյանը չկա, թեպետ առաջինն ինքը պետք է պատասխաներ, ասֆալտին փռելու մասին հիշատակեր, ասեր, որ ես այն մարդն եմ, որ Ղազախստանում կարգ ու կանոն եմ հաստատել: Չասաց: Ընդհանրապես որևէ կերպ չի պատասխանում: 

Զատո Փաշինյանն այնպես է արել, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը հայկական պատվիրակության կազմում չընդգրկվի Արթուր Վանեցյանը: Գոնե մի բանում ուժը պատում է: Վանեցյանն էլ զայրացել և չեղարկել է իր այցը ԱՄՆ: Ճիշտ էլ արել է, գնալու էր ԱՄՆ, Ղրիմի մասին էշ-էշ հարցեր տային, շփոթվեր, ասեր՝ Крым-ваш:

Ծովից ծով Ալբանիա

Փոխարենը բացվել է քոչարյանականների լեզուն: Միշտ այդպես է. հենց մի տեղ արյունահեղություն է լինում, մարդ են սպանում, սրանք աշխուժանում են, իրենց տարերքի մեջ են ընկնում: Թե բա՝ տեսա՞ք, թե ինչ խելոք բան արեցինք, որ 2008թ. մարտի 1-ին արյուն թափեցինք: Որ չանեինք, Ղազախստանի օրը կընկնեինք, Հայաստանը ետ կգլորվեր: Չեն ասում, որ 10 տարի Հայաստանը թափով ետ են գլորել, երկրի ունեցվածքը փոշիացրել են՝ իշխանությունը պահելու համար: Չեն ասում, թե Ղարաբաղը ոնց թռցրին բանակցային գործընթացից, գյադաների հաշվիչը միացրին:

Իսկ հիմա հպարտանում են. ոնց որ «Ալ-Կաիդան» էր հպարտանում սեպտեմբերի 11-ով, այնպես էլ սրանք՝ մարտի 1-ով: Ու այսքանից հետո երկիր են ցանկանում փրկել:

Բա որ Նաիրա Զոհրաբյանն է մարտի 1-ի նկատմամբ կարոտախտով լցվել: 2018-ի հեղափոխության օրերին քիչ էր մնում, գնար, Նիկոլի գիրկն ընկներ, պաչեր-մաչեր, հիմա հայտարարում է, թե պետք էր մարտի 1-ի պես խեղդել այդ հեղափոխությունը:  

Ահա այսպես Նիկոլ Փաշինյանը սրանց լեզու տվեց: Հիմա ունենք մի պատկեր, երբ մեկը հպարտանում, թե՝ ալբանացի է, էն մյուսն էլ հպարտանում է, որ իր հեղինակած գիրքը ալբաներեն է թարգմանելու: Մենք, իհարկե, արդեն բազմաթիվ նմանություններ ենք նկատել Փաշինյանի և Քոչարյանի վարքագծում, գործողություններում, մարդկային հատկանիշներում, բայց որ ալբանական մշակույթն էլ կարող է սրանց մոտ ընդհանրություններ ունենալ, այդ մեկը Վանգան էլ չէր կանխատեսի: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5262 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ