...

Չեք պատկերացնում, թե ինչ լուրեր են շրջանառվում

Չեք պատկերացնում, թե ինչ լուրեր են շրջանառվում

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը իր էջում գրել է.

«Այսօր անակնկալ զանգ ստացա քննչական մարմիններից մեկից ու քիչ առաջ «բացատրություն» տվեցի մի գործով, որով ՀՀ գլխավոր դատախազին է դիմել ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Դիմելը դեռ ոչինչ։ Բայց այն գրությունը, որը նա դեկտեմբերի 4-ին հասցեագրել է՝ իմ և ԱԺ մեկ այլ պատգամավորի հասցեին «մեղադրանքներով» լի, դրա համար ամաչեցի։ Ամաչեցի հենց Նաիրա Զոհրաբյանի փոխարեն։ Ամաչեցի այս Ազգային ժողովի փոխարեն։ Ամաչեցի, որ մարդու իրավունքների հանձնաժողովը իր ձեռքերում է։ Ամաչեցի, որ օրենսդիր տիկինը իր «մեղադրանքները» հիմնավորում է «շրջանառվող լուրերի համաձայն» ձևակերպումով, մոռանալով, որ ինքը այլևս թերթի լրագրող չէ»։

Մենք հայ ժողովրդին մի թեթև ներկայացնենք, թե սա ինչ պատմություն է:

Ուրեմն, ֆեյսբուքում կա Ռեգինա Պրազյան անունով մի օգտատեր, որը ընդդիմության և նրա կարկառուն ներկայացուցիչների հասցեին սուր բաներ է գրում, մերկացնում ինչ-որ փաստերով, այդ գործիչների անձնական կյանքի վերաբերյալ միջադեպեր հրապարակում: Էս վերջերս էլ գրել էր, որ Արթուր Վանեցյանը դպրոցը չի ավարտել: Ահագին էլ լսարան ունի: Ակնհայտ է, որ ֆեյք է և իշխանությունների ֆեյքն է: Բայց թե կոնկրետ ում ֆեյքն է, դժվար է ասել: Եվ իր գրածներից որն է հավաստի, որը՝ սուտ, դա էլ չենք կարող ասել:

Եվ ահա Նաիրա Զոհրաբյանը, որը՝ հիշեցնում ենք, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն է, դատախազությանը ուղղված նամակում բողոքել է Ստյոպա Սաֆարյանից, քանի որ հենց վերջինս է այդ Ռեգինա Պրազյանի իրական տերը: Եվ այդ պնդումը Նաիրա Զոհրաբյանն արել է՝ հիմնվելով «շրջանառվող լուրերի վրա»:

Տեղն է քեզ, Նիկոլ: Ախր ինչո՞ւ պիտի Նաիրա Զոհրաբյանը ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ լիներ, որ հիմա նման աբսուրդ իրավիճակների ականատես դառնայինք ու մի հատ էլ սրա համար գլուխներս բռնեինք: Ինչո՞ւ պիտի մարդու իրավունքներից, ընդհանրապես՝ իրավական գիտելիքներից հեռու գործչին այսպիսի պատասխանատու պաշտոն վստահվեր: Դրա համար էլ էս օրն ենք ընկել:

Այսինքն, Նաիրա Զոհրաբյանը Սայաթ-Նովայի մի հատ թանկանոց, էլիտար շենքի դիմացի մայթով զբոսնելիս է լինում, երկու բիձա մարդ մայթին կանգնած, զրուցելիս են լինում, նրանց կողքով անցնելիս լսում է, թե ինչպես է մեկը մյուսին ասում. «Ա՜, բա գյուդում ե՞ս, էն Ռիգինա Պռազյանը, ասըմ են, Ստյոպա Սաֆարյանի ֆեյք էջն ա: Ա՜, շան վերդի ըլեմ, թե խափըմ եմ»: 

Ու Նաիրա Զոհրաբյանը, այս շրջանառվող լուրը լսելով, անմիջապես բողոք է գրում դատախազություն: Ստյոպա Սաֆարյանի դեմ: Ֆանտաստիկա է: Գրում, պրծնում է, հետո գնում՝ Ազատության հրապարակի հարթակում կանգնում է, բացականչում, թե Հայաստանում մարդու իրավունքները ոտնահարվում են: Թեպետ մինչև հիմա չգիտի, թե ինչ բան է անմեղության կանխավարկածը:

Եթե ամեն մեկը դատախազություն կամ ոստիկանություն դիմի՝ շրջանառվող լուրերը հալած յուղի տեղ դնելով, մեր քննչական համակարգը կպարալիզացվի: Որովհետև օդում այնքան լուրեր են շրջանառվում, թռչում, պտտվում, տարածվում: Այդ թվում՝ Նաիրա Զոհրաբյանի մասին: Վայ, նենց լուրեր են շրջանառվում: Ուժըս: Իր մասին, Ծառուկյանի, Իշխան Սաղաթելյանի, Լեդի Գագայի, Էրդողանի ու էլի լիքը մարդկանց մասին: Էդ բոլորը որ ստուգվեր, է՜:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1004 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ