Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եռօրյա համաժողովի աշխատանքներին, պրն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանն էլ, պատասխանելով համաժողովում տիրող մթնոլորտի վերաբերյալ հարցին, ասել է․ «այս պահին խաղաղ է, բայց թե ինչ կլինի ԱԺ նախագահի ելույթից հետո՝ չեմ կարող ասել»։
Տպավորություն է ստեղծվում, թե Ալեն Սիմոնյանը ոչ ավել, ոչ պակաս՝ առաջնագիծ էր գնացել, որտեղ չարանենգ ոսոխը պիտի հրետակոծեր հայկական պատվիրակության պաշտպանական դիրքերը, բայց իրավիճակը, երևի Արսեն Թորոսյանի խրոխտ կեցվածքի շնորհիվ, կարճ ժամանակով հարաբերականորեն կայուն է։ Երևի ճիշտ կլինի, եթե այս տպավորությունն ամրապնդելու համար տարածաշրջանի ամենամարտունակ թքողն Իռլանդիայից վերադառնա գզգզված մազերով, նռնակի բեկորներից բզկտված պիջակով ու թշին կպցրած արյունոտ «սանտավիկով», ու հենց «Զվարթնոցում»՝ ինքնաթիռից իջնելուն պես, հայտարարի, որ պատրաստ է մինչև արյան վերջին կաթիլը պայքարել հանուն պետական շահերի, այդ թվում՝ նաև ռազմաճակատի ամենաբարդ հատվածներում։
Իրականում Դուբլինը երևի իսկապես էլ Ալենչոյի համար ռազմաճակատի ամենաբարդ հատվածն է, որովհետև այդ քաղաքը, պատկերացրեք, ծովափին է, բայց «պլյաժ» չունի, ծովն էլ սեպտեմբերի վերջին բավականին սառն է։ Ու ըստ երևույթին հենց դա է եղել պատճառը, որ Ալենչոն (ո՞ւմ մտքով կանցներ) համաժողովին մասնակցելու ժամանակ է գտել։
Ինչ վերաբերում է նրա արտասանած ելույթին, ապա նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը, որը տեղի կունենա Գրանադայում, «մեկ քայլ առաջ կլինի»։ Հետաքրքիր է՝ ի՞նչ նկատի ունի Ալենչոն «մեկ քայլ առաջ» ասելով, եթե հաշվի առնենք, որ «Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների» վերջին հանդիպումից հետո Արցախը վերացավ։