«ՀՀ Սահմանադրությամբ պետության գլուխը՝ Արմեն Սարգսյանը, ստորագրելով ՍԴ դատավորներին ստիպողաբար կաշառելու օրենքը, վերջնականապես ապացուցեց, որ չի կատարում մայր օրենքով Հանրապետության նախագահին վերապահված Սահմանադրության պահպանմանը հետևելու իր հիմնական գործառույթը:
Ակնհայտ է, որ այդ օրենքը հակասում է իրավական ու ժողովրդավարական պետության հիմունքներին։ Սա նշանակում է, որ Սահմանադրությունն ու պետականությունը կազմաքանդվում են։
Արմեն Սարգսյանը պատմության առջև է պատասխանատվություն կրում՝ համահեղինակ դառնալով մեկ մարդու քմահաճույքով տեղի ունեցող գործընթացներին։
Ստեղծված իրավիճակում, երբ փաստացի դադարում են գործել իշխանության ճյուղերի բաժանման ու հավասարակշռման սահմանադրական մեխանիզմները, Սահմանադրության պահպանման բեռն ընկնում է ՀՀ քաղաքացու` յուրաքանչյուրիս վրա։
Այսօր այս առաքելության կիզակետում Սահմանադրական դատարանն է, որը մնացել է վարչապետին ոչ ենթակա պետական ինստիտուտը՝ պաշարված անձնիշխանության հաստատման ցանկությամբ տառապողի կողմից»: Սա մեջբերում էր «Վերնատուն» անունը կրող կազմակերպության հայտարարությունից:
«ՉԻ» Այս խմբակի անդամները երկու տարի առաջ մոլերանդ պաշտպաններն էին Սերժ Սարգսյանի որոշման՝ Արմեն Սարգսյանին նշանակելու նախագահի պաշտոնում: Հիմա փոշմանել են: Իրենք բերում էին մեկին, որը անվերապահ պետք է ծառայեր իրենց, կատարեր մարիոնետի դեր: Բայց ծեր աղվեսները երկու ոտքով ընկան թակարդը և մնում է միայն այս կարգի անատամ հայտարարություններ անելը:
Սահմանադրության համար մտահոգվածները որտե՞ղ էին, երբ 2008 թվականին ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը ենթարկվում էր ճնշումների և չստանալով որևէ աջակցություն, ստիպված դիմել էր ԱՄՆ դեսպանատուն: Այ հենց այդ ժամանակ էր, որ «Վերնատան» ֆինանսավորողը՝ Ռոբերտ Քոչարյանը կազմաքանդում էր Սահմանադրությունը:
Ինչ վերաբերում է ՍԴ առաքելության մասին մտավարժանքներին: Գործող ՍԴ-ն ունի մեկ առաքելություն՝ վիժեցնել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվող արդարադատությունը: Իսկ Վազգեն Մանուկյանը և խմբակի մյուս անդամները ունեն ընդամենը «վինտիկի» գործառույթ: Այն է՝ ստեղծել շղարշ, թե իբր ՍԴ անդամներն ունեն հասարակական աջակցություն:
«Վերնատունը» չունի հասարակական աջակցություն ու սոցիալական հենք, և նրա բարբաջանքներին պետք չէ լուրջ վերաբերվել: Լավագույն դեպքում կարելի է ընդունել, որպես բեսեդկայում հավաքված թոշակառուների նոստալգիա: