Քաղաքագետ, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը 1in.am-ին տված հարցազրույցում ասել է. ««Ղարաբաղ» կոմիտեի խումբը քաղաքական ասպարեզից պետք է դուրս շպրտվի»:
Երևի ժամանակն է, որ անդրադառնանք մի կարևոր թեմայի: Երբ 2020-ի պատերազմը սկսվեց, Երևանում համատարած ոգևորվածություն էր տիրում, կամավորական ջոկատներ էին ստեղծվում, հաղթական կարգախոսներ և հեշթեգներ: Ու ձևավորվեց նաև քաղաքագետների, վերլուծաբանների մի խումբ, որն այդ օրերին հաղթական պատերազմի ինֆորմացիոն ֆոնն էր ապահովում: Եթերներից չէին իջնում, նրանց ստատուսները հազարավոր լայքերով ու շեյրերով տարածվում էին հանրության շրջանում: Ի՞նչ էին ասում. որ սա մեր վերջին պատերազմը պետք է լինի, մինչև վերջ պիտի գնանք, սա հայկական նոր քաղաքակրթության, հայի նոր տեսակի ծնունդն է, որ այս պատերազմը մեր նոր Սարդարապատն է, հայոց մտքի և հետագա ժառանգների համար գրվող առասպելն է: Մի խոսքով էլի, մինչև Բաքու պիտի խրած գնանք: Ու աջուձախ նայող այլևս չկա: Ինչ գրում էին, կամ ասում էին՝ վերջում անպայման հիշեցնում էին. հաղթում ենք:
Հետո, երբ իրավիճակը ճակատում սկսեց վատանալ, և Ռուսաստանը Փաշինյանին առաջարկեց ընդունել Լավրովի պլանը կամ պարզապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ այդ պահին սեղանին դրված փաթեթը և դրանով կանգնեցնել պատերազմը, Նիկոլ Փաշինյանն այդ մասին հրապարակավ հայտարարեց, ասաց, որ մեզ առաջարկել են ընդունել ռուսական ծրագիրը՝ տարածքներ խաղաղության դիմաց, բայց մենք մինչև վերջ գնալու ենք:
Ու վերլուծագանգերի այս խումբը տիրաժավորում էր Փաշինյանի այդ դիրքորոշումը, բա մենք հիմա պատմություն ենք կերտում, ռուսն ո՞վ ա, որ մեզ պայմաններ թելադրի, երկրորդ Ղարսի պայմանագիր թույլ չենք տա, Նիկոլը ազգային արժանապատվության և հաղթանակի մարմնավորումն է, որը չընկրկեց ռուսական շանտաժից: Զադնի տալ չկա, մեր վերջին ճակատամարտն է, որը ոսկե տառերով է գրվելու պատմության մեջ: Հաղթում ենք:
Հետո, երբ Հայաստանի ու Արցախի նախկին ղեկավարները հավաքվեցին, դե արդեն գիտեին, թե իրականում ինչ է կատարվում ճակատում, Հադրութն ընկել էր, հարավային ճակատը փլուզվել էր, օրական հարյուրավոր զոհեր էինք տալիս, հակառակորդը պատրաստվում էր դեպի Շուշի շարժվել (մինչդեռ մեզ լրիվ այլ բան էին հրամցնում. գյոռբագյոռ, փրթում ենք, հակահարձակվում ենք, տակտիկական նահանջներ ենք անում, որ հետո սաղին շրջապատենք, թուրքին քամում ենք), Փաշինյանին առաջարկեցին իրենցից երկուսին լիազորել, որ գնան Մոսկվա, բանակցություններ վարեն, տեսնեն՝ ինչ են անում, փորձեն քիչ թե շատ տանելի պայմաններով կանգնեցնել պատերազմը: Նիկոլը մերժեց նախկին ղեկավարների բոլոր առաջարկները: Ասաց` ինչ ուզում եք, արեք, ես ձեզ լիազորողը չեմ:
Նույն այս վերլուծագանգերը ծափահարեցին Նիկոլ Փաշինյանին. վարչապետը քաշեց կարմիր գիծը. վերադարձ անցյալին չի լինելու, նախկինները ռուսների հետ թող գնան պատմության աղբանոցը, վերջապես մեր դաշտը զուլալվեց, հայոց դուխը կկոտրի բոլոր կարծրատիպերը և աշխարհին կստիպի նոր աչքով նայել մեր հաղթական շարժմանը:
Հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, այս նույն վերլուծաբան-քաղաքագետների խումբը ասպարեզից միանգամից չքացավ: Ամիսներով նրանց ձայնը չէր լսվում: Մի մասը իր ֆեյսբուքյան էջերը փակեց, մի մասը սսկված, նստած էր տանը: Ավիացիոն տերմինով ասած՝ ստուպորի մեջ էին ընկել: Դե, իրենց ազդարարած հայոց առասպելը գոլորշիացել էր, և իրենք դադարել էին համարվել հանրության սիրելի, պաշտելի, հայոց նոր խոսքի մունետիկները:
Հիմա՝ կես տարի անց, վերլուծագանգերի այս խումբը նորից ջրի երես է դուրս եկել: Երևի մի 15-20 օր է, սրանք նոր թեզերով են հանդես գալիս: Սրանց հիմնական թեզերը հետևյալն են.
1. Պատերազմը ռուս-թուրքական դավադրության արդյունք էր:
2. Պատերազմի իրական կամ հիմնական հրահրողը ռուսն էր, ու պատերազմը նրանց սցենարով է գնացել, արդյունքներն էլ հենց սկզբից գծագրված են եղել, որ ռուսները գան, Արցախում հիմնավորվեն, թուրքերի հետ էլ ազդեցության գոտիներ ստեղծեն:
3. Մենք ռուսների պատճառով ենք կրվել, որովհետև ռուսական զենքը անպիտան դուրս եկավ:
4. Ռուսները կարող էին հենց սկզբից թույլ չտալ պատերազմը, ստիպել, սպառնալ Ադրբեջանին, որ զերծ մնա ագրեսիայից, բայց դա չարեցին:
5. Ռուսները կարող էին օգնել Հայաստանին, որ մենք այս պատերազմում հաղթենք, բայց չուզեցին:
6. Հիմա տեղի է ունենում ռուս-թուրքական դավադրության կրկնությունը, ինչպես դա եղավ 100 տարի առաջ:
7. Նիկոլը մեղավոր չէր, նա արեց ամեն ինչ, բայց ռուսը նրան նենգաբար թիկունքից հարվածեց:
Այսինքն՝ արդեն տևական ժամանակ է, սրանց կողմից հակառուսական գիծ է իրականացվում, և հիմա էլ փորձում են պատերազմի պարտության հիմնական պատասխանատու սարքել Ռուսաստանին: Ու զռռում է, որ սրանց հակառուսական թեզեր տարածելը խրախուսվում է իշխանությունների կողմից: Մի մասին պոակ-մոակներով են կերակրում, մի մասին խոստացել են առաջիկա ընտրություններում խորհրդարան անցկացնել: Ինչպես նաև խրախուսվում է ղարաբաղյան շարժման վարկաբեկումն ու շարժման իրականացրած գործունեության նենգափոխումը, որպեսզի իրենց պարտությունների մեղքի մի մասն էլ Շարժման վրա գցեն: Սա հասկանալու համար պարտադիր չէ մեծ խելք ունենալ: Հենց այնպես չեն ասում, որ նախկինները պետականության հիմքերը սխալ էին դրել, որ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը խեղաթյուրել են, որ նախկինները կարող էին լուծել հարցը, սկսած՝ 1994-ից, բայց չեն արել, որովհետև իշխանության մասին էին մտածում, վախկոտ էին, փախչող էին, որ իրականում նույն սանրի կտավն են, որ «Ղարաբաղ» կոմիտեի բուն նպատակը իշխանություն վերցնելն է եղել, որ սրանք ինչքան էլ իրար հետ հակասություն ունենան, ռուսի առաջին իսկ հրամանով սպայկա են լինում և այսպես շարունակ:
Լևոն Շիրինյանը այդ վերլուծաբան-քաղաքագետների շարքում առաջատար դիրքեր է գրավում: Քեֆդ գալիս է, որ իրեն լսում ես: Այնքան խելոք մտքեր է ասում, խորիմաստ վերլուծություններ, մեր ազգայինը, մեր ինքնությունը, պիտի մերժենք օտարը, նոր ազգ կերտենք, նախկինների վրա խաչ քաշենք, ազգային նոր քաղաքականություն սկսենք, մենք որոշենք, ում հետ ընկերանանք, ում հետ թշնամանանք: Ռուսը չի, որ հիմա մեզ պիտի պայմաններ թելադրի, տեսանք էլի, ինչ արեց ռուսը Հայաստանի ու Արցախի հետ: Լևոնից սկսած մինչև Սերժ, դրանք ընդհանրապես խոսելու տեղ չունեն, սաղ իրենց ղալաթներն են:
Բա իր ելույթների տակի քոմենթները: Ցավդ տանեմ, հալալ է, ազգը ձեր նմանների կարիքն ունի, իսկական հայ, հիանալի մարդ, մեր սրտից խոսեցիք: Մեծ մասը այս կարգի արձագանքներ են:
Բարդ է, շատերն են իրեն սիրում, գժվում իր համար, բայց մի օր պե՞տք է մեկը կանգնի ու ասի. ընկեր քաղաքագետ, այս պատերազմի 5000 զոհերի արյունը քո և քո նման վերլուծաբանների խղճին էլ է նստած: Նաև դուք եք ձեր՝ ժողովրդի սիրտը հովացնող ստատուսներով, ելույթներով, մտքերով խրախուսել, օժանդակել Նիկոլին գնալ արկածախնդրության, և դուք եք նաև Նիկոլին կոչ արել մինչև վերջ մնալ արկածախնդրության դիրքերում, ինչը աղետալի հետևանքներ ունեցավ:
Եթե պատերազմի ընթացքում իրենց վերլուծություն կոչվող ճոռոմաբանությունները կարելի էր արդարացնել նրանով, որ այնքան էլ լավ տեղեկացված չեն եղել, թե ինչ է կատարվում ճակատում, որ ինֆորմացիոն բլոկադայի զոհ են դարձել, որ օբյեկտիվ գնահատականներ տալու համար անհրաժեշտ տեղեկատվական ռեսուրսների չեն տիրապետել, ի վերջո, շատերն են այդ նույն վիճակում եղել, ապա հիմա, երբ հետևում ես իրենց գործունեությանը, համոզվում ես, որ պատերազմի ընթացքում իրենց ցնդաբանությունները պատահականության արդյունք չէին: Հակառակ դեպքում պիտի չքվեին քաղաքական դաշտից, ասեին՝ կներեք, մեզանից քաղաքագետ դուրս չի գա, էշություններ ենք դուրս տվել:
Ոչ մի նման բան, պատասխանատվության ոչ մի զգացում, մի բան էլ նախահարձակ են լինում: Մի բան էլ բոլորին մեղավոր են հանում: Սկսած «Ղարաբաղ» կոմիտեից: Ու հիմա էլ նոր ավանտյուրաներ են ձեռնարկել: Հիմա էլ ընդգծված ռուսից թշնամու կերպար են ձևավորում: Իսկ ռուսները հիմար չեն, շատ լավ հասկանում են, թե ձեր այս նոր արկածախնդրության թելերը մինչև որտեղ են ձգվում: Այդ ժողովրդին դուք կարող եք մոլորեցնել, սրտները հովացնել, ռուսների, թուրքերի, ամերիկացիների դեպքում ձեր իմաստուն մտքերը ճիշտ հակառակ արդյունք են տալիս:
Վաղը որ ձեր արկածախնդրության արդյունքում իրավիճակը նորից սրվի, տուժելու է հայ զինվորը, սահմանամերձ գոտու բնակիչը, գործարարը, բայց հաստատ ոչ դուք: Շարունակելու եք նույն անվրդով տեսքով նստել համակարգչի առջև, ոտը ոտին գցել ու հաղթական ստատուսներ գրել, շեփորահարելու եք ազգային նոր իդեալների մասին, ժողովրդի սիրտն եք հովացնելու նախկինների մասին ձեր փառահեղ հոդվածներով: Ձեր գլխից մի մազ չի պակասի, կպակասի մեր բանակը, մեր հայրենիքի մի մասը: Ոնց որ եղավ, էլի:
Հ.Գ. 2020թ. հոկտեմբերի 14-ին, կրկնում ենք՝ հոկտեմբերի 14-ին, երբ Նիկոլ Փաշինյանը անընդունելի համարեց ռուսների առաջարկը և մերժեց պատերազմը դադարեցնելու համար ընդունել ռուսների պլանը, Լևոն Շիրինյանը հարցազրույցներից մեկում այդ առթիվ ասաց հետևյալը.
«Կոմունիկացիաներն այս պարագայում բացվում են այն օրը, երբ Հայաստանն էլ չի լինում։ Հիմա ուժեղ Հայաստանից չի կարող պոկել, թուլացած Հայաստանից չի պոկելո՞ւ։ Վերջացած է, աղբանոցում է այդ առաջարկը։ Ով ինչ ուզում է՝ առաջարկի, դա չի կարող լինել։ Եղե՞լ է այդպիսի բան, որ բանակը տիրի, դու տաս հետ, իրենք գան նստեն։ Այսինքն՝ ռազմի դաշտում հաղթել չեն կարող, գալիս են ուրիշ ձևով հետ են վերցնում ուրիշի տարածքը։ Ուրեմն՝ սա աբսուրդ բան է։ Որևէ պարագայում այդ առաջարկն ընդունելի չէ, դա բացառված բան է, ով ուզում է՝ լինի առաջարկողը։ Էս պարագայում մենք ունենք մի դիրքորոշում, իմ կարծիքն է՝ բոցավառելու ենք Անդրկովկասը, եթե այդ պայմանները չեն փոխվել, բոցավառելու ենք, եթե մենք 15 թվի վիճակի ենք գալիս, ուրեմն թող մեռնեն բոլորը մեզ հետ և վերջ»:
Թեպետ Լևոն Շիրինյանը ասում է. «Ուրեմն թող մեռնեն բոլորը մեզ հետ և վերջ», բայց ինքը չի մեռել: