...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Պրն վարչապետ, կխնդրեի այնուամենայնիվ որոշ փակագծեր բացել։ Ո՞րն էր Սոչիի բանակցությունների ամենաուշագրավ դրվագը:

- Լավ, էլի, արդեն պարզաբանել եմ, չէ՞, որ վարչապետի աշխատակազմի զոնտիկների ապահովման վարչության պետին խիստ նկատողություն է հայտարարված։

- Ես բանակցությունների մասին էի հարցնում։

- Դե․․․ Ամենաուշագրավն այն էր, որ երեկոյան երեք լիդերներով իրար հետ մի կտոր հաց կերանք։ Ես հետս Իջևանի հոնի արաղ էի տարել, Ալիևը խմեց՝ ասաց «էս մեր պատմական Քարվանսարայի արաղն ա», ես առարկեցի, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները դեռ չեն սկսվել, Վլադիմիր Վլադիմիրովիչն էլ ասաց՝ «տվեք էդ վիճելի օղուց մի բաժակ էլ ես համտեսեմ․․․»։ Բայց ես արդեն բանակցային գաղտնիքներ եմ հայտնում, թեման փոխեք։

- Լավ, անցնենք սոցիալ-տնտեսական հարցերին։ Դուք հայտարարեցիք, որ Հայաստանում տնտեսական բում է։ Կոնկրետ ի՞նչը նկատի ունեիք։

- Տնտեսական բումը չգիտե՞ք որն ա։ Չե՞ք լսել, որ ասում են «բում ակցիա», «աննախադեպ զեղչեր» և այլն։ Այ հիմա Հայաստանում այդպիսի բում ակցիա է, աննախադեպ զեղչերով վաճառում ենք ՊՆ անշարժ գույքը, բուհերի շենքերը, դժբախտ-դժգույն սարերը, ՀՀ քաղաքացիությունը․․․ 

- Որպեսզի պետական ապարատի աշխատավարձերն ու պարգևավճարնե՞րը բարձրացնեք։

- Դրանք ընդդիմության կողմից տարածվող ստահոդ մանիպուլյացիաներ են։ Տեսեք՝ պաշտոնյաների աշխատավարձերն ու պարգևավճարները բարձրանալու են ընդամենը 50 տոկոսով, իսկ թոշակներն ու նպաստները՝ 12 անգամ։

- 12 անգա՞մ։

- Բա իհարկե։ Մարդիկ ավելի բարձր թոշակ են ստանալու, ընդ որում՝ տարեկան 12 անգամ։ Չստացվե՞ց, որ 12 անգամ ավելի բարձր թոշակ են ստանալու։ Բայց մենք որոշել ենք սկզբունքորեն նոր մոդել կիրառել։ Մարդիկ կան՝ իրենց թոշակներով ու նպաստներով օնլայն խաղադրույքներ են կատարում, մենք որպես ի՞նչ ենք նրանց վճարում, էդ գումարը միանգամից օնլայն խաղատներին կփոխանցենք։ Կամ, ասենք, մարդիկ թոշակներով ու նպաստներով «Սիթիից» առևտուր են անում․․․ Ավելի ճիշտ չի՞ լինի, եթե այդ գումարները միանգամից բարեխիղճ գործարար Սամվել Լիմինդրովիչին փոխանցենք։ 

- Ի դեպ, «բարեխիղճ գործարար» ասացիք՝ հիշեցի։ Գագիկ Ծառուկյանին Հատիս լեռան վրա չնչին կոպեկներով հսկայական տարածք վաճառեցիք, կազինոյին մի քանի տասնյակ միլիոն դոլար տվեցիք, Աբովյան փողոցի վրա բազմահարկ շենքի թույլտվություն տվեցիք, ծխախոտ արտադրելու համար մի 40 միլիոն դոլարի չափով հարկային արտոնություններ սահմանեցիք․․․ 

- Բա որ ասում եմ «բում ակցիա»՝ չեք հավատում։ Համ էլ՝ ես Լուկաշենկոյի ընկերոջ համար ոչինչ չեմ խնայի։

- Իսկ կոռուպցիոն ռիսկ, ատկատ-բան․․․ 

- Էս ի՞նչ եք ասում, դրանից ես և իմ ընտանիքը բացարձակապես ոչինչ չենք շահել։ Հակառակը՝ մեր գործերն այնքան վատ են, որ Աննան նույնիսկ «Հավաստի Աղբյուրի» հոնորարը չկարողացավ վճարել, նա էլ ստիպված ընդհատեց հոդվածաշարը․․․ 

- Լավ, շնորհակալություն հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   76236 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ