- Պրն վարչապետ, Արցախի գազամատակարարման․․․
- Մի րոպե, էլի։ Բայց ես ի՞նչ կապ ունեմ Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանի գազամատակարարման հետ։ Ռուսական ընկերությունը ռուսական գազը մատակարարում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի, ինձանից ի՞նչ եք ուզում։ Թող շնորհակալ լինեն, որ Հայաստանը լրացուցիչ գումար չի ուզում։
- Ի՞նչ գումար։
- Բա Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ, Ռուսաստանից 165 դոլարով գազ է ստանում, չէ՞, իսկ Ղարաբաղը ԵԱՏՄ անդամ չի, գազի միջազգային գինն էլ 2000 դոլար է, մենք որպես ի՞նչ ենք գազը էժան վաճառում Ղարաբաղին։ Պատկերացնո՞ւմ եք, թե այդ գումարով որքան լրացուցիչ պարգևավճար կտայինք մեր հերոս պաշտոնյաներին, խիզախ պատգամավորներին, իրենց կյանքն ամենօրյա վտանգների ենթարկող խրոխտ պարեկներին․․․
- Իսկ ի՞նչ կասեք Գորիս-Լաչին ճանապարհի․․․
- Մի րոպե, էլի, բայց ես ի՞նչ կապ ունեմ այդ ճանապարհի հետ։ Մենք չենք, չէ՞, սարքել այդ ճանապարհը։ Չեք հավատում՝ Ալենչոյի եղբորը զանգեք։ Մեր բարեկիրթ հարևաններն են սարքել՝ իրենք էլ երբ հարմար են գտնում, փակում են, ինձանից ի՞նչ եք ուզում։ Էդ ոնց որ հարևանդ վայ-ֆայի կոդը փոխի՝ զանգես բողոքես, որ չես կարողանում օգտվել․․․
- Բայց Ֆրանսիան ու Հունաստանը, օրինակ, Ադրբեջանից պահանջեցին բացել միջանցքը, իսկ Հայաստանը չպահանջեց։
- Մի րոպե, էլի, բայց ես ի՞նչ կապ ունեմ Հայաստանի․․․ Չէ, լավ չստացվեց։ Ը․․․ Բանը․․․ Ի՞նչ էի ասում․․․ Ըստ էության․․․ Հա, բայց մենք «Հեքիաթ» մանկապարտեզի ծորակները փոխում ենք․․․ Նախկին թալանչիները գլուխ են բարձրացրել և ուզում են հրդեհել Հանրապետության հրապարակի տոնածառը․․․ Թույլ չե՛նք տա․․․ Գյումրիում 4 հատ չոր նավահանգիստ ենք սարքելու, որոնցից երկուսը՝ շա՛տ չոր․․․ Մանկապատանեկան ֆուտբոլը․․․ Ոչ մի նեմեց և ֆրանցուզ չի՛ պլստալու․․․
- Լավ, հանգստացեք, պրն վարչապետ։
- Գիտե՞ք, ես չեմ վիրավորվում, երբ ինձ ասում են «հանգստացեք»։ Դա նշանակում է, որ ես անհանգիստ եմ։ Այո, ես անհանգիստ եմ իմ հերոսական երկրի և հպարտ քաղաքացիների ճակատագրով․․․
- Լավ, եկեք թեման փոխենք։ Ձեր տիկինը, Օսկար անունով փիսիկին գրկած․․․
- Կներեք, էլի, բայց ես ի՞նչ գործ ունեմ իմ տիկնոջ․․․ Չէ, էլի լավ չստացվեց։ Բայց ուզում եմ պարզաբանել։ Հիշում ե՞ք, որ մի անգամ Մյունխենում բանակցությունների ժամանակ ինձ գժի տեղ էի դրել, դերասանություն էի արել․․․ Որ տուն վերադարձա՝ Աննան ասեց «էդ ինչ լավ էիր խաղում, հաստատ արժանի ես Օսկարի» ու այդ կատվին դրեց գիրկս։ Դրանից հետո մենք համարյա ամեն օր իրար Օսկար ենք հանձնում, որովհետև առիթներ միշտ լինում են։ Կամ ես եմ կոռուպցիայի դեմ ելույթներ ունենում, կամ նա է այցելում զոհվածների ընտանիքներին․․․
- Շնորհակալություն հարցազրույցի համար։