«Փաշինյանի և Ծառուկյանի ստորագրած հուշագիրը շարունակո՞ւմ է գործել»:
«ՉԻ». Մի շտապեք քննադատել, թե ինչ իմաստ ունի անդրադառնալ որևէ ֆեյքի անտեղյակ և անգրագետ հարցադրմանը: Հարցի հեղինակը ամենևին էլ ֆեյք չէ: Ավելին, իրավաբան է և կուսակցության առաջնորդ: Երեկ հանրային հեռուստատեսության եթերում նման հարց հնչեցրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Այսինքն՝ զուտ նպատակահարմարությունից ելնելով, նպատակ ունենալով թյուրիմացության մեջ գցել մի քանի անտեղյակ քաղաքացու՝ չխորշեց քաղաքական և մասնագիտական անգրագիտություն տիրաժավորելուց:
Վկայակոչված հուշագիրը ստորագրվել է 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնելու համար, և առաջին դասարանցուն էլ է պարզ, որ նոր խորհրդարանի ձևավորմամբ հուշագիրը կորցնում է իր քաղաքական նշանակությունը:
Լավ է, որ Մարուքյանը պատմաբան չէ, հակառակ պարագայում կպնդեր, որ դեռ գործում է Ռիպենտրոպ-Մոլոտով պակտը: Ծառուկյանի բախտը բերել է, որ Մարուքյանը իր փաստաբանը չէ. մի քանի ցմահ ազատազրկումն անխուսափելի կլիներ:
Երեկ Մարուքյանը հայտարարում էր, որ չի հավատում իշխանության ազնվությանը: Ինչպե՞ս հավատանք իր անկեղծությանը, երբ ունենալով բարձրագույն կրթություն, կարող է այսպիսի մանիպուլյացիաների դիմել՝ հանուն քաղաքական դիվիդենտների: