...

Ցավակցում ենք Գևորգ Պետրոսյանի ուսանողներին

Ցավակցում ենք Գևորգ Պետրոսյանի ուսանողներին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր անհամաձայնությունն է հայտնել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվող՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին և ասել.

«Դատավորը մարդու ճակատագիր է որոշում, դատավոր պետք է լինի այն մարդը, ով փորձառություն ունի, թե չէ ասպիրանտուրան Լոնդոնում է սովորել, Հոլանդիայում է ման եկել, հետո՞, մենք պետք է մեր երկրի առանձնահատկությունները հաշվի առնենք: Մենք կրակն ընկա՞նք, որ Լոնդոն չենք գնացել սովորել»:

«ՉԻ». Միանգամից ասենք, որ մասնագիտությամբ Գևորգ Պետրոսյանը իրավաբան է, ավելին՝ դասավանդում է: Մեր ցավակցությունները նրա ուսանողներին:

Ի՞նչ է ասում Գևորգ Պետրոսյանը: Ասում է՝ գիտե՞ք, որ մարդը կրթություն է ստացել Հոլանդիայում կամ Մեծ Բրիտանիայում, դա նրան դատավոր նշանակելու «ասնավանի» չէ: 
Իսկ ահա Մնացական Մարտիրոսյանը, Ալեքսանդր Ազարյանը, Երեմ Եսոյանը, Գայանե Կարախանյանը, նման տասնյակ այլ դատավորներ, որոնք հարյուրավոր անմեղ մարդկանց են դատապարտել, իշխանությունների հրահանգներն են դակել, ճիշտ դատավորներ են, լավը, քանի որ Հայաստանում են կրթություն ստացել, կամ էլ՝ Սովետի ժամանակ: Սրանք Գևորգ Պետրոսյանի պատկերացրած փորձառու դատավորներն են: Հա, փորձառու են, քաղբանտարկյալները դա կհաստատեն:

Ուշադրություն դարձրեք Գևորգ Պետրոսյանի՝ «երկրի առանձնահատկություններ» արտահայտությանը: Իրավագիտության առումով՝ բացարձակ անգրագիտություն: Այսինքն, որ դատավորը մարդու հանդեպ վճիռ է կայացնում, պիտի ասի. «Գիտե՞ս ինչ, դու, իհարկե, անմեղ ես, բայց հաշվի առնելով հայաստանյան առանձնահատկությունները, քեզ դատապարտում եմ 3 տարվա ազատազրկման»:

Եվս մեկ անգամ մեր խորին ցավակցություններն այն ուսանողներին, որոնք ստիպված են լսել Գևորգ Պետրոսյանի «առանձնահատկությունները»:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2843 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ