...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Պրն Փաշինյան, ինչպե՞ս կգնահատեիք բրյուսելյան այցը։

- Ընդհանուր առմամբ՝ ոչինչ, բայց ճիշտն ասած՝ մեր հայկական օբյեկտներում ավելի լավ հաց են տալիս։ Խմիչքը զուլալ, զակուսկեղենը բոլ-բոլ, կենացները էդքան չեն երկարացնում․․․

- Չէ, ես բանակցությունները նկատի ունեի։

- Ի՞նչ բանակցություններ։

- Դե, Շառլ Միշելի ու Ալիևի հետ․․․

- Հա, էդ ե՞ք հարցնում։ Ճիշտն ասած մի քիչ ուշադիր չեմ եղել, բայց ոնց որ թե ինչ-որ բաներ պայմանավորվել ենք։ Արարա՛տը կիմանա, ինքը համարյա չէր խմում, մենակ ծխում էր։ Բայց վերջում երջանիկ էր, երևի բանակցությունները հաջող են ընթացել։

- Բայց Շառլ Միշելը խոսեց ընդամենը Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների մասին․․․

- Հենց դա էլ վկայում է մեր աննախադեպ դիվանագիտական հաղթանակի մասին։ Ղարաբաղի էթնիկ ադրբեջանցիների իրավունքների մասին ոչ մի բառ չի ասել, չէ՞։ Այսինքն՝ միայն հայե՛րը իրավունքներ ունեն։

- Իսկ ինչպե՞ս դիմավորեց ձեզ Բրյուսելի հայ համայնքը։

- Եկել էին քաջալերելու։

- Բայց ոնց որ թե վանկարկում էին «Նիկոլ դավաճան»։

- Բա քաջալերելը պոզով-պոչով ա՞ լինում։ Օրինակ, եթե երկրպագուներն ուզում են, որ իրենց թիմը հաղթի, գոռում են «հա՛ղ-թա՛-նա՛կ», իսկ եթե ուզում են, որ իրենց լիդերը դավաճանի, ի՞նչ պիտի գոռան։ Ես այդ վանկարկումներն ընկալեցի որպես քաջալերանք, գործողությունների ուղեցույց, և հուսով եմ՝ արդարացրեցի նրանց սպասելիքները։ 

- Իսկ ի՞նչ կասեք Երևանում ընդդիմության գործողությունների մասին։

- Ես այդտեղ դավաճանության տարրեր եմ տեսնում։ Օրինակ՝ մտել են արտգործնախարարություն, փոխնախարարներից մեկին ստիպել, որ հայտարարի, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ու համարել են, որ վերջ, Արցախը դարձավ անկախ։ Բա էդ դավաճանություն չի՞, որ չեն ստիպել Նախիջևանի անունն էլ տալ, ո՞նց կարելի ա էդքան թեթևամտորեն հայրենիքի մի մեծ կտորից հրաժարվել։ Բայց ես ընդդիմության գործողությունների մեջ նաև դրական բաներ եմ տեսնում։

- Կկոնկրետացնե՞ք։

- Դե օրինակ՝ զբոսաշրջությունն են խթանում, Անդրանիկ Միհրանյան-բան են հրավիրում, հետո՝ ակցիաների հետ կապված կանխիկ դրամաշրջանառության ծավալներն են մեծանում, շինարարական նոր ծրագրեր են ի հայտ գալիս․․․

- Ի՞նչ ծրագրեր։

- Դե որ այդքան շենքեր են շրջափակում՝ հիմա մեր առջև խնդիր ենք դրել, որ ստորգետնյա գաղտնի անցումներով միմյանց հետ կապվեն բոլոր նախարարությունները, պետական գերատեսչությունները, Սարյանի ու Կասկադի օբյեկտները․․․ Ալենչոյի եղբայրն էլ արդեն շինարարության մրցույթը շահել ա․․․ 

- Լավ, շնորհակալություն հարցազրույցի համար։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   17598 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ