...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Պրն վարչապետ, Դուք կառավարության նիստում հայտարարեցիք, որ Ադրբեջանի նպատակը Արցախի հայաթափումն է, նախորդ օրն էլ ասել էիք, որ համառորեն գնալու եք խաղաղության դարաշրջանի բացմանը․․․

- Է հա, ի՞նչ հակասություն կա։ Ադրբեջանն էլ ա՛յդ ձևով է բացում խաղաղության դարաշրջանը, և դա մեզ համար ընդունելի է։ Իրենք ասում են, որ Սյունիքով դեպի Նախիջևան միջանցքը պիտի նույն կարգավիճակն ունենա, ինչ Լաչինի միջանցքը։ Դե եթե Արցախը հայաթափվի, Լաչինի միջանցքը մեր ինչի՞ն է պետք։ Այսինքն՝ Սյունիքի միջանցքի հարցն էլ է մեջտեղից դուրս գալիս, մեր տարածքային ամբողջականությունն էլ պահպանվում է։ Հիմա հասկացա՞ք, որ խաղաղության դարաշրջանը համատեղ ուժերով ենք բացում։ Իսկ Մեղրիի երկաթգիծն էլ՝ հարց չկա, թող փողը տան, օգտագործեն։

- Բայց ճանապարհները կբացվե՞ն։

- Դե դրա համար էլ համաձայնագիր ենք ուզում։ Որ իզուր տեղը մի քանի հարյուր միլիոն դոլար չծախսենք ճանապարհ սարքելու վրա։ Ի դեպ, այդ սկզբունքը բոլոր ոլորտների վրա է տարածվում։ Օրինակ՝ սկզբում փաստաթղթով-բանով Վեդիում իշխանությունը վերցնում ենք, հետո ենք բյուջեից հատկացումներ անում, բա հո իզուր տեղը ընդդիմադիր համայնքներին փող չե՞նք տալու․․․

- Բրյուսելում Ալիևի հետ քննարկելո՞ւ եք այդ հարցը։

- Հիմա ուզում եք պատասխանեմ «այո», որ ծախու լրատվամիջոցները գրեն, թե «Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում քննարկելու են մի քանի հարյուր միլիոն դոլարի հարց․․․»։ Իհարկե քննարկելու ենք։

- Լավ, անցնենք հաջորդ թեմային։ Արտակարգ իրավիճակների նախարարի՞ն ինչու ձերբակալեցիք։

- Փիլոյանի՞ն։ Էն որ կառավարության կազմում վերջին զինվորականն է՞ր․․․

- Ե՞վ։

- Վերջ։ Ես ձեր հարցին պատասխանեցի։

- Պրն վարչապետ, ճի՞շտ է, որ Վլադիմիր Գասպարյանին հաջողվել է փախչել Հայաստանից, և դա արվել է Ձեր աջակցությամբ։

- Ստոր հերյուրանքներ են։ Այ հենց հիմա ձեր ներկայությամբ զանգում եմ Մխիթար Հայրապետյանին ու բարձրախոսը միացնում եմ։ Ալո՛, Մխո՞։ Մի հատ նայի տես վերջին օրերին հիմնադրամին ի՞նչ խոշոր փոխանցումներ են արվել․․․ Էն Մոնումենտի առանձնատնից հետո նոր մուտքեր չկա՞ն։ Լավ, լավ, հետո մանրամասն կզեկուցես․․․ Հը՛, լսեցի՞ք։ Չկա՛ն։ Այսինքն՝ կոռուպցիոն դրսևորումներ գուցեև եղել են, բայց ես տեղյակ չեմ։ Եվ դա, պիտի ասեմ, ինձ այնքան էլ չի ուրախացնում․․․

- Պրն վարչապետ, ի՞նչ հոբբի ունեք։

- Ստոր հերյուրանքներ են։

- Չէ, նկատի ունեի՝ օրինակ, մարզական իրադարձություններին հետևո՞ւմ եք։

- Իհարկե։ Եվ ցավոք՝ այդտեղ նույնպես սադրանքների պակաս չկա։ Օրինակ՝ մենք այստեղ Թուրքիայի հետ խաղաղության դարաշրջան ենք բացում, իսկ հայ ըմբիշը հաղթում է թուրքին։ Ես հանձնարարել եմ հետաքննել այդ միջադեպը, Ռուբինյան Ռուբոն էլ երեկոյան կհայտարարի, որ այդ ըմբիշը չի արտահայտում ՀՀ իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը․․․

- Իսկ ֆուտբոլ նայո՞ւմ եք։ Օրինակ՝ Նորվեգիա-Հայաստան խաղը․․․

- Դե հիմա որ ասեմ նախկիններն են մեղավոր՝ չեք հավատա։ Բայց ուշադիր նայեք․ հավաքականի՝ առանց բացառության բոլոր ֆուտբոլիստները նախկինների օրոք են ծնվել․․․

- Լավ, շնորհակալություն հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   8496 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ