...

Ազգակործան իրավիճակի եզրին

Ազգակործան իրավիճակի եզրին

Հանձնվել էլ չգիտի

Այս շաբաթն ավելի խորացրեց մեր պետականությանը սպառնացող վտանգները: Այսինքն՝ Փաշինյանը խորացրեց և մոտեցրեց: Պրահայում նրա մտավոր շաղտվոցիները մեկնաբանելն անիմաստ է: Զառանցող մարդը կարող է ավելի տրամաբանական բաներ ասել, քան վարչապետը:

Նա արդեն հանձնվել է: Ներքուստ, հոգեպես, էությամբ հանձնվել է: Բայց որոշել է իր չիրականացած ամբիցիաների, տարածաշրջանի Նապոլեոն չդառնալու վրեժը Հայաստանից ու Արցախից հանել: Ընդամենը 5 տարում նա հասցրեց անել այն, ինչը ամենասարսափելի երազում հնարավոր չէր պատկերացնել. Հայաստանի պետականությունը կորստի եզրին կանգնեցնել: Ինքն է խոստովանում, որ Հայաստան պետությանը 2-3 տարվա ժամանակ է մնացել:

Նրա ամեն ելույթից վերահաս պատերազմի վառոդի հոտ է գալիս: Ինչքան խաղաղության մասին խոսում է, այնքան պատերազմի հավանականությունը մեծանում է: Սա շատ լավ հասկանում են Ադրբեջանում, Թուրքիայում, Ռուսաստանում, ամեն տեղ:

Բայց սա շատ լավ հասկանում է նաև օրվա ընդդիմությունը: Բայց սրանք էլ են հանձնվել: Չէ, մտահոգություններ հայտնում են, անխնա քննադատում են, բայց որևէ լուծում չեն առաջարկում: Գնում, խորհրդարանում իրենց փայ ելույթներն ունենում են, հետո գնում տուն՝ քնելու: Մոտավորապես այսպես են մտածում. մի հատ իրավիճակ ստեղծվի, Նիկոլը անելանելի վիճակի մեջ հայտնվի, բալքիմ նոր մեր աստեղային ժամը գա: 

Լուծումները քիչ են, բայց կան

Ի՞նչ անել: Մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր տարբեր շերտեր, ներկայացուցիչներ տարբեր առաջարկներ են անում: Օրինակ՝ Նարեկ Մալյանն առաջարկում է, որ ընդդիմադիր պատգամավորները ամբիոնից ասեն՝ Նիկոլը դավաճան է: Սրանք էլ չեն անում: Բայց եկեք պատկերացնենք, որ ընդդիմադիրները դա ասում են: Եվ ի՞նչ: Հենա, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ թող ինչքան ուզում են, ինձ դավաճան համարեն: Այսինքն՝ դա քարոզչական որոշակի էֆեկտ կարող է ունենալ, բայց ինչպես դա կարող է իրավիճակ փոխել, չգիտենք: 

Կարեն Քոչարյանն առաջարկում է, որ երեք նախագահներով ու Վեհափառով հավաքվեն, մի բան անեն, հանրությանն այս թմբիրից արթնացնեն, ոտքի կանգնեցնեն, պայքարեն: Բայց այստեղ էլ պրոբլեմ կա. մի անգամ այդ փորձն արվել է, չի ստացվել: Երեք նախագահներից երկուսը մերժել են դա: Պատճառը մեկն էր. Ռոբերտ Քոչարյանի համար անընդունելի էր, որ երկիրն այս իրավիճակից դուրս բերելու գինը որևէ պաշտոնի հավակնելուց հրաժարվելը լինի: Պետք է նրան նորից հարցնել. պատրա՞ստ է հիմա իր ամբիցիաները մի կողմ դնել: 

Որովհետև ժողովրդի մի ստվար զանգված Նիկոլին իր այս պատուհասական քաղաքականությամբ ավելի շատ է ընդունում, քան Քոչարյանին: Թեկուզ աշխարհն էլ փուլ գա, մենակ թե Քոչարյանը չգա: Թեկուզ երեք նախագահներին ու Վեհափառին Հռոմի պապն էլ միանա, մեկ է, Քոչարյանի անունը լսել չեն ուզում: 

Արժե փորձել

Մի տարբերակ էլ կա, չգիտենք, սրա մասին ինչ-որ մեկը խոսել է, թե ոչ, դա այն է, որ ընդդիմադիր բոլոր պատգամավորները, բոլորը առանց բացառության մանդատները վայր են դնում: Ցուցակներում ինչքան մարդ կա, հրաժարվում են մանդատները վերցնել: Այսինքն՝ ՔՊ-ին մենակ են թողնում: Խուճուճ Սահմանադրություն է, մարդ բան չի հասկանում սրա դրույթներից, բայց նման քայլը կարող է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հիմք հանդիսանալ: Սահմանադրությամբ ամրագրված է, որ ընդդիմությունը պետք է իր տեղն ունենա խորհրդարանում, ինչ-որ ֆիքսված մանդատներ ունենա: Եթե դա չկա, նշանակում է, խորհրդարանը կորցնում է իր լեգիտիմությունը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   709 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ