«Մարդիկ ինչո՞ւ ցույց չեն տալիս, որ վարձակալությամբ տուն են տվել, սա՛ ուսումնասիրեք», ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում կոչ է արել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Մարդը ճիշտ է ասում։ Արցախից տասնյակ հազարավոր տեղահանվածներ են գալիս Հայաստան, ոնց էլ լինի՝ նրանցից շատերն իրենց վերջին կոպեկներով տներ են վարձակալելու, բա պետությունը դրանից «քյար» չունենա՞։ Դրա համար էլ «ուսումնասիրությունները» խստացնելու ամենաճիշտ պահն են ընտրում։ Ճիշտ է, այդ «խստացումների» արդյունքում բնակարանների վարձակալության գներն էլի բարձրանալու են, ու այդ լրացուցիչ բեռն էլի տեղահանվածների ուսերին է ընկնելու, բայց մյուս կողմից էլ՝ եթե լրացուցիչ հարկեր չհավաքեն, լրացուցիչ պարգևավճարները որտեղի՞ց են ստանալու։
Միայն թե չասեք՝ «ոնց որ թե սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում Հովիկ Աղազարյանին էնքան էլ լավ չեն խփել»։ Ոնց որ թե լավ էլ խփել են։ Ու արդյունքում՝ մտքի այդպիսի փայլատակում է ունեցել։