...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Պրն Փաշինյան, ի վերջո կբացատրե՞ք, թե Հայաստանի շուրջ ինչ է կատարվում։ Նույնիսկ ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլիամ Բըրնսը ժամանեց Երևան․․․ 

- Ո՞նց, էդ սպիտակ մազերով մարդը ԿՀՎ տնօրենն է՞ր։ Ես էլ ախր ասում եմ՝ լիքը հարցեր էր տալիս, ես էլ միամիտ-միամիտ ասեցի՝ ինչի՞ ես էդքան հարցեր տալիս, դու հո շպիո՞ն չես, ինքը մի տեսակ էղավ․․․ Շատ անհարմար բան ստացվեց։ Բա ինչի՞ էր եկել։

- Ճիշտն ասած՝ ես էլ ուզում էի Ձեզ հարցնել։ 

- Հիմա կամաց-կամաց սկսում եմ հիշել։ Ինչ-որ բաներ էր ասում անվտանգության համակարգի դիվերսիֆիկացման մասին, ես էլ ասեցի՝ հոպար, մի՛ անհանգստացի, ես Սուրոյին ասել եմ, արդեն զբաղվում ա։ Այսուհետ ՀՀ զինված ուժերն առաջնագծում կօգտագործեն ոչ միայն Ռուսաստանի, այլև ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտադրության ավտոմեքենաների մաշված անվադողերը։

- Իսկ «խաղաղության դարաշրջանի» մասի՞ն ինչ կասեք։ Հանուն դրա՞ եք որոշել Հայաստանի ճանապարհներից ապամոնտաժել խաչերը։

- Ոչ միայն։ Ճիշտ է, մեր բարեկիրթ հարևանները ՀՀ ճանապարհներից օգտվելիս դիսկոմֆորտի մեջ կհայտնվեին, բայց միայն դա չէ պատճառը։ Վերջին հաշվով, չի կարելի թույլ տալ, որ ում խելքին որտեղ փչի՝ խաչ տեղադրի, էն էլ՝ ձրի։ Շատ են ուզում՝ խնդրեմ, շուտով կբացվի «Իմ խաչը» հիմնադրամը, թող մուծվեն, ու որտեղ ուզում են՝ խաչ տեղադրեն, ո՞վ ա բան ասում։ 

- Պրն Փաշինյան, ինչո՞ւ արգելեցիք Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։

- Այդպիսի հանրային պահանջ կար։ Նա հարձակում էր կազմակերպել Հայաստանի կառավարության վրա, նույնիսկ շշեր էին շպրտել Ալեն Սիմոնյանի ավտոմեքենայի ուղղությամբ, ու քանի որ չէր կպել՝ հանրային պահանջ առաջացավ պատժել նրան։

- Ալեն Սիմոնյանի անունը տվեցիք՝ հիշեցի։ Խաչերի ապամոնտաժման մրցույթ արդեն հայտարարե՞լ եք։

- Ուզում եք ասեք՝ Ալենի եղբայրն ա՞ մրցույթը շահելու։ Բացառվա՛ծ է, մենք Ալենի եղբոր էտապն անցյալում ենք թողել։

- Այն պահից, երբ Ձեր եղբա՞յրը որոշեց բիզնեսներով զբաղվել։

- Հիմա եթե Աստվածաշնչից մեջբերումներ անեմ՝ էլի պիտի ավել-պակաս խոսեք։ Բայց Աստվածաշնչում է ասված, չէ՞, «մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ»։

- Ի դեպ, այդ խոսքերի հեղինակը Կայենն է՝ առաջին մարդասպանը․․․ 

- Ի՞նչ մարդասպանություն, հազար անգամ ասել եմ՝ ես առաջին պատասխանատուն եմ, բայց առաջին մեղավորը չեմ։ Իսկ այդպիսի հարցերը միայն բարձրացնում են մեր բանակի մարտունակությունը։

- Ինչպե՞ս։

- Շատ պարզ։ Ով այդպիսի հարցեր է տալիս, ուղարկում ենք եռամսյա հավաքների։

- Շնորհակալություն հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2084 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ