...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Ֆեյք հերոսների ժամանակը

Լավ շաբաթ էր: Մենք գոհ ենք: Այն անցավ Սայաթ-Նովայի հայտնի խոսքերից մեկի նշանաբանով. «Գրիչ սիրե, ղալամ սիրե»: Երբեք չէինք պատկերացնի, որ 700-800 եվրոյանոց գրիչը 700-800 մլն եվրոյի շուխուր կհանի: 

Բայց անդրադառնանք բանակի օրվան: Հունվարի 28-ին այդ օրվա առթիվ ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ, ռեպորտաժներ, ելույթներ ու շնորհավորանքներ եղան: Աչքի անցկացնելով այդ հրապարակումները, այսպես ասած՝ մոնիտորինգ անելով, եկանք այն եզրակացության, որ Հայկական բանակը հիմնադրել են երկու հոգի, իսկ հզորացրել՝ մի հոգի: 

«Կարշոլկից» մինչև զորավար

Դատելով քոչարյանական լրատվամիջոցներից, Ռոբերտ Քոչարյանը դեռ մետաքսի կոմբինատի պարտկոմ եղած ժամանակ հայկական բանակի հիմնադրման անհրաժեշտության և անխուսափելիության  մասին հոդվածաշար է հրապարակել «Մետաքսագործ» թերթում, իսկ հետո իր «Զապը» վերածել է շտաբի, որտեղ մի խումբ գեներալների հետ հիմնադրել է բանակը, միանգամից տեղում գծագրել ռազմական գործողությունների պլանը՝ Շուշիից մինչև Թարթառ, Ֆիզուլիից մինչև Օմարի լեռնանցք, ու հետո, երբ Սովետը քանդվել է, կոմբինատն էլ պարապուրդի է մատնվել, միակ հերոսը իր իսկ հիմնադրած բանակը ԺԵԿ-ի տեղեկանքով ու նոտարով օրինականացրել է, հետո «Զապը» ծախել է, տեղը 350 Տ-72 տանկ է գնել, մի քիչ էլ՝ Մի տեսակի ուղղաթիռ, ու վերջին կոպեկներով էլ՝ 6 հատ «Իգլա»... մնացածը գիտեք, իր ինքնակենսագրականում սաղ գրված է: Եկել է Հայաստան, տեսել է, բանակ գոյություն չունի, տեղնուտեղը մի հատ բանակ է հիմնադրել, տեխնիկայի վերջին խոսքով զինել, դարձրել տարածաշրջանի ամենամարտունակ զորքը: 

Այդ առումով Սերժ Սարգսյանը համեստության օրինակ է: Մենք ինչ-որ չենք հիշում, որ նա իրեն համարի հայկական բանակի հիմնադիր, կամ իրեն վերագրի հնարավոր բոլոր հաղթանակները, քյալլագյոզության այդ աստիճանի նա այդպես էլ չհասավ: Բայց մի երկու տեղ գրեցին, որ հայկական բանակի ստեղծման ակունքներում է կանգնած, Արցախի բանակն է կազմավորել, իր օրոք բանակում կարգ ու կանոն հաստատվեց,  կոռուպցիան վերացվեց, ապրիլյան պատերազմում իրեն դրսևորեց որպես հմուտ գերագույն և գլխավոր հրամանատար: Դե, էլի ոչինչ, ուրացողության դոզան այդքան շատ չէ, մարսել այս ամենը հնարավոր է:

Միջին դարերի առավելությունը

Նիկոլ Փաշինյանը, փառք աստծո, առայժմ իրեն չի դասել բանակի ֆեյք հիմնադիրների շարքում: Նա բավարարվել է նրանով, որ ապրիլյան պատերազմի մասին տեսանյութ է հրապարակել, մի քանի տեղ էլ նյութեր հրապարակեցին, որտեղ «Իմ քայլը» ջոկատը մասնակցում է պատերազմին: Բայց իրենք էլ որ խոսում են բանակի մասին, այնպիսի տպավորություն է, որ բանակը ինքն իրեն է 1992թ. հունվարի 28-ին հիմնադրվել: Այսինքն, մարդիկ առավոտյան արթնացել են, մեկ էլ՝ հոպլա, մի հատ բանակ են տեսել: Հարցուփորձ են արել, թե էս ում բանակն է, ձեն հանող չի եղել, այդպես էլ գործի նյութերով չեն պարզվել այդ բանակի իրական հիմնադիրները: 

Դե, որպեսզի չթվա, թե բանակն անտեր է, դրա համար էլ 20 տարուց ավել է, ով չի ալարում, իրեն համարում է բանակի հիմնադիր:

Իսկ ահա Լևոն Տեր-Պետրոսյանը, որը մեր ունեցած հավաստի տեղեկություններով, բանակի ստեղծման գլխավոր ճարտարապետն է եղել, բան չի ասում, էլի գրոսմայստերական պաուզա է վերցրել: Եվ իսկապես, ի՞նչ խոսի, ինչ-որ ասելու է, ասել է ժամանակին, ինչ-որ ստեղծելու է, ստեղծել է, վերջում էլ հիշեցրել է. «Հաղթանակը հարյուր տեր ունի, իսկ պարտությունը որբ է»: Հիմա այդ ժամանակներն են. ֆեյք հերոսները տիրություն են անում հաղթանակներին, պարտությունների մասը ի պահ են տվել Առաջին նախագահին: Եթե այս ամենը տեղի ունենար, օրինակ՝ միջին դարերում, ապա այսօր դասագրքերը մեր աչքը կմտցնեին սատկած առյուծ թամքող հերոսների պատկերները, գլխավոր փեսայի կողմից թշնամուն կապիտուլյացիոն պայմանագիր պարտադրելու պատմությունը և այլն: Ո՞վ պիտի ստուգեր. ֆեյք հերոսները հոդվածները պատվիրում էին ֆեյք պատմիչներին, սրանք էլ համապատասխանաբար պատմությունը քերթում էին. ոչ ինտերնետ կար, ոչ՝ տեսանյութ, ձայնագրություն, այլ լրատվամիջոցներ: 

Հիմա մի քիչ ժամանակները փոխվել են, թեպետ Ռ. Քոչարյանը դեռ միջին դարերից դուրս չի եկել. նրան թվում է, թե հարյուր հատ լրատվամիջոց կերակրելով, իր հերոսական կերպարի մասին հեքիաթները սերնդեսերունդ անցնելու են: Ուղղակի այդ ծախսվող միլիոններն են ափսոս:  

«Չորրորդ իշխանություն», թիվ 18, 2020

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ