Վարկերն ու բանկերը
Հիփոթեքից բացի, բանկերը 2 տեսակի վարկ են տալիս՝ սպառողական և բիզնես։ Սպառողական վարկերը հիմնականում վերաբերում են կենցաղային տեխնիկային և, կարելի է ասել, մատչելի են։ Իսկ բիզնես վարկերը լայն հասարակության համար մատչելի չեն, քանի որ
⦁ բիզնես վարկեր տրամադրվում են միայն գործող բիզնեսներին՝ ընդլայնման նպատակով,
⦁ նոր բիզնես ստեղծելու համար վարկեր կտրականապես չեն տրամադրվում։
Իսկ գործող բիզնեսներ ունեն կամ նախկինները, կամ նրանց առնչվող կամ էլ հեղափոխությանը չառնչվող անձինք։
Գյուղատնտեսական վարկերը նույնպես պետք է դիտարկել բիզնես վարկերի տրամաբանության մեջ, քանի որ, ըստ էության, դրանք տրամադրվում են բիզնես վարկի կանոններով։ Գյուղվարկեր վաղուց չեն տրամադրում երկու պատճառաբանությամբ.
առաջին. դեռևս ապրիլի վերջերից հայտարարվեց, որ պետական ծրագրերի շրջանակներում հատկացված գումարները վերջացել են։
երկրորդ. հիմա վարկային դիմումները մերժում են, քանի որ, իրենց իսկ ձևակերպմամբ՝ «հայտատուների քանակը չափազանց շատ է»։
Վերջին պատճառաբանությունը կարելի է դասել զավեշտի շարքին, քանի որ բանկը, կոպիտ ձևակերպմամբ, փող «առնող-ծախող» է, և վարկառուի տեսքով «գնորդների» մեծ քանակը նրանց միայն պետք է դրական տրամադրեր։ Սակայն, բանկը պարզապես հայտ չի ընդունում և ոչ թե մերժում է։ Ստացվում է, որ բանկը չի՞ ուզում տոկոսների տեսքով գումար աշխատել։ Այդպես չի կարող լինել։ Ուրեմն այստեղ մի բան այն չէ։
Սաշիկն ու բանկերը
Դեռևս հեղափոխության առաջին ամիսներին Փաշինյանը հայտարարեց, որ հայկական բանկերից միայն մեկում Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանն ունի 30 միլիոն դոլար։ Հետագայում դա պաշտոնապես հաստատվեց, բայց «միայն մեկ բանկից» բացի որևէ այլ բանկից տեղեկություն չեղավ։ Տեղեկություն չեղավ, բայց այդ մեկ փաստն էլ բավարար է հետևություն անելու, որ էլի կան բանկեր, որտեղ ոչ միայն Սաշիկ Սարգսյանն ունի պահած գումարներ, այլև մյուսները։
Որ թալանչիներն իրենց գումարները օտարերկրյա բանկերում կարող են պահել, տրամաբանական է։ Տրամաբանական է նաև այն, որ իրենց իշխանության օրոք երկրից հեշտությամբ դուրս բերած գումարները նույն հեշտությամբ էլ կարող էին, թեկուզ մասամբ, հետ բերել և ներդնել տեղական բանկերում։ Մանա- վանդ որ այս տարբերակի օգտին երկու խոսուն փաստարկ կա։
Առաջին. աշխարհում հիմա գումարային շարժերը դիտում են կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից և ցանկացած պահի կարող են սառեցվել, ինչպես Ալիևի մերձավորների հետ տեղի ունեցավ Անգլիայում։ Այսինքն, կասկածելի ծագմամբ գումարներն այնքան էլ ապահով չէ ի պահ տալ այլ երկրների բանկերին։
Երկրորդ. Հայաստանում բանկային կանոնադրական կապիտալը 60 միլիոն դոլար է և եթե Սաշիկ Սարգսյանը միայն մեկ բանկում ունեցել է 30 միլիոն դոլար, դա արդեն կարող է նշանակել, որ այդ բանկում նա 50 տոկոս փայ է ունեցել։ Այսինքն, սեփական «դուքանում» փող պահելն ավելի շատ առավելություններ ունի և ապահով է, որովհետև հեղափոխություն կանխատեսելը երբեք իրատեսական չի համարվում։
Հայկական 17 բանկերի ընդհանուր կապիտալն առնվազն 1 միլիարդ դոլար է և դրանում, Սաշիկից բացի, ինչի՞ մյուսները պիտի «մասնաբաժին» չունենային, եթե դա նաև լրջագույն լծակ է վերահսկելու երկրի ֆինանսական շարժը՝ հեղափոխությունից և առաջ, և հետո։
Հրայրն ու բանկերը
Բայց ինչո՞ւ Փաշինյանը չշարունակեց թեման։ Ճիշտ է՝ բանկային գաղտնիքի մասին օրենքը թույլ չի տալիս։
Իրականում Փաշինյանն առաջ քայլ կատարել է։ Դա արտահայտվել է «Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրենքի նախագծով, ինչի դեմ մեծ աղմուկ բարձրացրին և՛ նախկինները, և՛ խորհրդարանական ընդդիմադիրները։ Միաժամանակ Փաշինյանի կառավարության տնտեսական բլոկին մոտ կանգնած որոշ պաշտոնյաներ հանդես եկան «ծանրակշիռ» հակափաստարկներով՝ ավանդները կնվազեն, կանխիկ գործարքները կավելանան, ինչը կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում և այլն:
Պարզ էր, որ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու կառավարության առաջարկն ուղղված էր նախկինների «պահուստային ֆոնդը» ստուգելուն։ Բայց դա հո հեշտ գործ չէ՞, մանավանդ որ դրանից կարող էին «մահացու» վիրավորում ստանալ նախկինները, նամանավանդ որ ներկա իշխանությունը դեռևս 95 տոկոսով նստած է նախկին համակարգի աթոռներին։
Սերժի Վաչոն փորձնական մի քանի միլիոն դոլար կանխիկացրեց, բայց տեսանք ինչ եղավ։ Եվ նախկինների վերջին հույսը նորից մնաց Հրայրը կարկառուն Թովմասյան։
Դեռևս հունվարից ԱԺ-ում քննարկվում էր «Բանկային գաղտնիքի մասին» կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, այն ընդունվեց, բայց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց։ Հետո էլի քննարկումներ եղան, բավական ժամանակ անցավ, և ի վերջո Արմեն Սարգսյանն այն ուղարկեց «վերջին բաստիոն»՝ Սահմանադրական դատարան։
Գրեթե մեկ ամիս առաջ, հունիսի 18-ին Սահմանադրական դատարանը քննեց Արմեն Սարգսյանի դիմումը և եզրակացրեց, որ Ազգային ժողովի կողմից ընդունված` «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ, այսինքն՝ մերժեց։ Եվ փակվեց շղթան։
Այնպես որ, Հրայր Թովմասյանի ու իր «սահմանադրական» թիմի մասին բացառապես նախկիններին բոլոր ուղղություններով սպասարկելու պնդումն անբեկանելի է։
Էպիլոգ
Սահմանամերձ գոտում բզբզում են ազիկները։ Երկրում ավելանում են դիմակավորները։ Փողն ուղղակի գետինն է մտել։ Ժամանակ առ ժամանակ տնտեսական հեղափոխություն մասին աղոտ պատառիկներ են հնչում հին տեսագրություններում։ Իսկ հպարտ քաղաքացին ամեն օր, ամեն ժամ մերժում է մերժվածներին ու մերձմերժվածներին, ու քայլ առ այլ աննկատ վերածվում ամեն ինչ ու ամենքին մերժողի…
Արմեն Գևորգյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 18, 2020