ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ կառավարությունում կա նախագիծ ևս 30 օրով արտակարգ դրությունը երկարացնելու վերաբերյալ:
Իրազեկում եմ Ձեզ, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:
Հետևաբար, ամբողջ Հանրապետության տարածքում նույն ռեժիմի երկարաձգումն օրենքով այլևս անհնար է»:
«ՉԻ». Եթե ճիշտ ենք հիշում, Էդմոն Մարուքյանը բացի կլասիկ քաղաքական գործիչ լինելուց, նաև իրավաբան է: Կենսագրությունում այդպես է գրված:
Բայց ինչպես երևում է, իրավաբանական մասնագիտության մեջ ահագին թույլ է եղել, դրա համար էլ որոշել է քաղաքականությամբ զբաղվել: Ցանկացած իրավաբան գիտի, որ օրենքում բազմաթիվ հոդվածներ կան, որոնք մեկը մյուսին լրացնում են:
Հիմա մեր կլասիկ ընկերը բռնել, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը ճոճում է, թե բա երկրի տարածքում նույն ռեժիմի երկարաձգումն օրենքով այլևս անհնար է, ու ալարել է կարդալ նույն օրենքի նույն հոդվածի 2-րդ մասը, որտեղ սևով սպիտակի վրա գրած է.
«Հոդված 5. Արտակարգ դրության գործողության ժամկետը
1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե մինչև նշված ժամկետների ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով:
Բալամ, արի դու շարունակի քաղաքականությամբ զբաղվել: