Ինչ և ինչպես պատահեց, որ ՀՀ քաղաքացիները իրենց ձեռքով իշխանության բերած ՀՀ թավշյա իշխանությանը, հեղափոխությունից ընդամենը երկու տարի անց գրում է. - ...բարի եղեք հիշել, որ հենց այդ մարդկանց շնորհիվ տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը, որը և ձեզ իշխանության բերեց: Մինչդեռ այսօր, նման օրենսդրական փոփոխություններով, դուք նրանց շահերը, միջին և փոքր ձեռնարկատերերի շահերը ստորադասում եք խոշոր բիզնեսի և օլիգարխիայի հետաքրքրություններին, նսեմացնում ՀՀ քաղաքացիների արժանապատվությունը:
Արդյոք «չէրէզ» Ավինյա՞ն պատահեց, թե՞ «չէրէզ» դեպուտատ Լուլու և դեպուտատ Աղազարյան պատահեց, թե՞... վերջապես «չէրէզ» Մեշչյան` իր` «բիզնեսը նաև քաղաքաշինիչ է» դոկտորական թեզի հակիրճ «տղերք» նախաբանի հրապարակման շնորհիվ:
Ինչ և ինչպես պատահեց, որ հարկային օրենսգրքի «Սերժ-անտ» փոփոխությունների 2016-յան փաթեթը, որ չէր ընդունվել այն տարի, քանի որ նեղանալու էին և ճոխության հարկերի տակ քրտնել սկսող օլիգարխները և սոցիալապես անապահով խավը և միջին խավը: Ու հանկարծ, իմքայլականների նախընտրական խոստումների հանգույն, հայտնվեց փաթեթն այս` իր կիսատ տարբերակով` նոր ժամանակներում և հապճեպ մտավ փուլ առաջին, ապա` փուլ երկրորդ:
Ինչ և ինչպես պատահեց, որ ՀՀ քաղաքացին է ՀՀ վարչապետին ու ԱԺ նախագահին գրում այսպիսի բաներ.
...հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները, առաջնորդվելով նախ և առաջ Հայաստանի քաղաքացու շահով և իրավունքով, ինչպես և, ձգտելով խուսափել ծանր հետևանքներով հղի սոցիալական լարվածությունից, կոչ ենք անում ու պահանջում.
կասեցնել ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկված փոփոխությունների ընդունման գործընթացը,
առավելագույնս թափանցիկ և հանրային քննարկման համար բաց ձևաչափով լրամշակել, եթե հարկ է` ամբողջովին փոխել առաջարկվող փաթեթը (ներառելով ու հավելելով նաև անշարժ գույքի կադաստրային արժեքի վերահաշվարկի սկզբունքները և մեխանիզմը):
Կզորի՞ արդյոք հասկանալ ժողովրդի սիրելի ու ժողովրդի ընտրյալ Նիկոլը, որ սա ընդամենը մի դրվագն է համապարփակ իրավիճակի, որ գոյություն ունի ֆեյսբուքից դուրս:
Կզորի՞ նա վերջապես իրեն իրական Հայաստան տեղափոխել ցանկացողներին չվերաբերվել որպես նախկինների ֆեյքերի և կզորե՞ն նա ու իր թիմն ու մոլեռանդ ջատագովները հարցեր դնել ու լուծելու փոխարեն, կիսառուսախոս մի քանի երևանցու գործածած «բնիկ» տերմինը մանիպուլյացիայի միջոց չդարձնել ու չհարձակվել գույքահարկի չքննարկված, չհրապարակված, չշրջանառված օրենքի նախագծի «սոցիալ-ռասիստական» տարրերին այդպիսով` հակարժեք «սոցիալ-ռասիստական» տերմինով հակադրվող մարդկանց վրա, այլ դիսկուրսը հետ տանել խնդրի էությանը:
Ողջունելի են ՀՀ ԱԺ որոշ լուսավորյալ պատգամավորների ուշացած, բայց խոստովանենք` որոշ էֆեկտ տված, ցավոք, դարձյալ ՖԲ-յան քննարկումները և բացատրությունները: Ինչին հաջորդեցին կառավարության բացատրությունները, գույքահարկ-գույք հաշվիչը արագ տեղադրելու խոստումները... մնացին չբացատրված, մոտ մի տասնյակ կետերն ու հարյուրներով անելիքը... չէ, ոչ միայն այս գույքահարկի օրենքում, այլ ամենուր: Իսկ ԻՆՉՈՒ: Որովհետև ֆեյսբուքը հռետորաբանության, մոբիլիզացման և հեղափոխության, հանրային ճամարտակության, իմաստուն մտքերի ու առաջարկների, և այլն, ու այլն.... գործիք և գործիքակազմ է, բայց ոչ երբեք, ոչ երբեք` երկիր կառավարելու: Ավելի պարզ ասեմ` երբ հեղափոխության կոչ ես անում` Հանրապետության հրապարակում հավաքվելու, դրանից հետո` հավաքվելուց հետո կատարվող քայլերդ (հիշում եք, չէ՞, իմքայլականներ) իրական աշխարհում ու կյանքում են տեղի ունենում, ու երբ դու ֆեյսբուքով, արդեն որպես, դե ասենք` վարչապետ, խիստ դիմակակրման հրահանգ ես տալիս, իրական կյանքում լրիվ այլ բաներ են տեղի ունենում... Որովհետև հետադարձ իրական կապ և իրական կյանքում քո կամ ձեր հանձնարարածի, հրահանգի կատարողականի ստուգում տեղի ՉԻ ՈՒՆԵՆՈՒՄ:
Հակոբ Գրիգորյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2020