...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Հարցեր, որոնց պատասխանները կան

Անցած շաբաթ տեղի ունեցավ այն, ինչը պետք է տեղի ունենար. Վազգեն Մանուկյանը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար երաշխավոր լինել: Հիմա այստեղ չենք գրելու, թե սրանով Վազգեն Մանուկյանը իր քաղաքական մահն արձանագրեց, որ պրծած մարդ է և այլն: Մեզ ավելի շատ հետաքրքրում է Վազգեն Մանուկյան-Ռոբերտ Քոչարյան կապը: Այսինքն, ի՞նչը կարող է նրանց միավորել: Ի՞նչ ընդհանրություններ ունեն, ինչպե՞ս էր հնարավոր, որ 88-ի շարժման ակնառու գործիչներից մեկը 88-ը պղծած անձին երաշխավոր դառնա:

Թերես, երկուսին միավորողը իշխանատենչության և սեփական բացառիկության մոլուցքն է: Երկուսն էլ համարում են, որ օժտված են ազգին առաջնորդելու ոչ հողեղեն առաքելությամբ: Որ հենց իրենց է տրված պատմություն կերտելու գործը: Կարճ ասած՝ հայկական ֆյուրերի սինդրոմով են տառապում: Եվ իրենց նպատակին հասնելու ճանապարհին երկուսն էլ միջոցների որևէ խտրականության չեն գնացել: Եթե գերմանական ֆյուրերը իր իշխանությունը հավերժացնելու համար Ռեյխստագ էր վառում, ապա այս երկուսը գրոհում էին խորհրդարանի վրա, Հոկտեմբերի 27 էին սարքում ու հրճվում Վազգեն Սարգսյանի դիակի կողքին, ԺԵԿ-ի տեղեկանքով իշխանություն էին զավթում, գաղտնի հրամաններով Արցախի սահմանները դատարկում ու զորքը ժողովրդի դեմ հանում:

Նպատակը արդարացնում է միջոցները: Այնպես որ, Հայաստանի պետականության այս 30 տարվա ամենաողբերգական, ամենաէական և առավել ծանր հետևանքներ ունեցած իրադարձությունները այսպես թե այնպես կապված են Քոչարյանի և Վազգեն Մանուկյանի հետ: 

Պետականության կեղծ և իրական հայրերը

Մի անգամ մեկը գրել էր, թե Հայաստանի պատմությունը՝ դա Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի հայացքների, տեսլականների, պետականության զարգացման հարցում ունեցած տարաձայնությունների պատմությունն է: Ռացիոնալիզմի և իռացիոնալիզմի, հոգևորի և նյութապաշտության բախումների էջեր են: 
Եթե նույնիսկ համարենք, որ նման բախում, թեկուզ՝ հեռակա, եղել է, ապա դա եղել է շատ վաղուց և ավարտվել է:

Երբ Սողոմոն իմաստունի մոտ երկու կին եկան՝ վիճելով, թե ումն է փոքրիկ երեխան, նա վճռեց երեխային երկու կես անել, մի կեսը իսկական մորը տալ, մյուսը՝ կեղծ: Կեղծ մայրը համաձայնեց այդ որոշմանը, իսկ իրական մայրը խնդրեց երեխային չսպանել և տալ կեղծ մորը: Այդպես պարզվեց, թե ով է երեխայի իրական մայրը: Տեր-Պետրոսյան-Վ. Մանուկյան վեճը ավարտվեց այն պահից, երբ Վազգեն Մանուկյանը համաձայնեց այդ պետականությունը կիսել, տրոհել, տրորել, մեջ-մեջ անել, միայն թե ինքը համարվի պետականության հայրը:  

Ատելության թիրախում ժողովուրդն է

Վազգեն Մանուկյանը այսօր պայքարի մեջ է մտել արդեն հանրության հետ՝ համարելով, որ հասարակությունը դեռ այնքան գիտակ ու հասունացած չէ, որպեսզի պետականության համար կարևորագույն խնդիրներ լուծի, դա պետք է անեն միայն ընտրյալները, որպիսին նա իրեն է համարում: Այստեղ էլ են Վազգեն Մանուկյանի և Ռոբերտ Քոչարյանի պատկերացումները համընկնում: Երկուսն էլ ժողովրդին վերաբերվում են որպես հոտ, ոչխարի հոտ, որի միակ գործը հովվի, առաջնորդի, ֆյուրերի հետևից գնալն է: Այլ գործառույթ նրանք ժողովրդի համար չեն տեսնում: Դրա համար էլ 1996-ին իրեն համաժողովրդական թեկնածու անվանող Վազգեն Մանուկյանը 1998-ին շատ հանգիստ կանգնեց ժողովրդի դեմ դուրս եկած թեկնածուի կողքին: Ձեռք չմեկնեց Կարեն Դեմիրճյանին, որովհետև ինքը թքած ուներ ժողովուրդ հասկացության վրա, այդ ժողովուրդը միայն մեկ անգամ է իրեն անհրաժեշտ եղել՝ 1996-ին, դրանից հետո նա մինչև հիմա առաջնորդվել է ոչ թե հանրության, պետության, պետականության շահերով, այլ Հայաստանում ֆյուրերիզմի հաստատման գործընթացին աջակցելով: Ու հիմա նրան հանգիստ չի տալիս այն, որ հասարակությունը արհամարհում է իրեն, իրեն՝ «հինգ պակաս» ազգի առաջնորդին: Այդ հասարակությունը նոր առաջնորդներ է ընտրել, այլ հարթության մեջ է գտնվում, Հայաստանի զարգացման այլ ճանապարհով է գնում՝ առանց Վազգեն Մանուկյանից թույլտվություն ստանալու: Վազգեն Մանուկյանը այդ ամենը երբեք չի ների ժողովրդին: Դրա համար է այսօր փորձում միավորել բոլոր այն ուժերին, որոնք 20 տարի շարունակ պատերազմել են ժողովրդի դեմ, ամայացրել ու պղծել Հայաստանի քաղաքական, տնտեսական, հոգևոր և բարոյական դաշտը: Ռոբերտ Քոչարյանն էլ չի ների ժողովրդին: Այստեղից էլ Վազգեն Մանուկյանի պայքարը Քոչարյանի ազատության համար՝ ընդդեմ հանրության և պետականության:

«Չորրորդ իշխանություն», թիվ 22, 2020

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ