...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Պրն Փաշինյան, ինչպե՞ս եք գնահատում այսօր Երևանի փողոցներում տիրող իրավիճակն ու ոստիկանների գործողությունները։

- Նորմալ։ Բա ես չէի ասե՞լ, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա։ Դե հիմա ի՞նչ է պատահել, մի խումբ անպատասխանատու վարչապետներ փողոցներ են փակում ու պահանջում վարչապետի հրաժարականը, մի այլ խումբ վարչապետներ էլ այդ վարչապետներին բերման են ենթարկում։ Բա ժողովրդավարության բաստիոնը պոզով-պոչով ա՞ լինում, ուրիշ ո՞ր երկրում իրավապահներն իրենց թույլ կտան վարչապետներին բերման ենթարկել։

- Այսինքն՝ նորմա՞լ եք գնահատում ընդդիմության պահանջները։

- Բա իհարկե, նորմալ հակասահմանադրական պահանջներ են։

- Ինչո՞ւ հակասահմանադրական։

- Որովհետև մեր Սահմանադրության մեջ գրված է, որ բոլոր քաղաքացիները հավասար են՝ անկախ ազգային պատկանելությունից, իսկ նրանք պահանջում են առանց որոշ էթնիկ խմբերի Հայաստան։ 

- Նկատի ունեք «առանց թուրքի Հայաստան» վանկարկումնե՞րը։

- Այո։ Իմիջիայլոց, այդտեղ է՛լ տրամաբանություն չկա։ Համ ասում են «թուրք Նիկոլ», համ ասում են «դավաճան»։ Կամ մեկը պիտի ասեն, կամ մյուսը, որովհետև եթե թուրք եմ՝ էլ ի՞նչ դավաճան, լավ էլ իմ ժողովրդի օգտին եմ աշխատում, իսկ եթե դավաճան եմ՝ ուրեմն հայ եմ, չէ՞, որ իմ ժողովրդին դավաճանում եմ։ Այ այդպիսի հակասական հայտարարություններ են անում և մոլորեցնում մեր հպարտ ժողովրդին։ Եվ հետո՝ ընդդիմությունն իր ակցիաներով խոչընդոտում է իմ բնականոն գործունեությունը։

- Նրանք Ձեզ մեղադրում են ադրբեջանական շահերը սպասարկելու մեջ և փորձում են կանխել դա․․․

- Այսինքն՝ խոչընդոտում են իմ բնականոն գործունեությունը, ճի՞շտ է։ Իսկ դա քրեորեն հետապնդելի արարք է։ 

- Չե՞ք պատրաստվում հանդիպել ընդդիմության լիդերների հետ ու հայտարարել, որ նրանք ճիշտ էին, Դուք սխալվեցիք։

- Նախ՝ չեմ հասցնում, հենց ուզում եմ ասել՝ փախնում են։ Մանավանդ դաշնակները։ Երկրորդն էլ՝ իսկ ո՞վ ասաց, որ սխալվել եմ։ Հակառակը՝ միայն ինձ հատուկ աննախադեպ հեռատեսությամբ ընդդիմության այնպիսի լիդերներ եմ նշանակել, որ անընդհատ մնամ իշխանության։ 

- Կարծում եք՝ կկարողանա՞ք։

- Բա իհարկե։ Ինչքան ուզում են թող փողոց փակեն։ Էդ 2018-ին էր, որ փողոցներ փակեցինք, ու պետական կառավարման համակարգը փլուզվեց, որովհետև փողը ճամպրուկներով էին տանում նախագահական։ Հիմա բանկային փոխանցումների համակարգն այնքան է զարգացել, որ ինչքան ուզում են՝ փակեն, մենք մեր գործը անում ենք։ 

- Իսկ ի՞նչ բացահայտում էիք ուզում անել ԱԺ դահլիճում, որ չարեցիք։

- Հեչ, ուզում էի արխիվային փաստաթուղթ հրապարակել, որ նշաձողը դեռևս Տիգրան Մեծն է իջեցրել, էն էլ Ալենչոն գոռաց «ծա՛փ տվեք, արա՛», և միջոցառումն այլ ընթացք ստացավ։

- Լավ, շնորհակալություն հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   14439 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ