Դաշնակցությունը, ինչպես սույն կառույցի Բյուրոն իր հաղորդագրությամբ լուսավորեց հանրությանը, որոշել է յուր 130-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարել իր «անառակ որդիների» նկատմամբ։ Բոլոր նրանց, որոնք 1990 թվականից հետո հեռացվել են ՀՅԴ-ից կամ լքել այն։ Իսկ այն «որդիները», որոնք արտաքսվել են կամ ծանր մեղադրանքներով հեռացվել՝ թող հույս չունենան։ Համաներումը նրանց վրա չի տարածվում։ Այս՝ «թողություն կուսակցական մեղաց» ակցիան, պազվում է, հեչ էլ աննախադեպ չէ, և վերջին անգամ հայտարարվել է 30 տարի առաջ՝ 90-ականներին։
ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանն է վկայում։ Նա New Armenia.am-ի հետ զրույցում ասել է, որ համաներման «շահառուների» դիմումները ներկայացվելուց հետո մինչև տարեվերջ կքննարկվեն, իսկ վերջնական որոշումը կկայացնի «դիվան բաշին»՝ Բյուրոն։ «Մի քանի չափորոշիչներ ունենք, այդ թվում՝ Դաշնակցությունից հրաժարվելուց կամ հեռացվելուց հետո պետք է հակադաշնակցական ընթացքի մեջ եղած չլինեն»,- ասել է դաշնակցականն ու մի ուշագրավ բացահայտում արել կուսակցության ներքին խոհանոցի մասին։ «Եթե մարդիկ նորից դիմում են վերընդունվելու համար, ապա նրանք պետք է գրեն զղջումնագիր և, ըստ այդմ, կուսակցության մարմինների կամ ժողովների կողմից հարցը դառնում է քննարկման առարկա։ Այս նախաձեռնության շրջանակներում, սակայն, զղջումնագիր գրելու անհրաժեշտություն չկա, բայց յուրաքանչյուր առանձին պարագա դառնալու է քննարկման առարկա»։
Փաստորեն, կան կուսակցություններ, որոնք իրենց անդամներին պարտադրում են «ղազագրեր» գրել, երդվել իրենց սրբություններով, նույնիսկ՝ «քֆուր ուտել», որ իրենց խոստումից հետ չեն կանգնելու, կան և կուսակցություններ, որոնք ղազագրի անունը դնում են զղջումնագիր ու դրա հիման վրա վերականգնում են նախկին կուսակիցների անդամությունը։ Թե ինչ է զղջումը՝ հանգամանորեն ներկայացված է բացատական բառարանում․ մտածական և հուզական այնպիսի հոգեվիճակ, որը ներհոգեկան բարդ պրոցեսների արդյունք է և իր մեջ պարունակում է համոզմունք այն մասին, որ նախկինում կատարված որոշ գործողություններ եղել են սխալ, հակաբարոյական կամ անօրինական։ Իսկ թե ինչ է զղջումնագիրը, բացատրական բառարանները լռում են։ Հետաքրքիր է՝ ինչպիսի շարադրանք է ենթադրում գրի այդ ձևը, ինչ բառապաշար, ոճ, գեղարվեստական հնարքներ, և արդյոք դրանում նույնպես բանը հասնում է սրբություններին հղում անելուն կամ ինքզինքը հայհոյելուն։
Արսեն Համբարձումյանը նույն հարցազրույցում, հարցին, թե կուսակցությունը մարդկային ռեսուրսի խնդիր ունի՞ և հենց այդ նպատակո՞վ է արվել այս հայտարարությունը, պատասխանել է․ «Ամենևին ոչ»։ Դաշնակցականը չի հերքում, որ հեղափոխությունից հետո կուսակցության շարքերը լքում են, բայց «այդ թվերը ավելի մեծ չեն նախընթաց ժամանակաշրջանի համեմատ»։ Ու պնդում է, թե իրենք մարդկային ռեսուրսի խնդիր չունեն․ «Երբեք Դաշնակցությունը իր առջև խնդիր չի դրել մասսայական կուսակցություն դառնալ կամ մեծ թվով անդամներ ունենալ, որովհետև գաղափարական կուսակցության պարագայում դա հնարավոր չէ։ Մենք այն կուսակցություններից չենք, որոնք հայտարարում են, որ ունեն հարյուր-հազարավոր անդամներ, իսկ ընտրություններից հետո պարզվում է, որ այդ անդամներից ընդամենը տասը տոկոսն է քվեարկում տվյալ կուսակցության օգտին»։
Ցնցող դիտարկում է, սակայն լավ կլիներ, որ հընգեր Արսենը կոնկրետացներ, թե հատկապես որ կուսակցությանը նկատի ունի, չլինի՞ թե երբեմնի կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին։ Եվ հետո, ի՞նչ է ստացվում Համբարձումյանի խոսքից՝ բոլոր այն կուսակցությունները, որոնք մասսայական են, փաստորեն, ապագաղափարական են, քանի որ գաղափարական կուսակցությունները շատ անդամներ չեն ունենում ու մասսայական չեն լինում։ Սիլլոգիզմ։ Թե իրականում ինչպիսի վարկանիշ ունի գաղափարական, ոչ մասսայական ՀՅԴ-ն՝ ցուցանեցին ԱԺ 2018 թվականի արտահերթ, չկեղծված (վերջին 20 տարում) ընտրությունները՝ 3,88 տոկոս։
Եթե անգամ ենթադրենք, որ ՀՅԴ-ի անդամների 100 տոկոսը քվեարկել է սեփական կուսակցության օգտին, ապա այդ պարագայում անգամ, փաստորեն, կուսակցությունը չունի ընտրողների նվազագույն՝ 5 տոկոսի աջակցությունը։ Նկատենք, որ արտահերթից ընդամենը մեկ տարի առաջ՝ 2017 ԱԺ ընտրությունների ժամանակ, ՀՅԴ-ն ստացել էր 6,57 տոկոս, 2012-ին էլ՝ 5,68։ Զառամյալ կուսակցությունը վերջին 20 տարում տեղի ունեցած ԱԺ ընտրություններում լավագույն արդյունքը ցույց է տվել թերևս 2007-ին՝ ստանալով 12,7 տոկոս ձայն։ 2003-ին ստացել է 11,45 տոկոս, 1999-ին էլ՝ 7,86 տոկոս։ Թե «դաշնակցական ընթացքի» տոկոսային այս վայրիվերումները ինչի հետևանք են, հիշատակված տոկոսներից քանիսն են մաքուր, քանիսը՝ ընտրական նկարչության հետևանք՝ բացատրական բառարանները շարունակում են քար լռություն պահպանել։
Ելենա Ազատյան