...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Պրն Փաշինյան, Ձեր վերջին ասուլիսից հետո ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակեց 2022 թ․ իր զեկույցը, ըստ որի՝ Հայաստանում բազմաթիվ ոլորտներում առկա է համակարգային կոռուպցիա․․․ 

- Մի րոպե, մի րոպե։ Երևի սխալ են թարգմանել, բազմաթիվ ոլորտներում պիտի լիներ ոչ թե համակարգային կոռուպցիա, այլ 5-րդ շարասյուն։ Չնայած՝ երևի հենց այդ շարասյունն էլ զբաղվում է կոռուպցիայով։ Բայց ես շարունակելու եմ անհաշտ պայքարը կոռուպցիայի բոլոր դրսևորումների դեմ․․․ 

- Օրինակ՝ Արսեն Թորոսյանի՞։

- Բայց ինչո՞ւ մենակ նրա։ Բոլոր նրանց, ովքեր մենակ-մենակ են կոռումպացվել։ Բա ո՞ւր մնաց թիմային աշխատանքը։ Եվ ընդհանրապես՝ ես իրավապահ համակարգից դժգոհ եմ։

- Ժողովուրդն էլ է դժգոհ։ Օրինակ՝ պարեկներից։ Կրակելով մարդ են սպանում, թմրանյութ են վաճառում, բնակարանային գողություն են անում․․․

- Չհասկացա, ի՞նչ եք կպել պարեկներից։ Կարող ա՞ փուստ են կրակել, կամ թմրանյութը ժամանակին չեն առաքել, կամ քաշի մեջ խաբել են․․․ Բա եթե չէ, էլ ի՞նչ դժգոհություն։ Իրավապահ համակարգից իմ դժգոհությունն ավելի լուրջ հիմքեր ունի։ Նախկինների լափածը չեն բացահայտում, ընտանիքիս անդամների գլխին զոնտիկը ծուռ են պահում, և ընդհանրապես՝ ամեն ինչ չէ, որ ճիշտ են հասկանում։ Օրինակ, էն օրը թիկնապահներիս ներկայությամբ ասացի «Ալենչոյի ձեռը կոտրվեր՝ էդ որոշումը չստորագրեր», և խնդրեմ․ կառավարության պահուստային ֆոնդից 840 հազար դրամ ենք դուրս գրել, որ մանդարին առնեմ, գնամ տեսության։

- Լավ, անցնենք արտաքին քաղաքական հարցերին։ Ռուսաստանի արտգործնախարարն անդրադարձավ Արցախի ապագային և․․․ 

- Մի րոպե, Արցախը ո՞րն ա, ՀՀ տարածքում այդպիսի անվանումով միավոր չկա, ես դրա հետ ի՞նչ գործ ունեմ։

- Լավ, այդ դեպքում թեման ընդհանրապես չշարունակենք։ Մի քանի օրից Հայաստանի և Թուրքիայի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումն է։ Չե՞ք պատրաստվում արդյոք առիթն օգտագործել ու շարունակել «ֆուտբոլային դիվանագիտությունը»։

- Իհարկե պատրաստվում եմ։ Արդեն հանձնարարել եմ, որ Հայաստանի հավաքականը խաղա 10 պաշտպաններով, որպեսզի հանկարծ մրցակիցը մեր խաղը չընկալի որպես ագրեսիա, կարգադրել եմ լոգոյի վրա Արարատի փոխարեն Արագածի նկարը դնել, ընդ որում՝ սկզբում Իշխանասարի նկարն էի պատվիրել, բայց հետո մտածեցի՝ սխալ կհասկանան, արդեն պարեկային ծառայությանը հրամայել եմ մարզադաշտի բոլոր նստարաններին կնոպկաներ շարել, որպեսզի որևէ մեկը Թուրքիայի օրհներգի ժամանակ չնստի, և ընդհանրապես՝ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք համարելու։

- Կարծում եք՝ դա կօգնի՞ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

- Իհարկե։ Մենք նույնիսկ Մարգարայի կամուրջն ենք սկսել վերանորոգել։ Թուրքական կողմը, չգիտես ինչու, պնդում է, որ կամուրջը վերանորոգենք այն հաշվարկով, որ դրանով նաև ծանր տանկեր անցնեն, և մենք՝ որպես հարևան ու գործընկեր, ստանձնել ենք այդ պարտավորությունը․․․ 

- Եվ վերջին հարցը։ Ինչպե՞ս կվարվի Հայաստանը, եթե Հաագայի դատարանի որոշումից հետո Պուտինը ժամանի Երևան։ Կձերբակալե՞ք։

- Բայց ինչո՞ւ պիտի ձերբակալենք։ Աննայի հիմնադրամների հաշվեհամարները չգիտի՞։

- Լավ, շնորհակալություն հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   83278 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ