...

Բլից-վիրտուալ Տիգրան Ավինյանի հետ

Բլից-վիրտուալ Տիգրան Ավինյանի հետ

- Պրն Ավինյան․․․ 

- Մի րոպե։ Էս ճակատիս մուրը լավ ա՞ երևում, կոստյումիս փոշին մոտիկից ցույց տվեք, որ մարդիկ հասկանան՝ հենց նոր «Սուրմալուի» փլատակներում էի աշխատում։

- Պրն Ավինյան, տեսագրություն չի լինելու, տեքստային հարցազրույց է։

- Յա, բա շուտ ասեիք՝ իզուր տեղը շորերիս փոշի չքսեի։ Հա, «Սուրմալուի» մասին էի՞ք հարցնում։ Ես դեռ 2020-21 թվականներին եմ առաջարկել, որ հրագործական արտադրանքի վաճառքը խստացվի և թույլատրվի միայն հատուկ մրցույթ շահած ընկերությանը․․․ 

- Բա ինչո՞ւ մինչև հիմա չեք արել։

- Ճիշտն ասած՝ ինձ հետ հեչ կապ չունեցող «Գըմփ-գըմփ-հու» ՍՊԸ-ի գրանցումը ձգձգվում էր, մեծարգո պարոն վարչապետի եղբայրն էլ քաղաքում չէր, որ տնօրեն նշանակեի․․․ Բայց հիմա, վստահ եմ, գործընթացը կարագանա։

- Պրն Ավինյան, ճի՞շտ է, որ մտադիր եք դառնալ Երևանի քաղաքապետ։

- Դեռ վերջնական որոշում չունեմ։ Նախ՝ վերջերս աշխատանքային հանդիպում ունեցա սաստիկ բարեխիղճ գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ և պարզեցի, որ մայրաքաղաքում այլևս վաճառքի տարածք չի մնացել, երկրորդ՝ պրն վարչապետը Երևանի քաղաքապետի թեկնածուի առջև անընդհատ նորանոր պահանջներ է դնում։ Երեկ, օրինակ, ասում էր, որ ադրբեջաներենի իմացությունը պարտադիր է․․․ 

- Եվ ի՞նչ։

- Դե համենայն դեպս կամաց-կամաց սովորում եմ, բայց կրկնում եմ՝ վերջնական որոշում դեռ չունեմ։

- Այսինքն՝ Ձեր հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ լարվա՞ծ են, թե՞ պատրաստ եք մինչև վերջ լինել նրա կողքին։

- Կողքին լինելը գիտե՞ք՝ ոնց ա։ Եթե Հայաստանում իշխանափոխությունը տեղի ունենա այնպես, ինչպես ժողովուրդն է ուզում, ես իհարկե՝ կլինեմ նրա կողքին։ Նկատի ունեմ՝ կողքի պատժախցում։ Իսկ եթե իշխանափոխությունը լինի այնպես, ինչպես ես եմ ուզում՝ կլինեմ ոչ թե նրա կողքին, այլ նրա տեղում։ 

- Բայց այդ ուղղությամբ Սուրեն Պապիկյանն ավելի ակտիվորեն է աշխատում, պատրաստվում է ՔՊ համագումարին․․․ 

- Չի ստացվի։ Հեչ որ չլինի՝ ինչ-որ մեկը կահազանգի, որ նիստերի դահլիճում ռումբ է տեղադրված։

- Բայց շատ արագ կպարզվի, որ ահազանգը կեղծ է։

- Ինչպե՞ս կարող է կեղծ լինել, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն իսկապես էլ դահլիճում կլինի։

- Իսկ հետո՞։ 

- Դե էլ ի՞նչ հետո, հատուկ ծառայությունները կմտնեն ու կվնասազերծեն ռումբը։ Հիմա ուզում եք բոլոր փակագծերը բացե՞մ։

- Լավ, շնորհակալություն հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   33110 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ