...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Վանո Սիրադեղյանը ճիշտ էր, դուք՝ սխալ

Անցնող շաբաթը խորացրեց հանրային այն մտահոգությունը, որ մեր ներքաղաքական զարգացումները թևակոխում են բավական վտանգավոր փուլ: Հեղափոխությունից հետո ռևանշիստական, հակահեղափոխական ուժերը, աստիճանաբար ուշքի գալով, օգտվելով նաև իշխանությունների անվճռական, երերուն, դանդաղ գործողություններից, անցել են լայնածավալ հարձակման: 

Եվ այստեղ մենք ստիպված ենք առաջին պլան բերել Վանո Սիրադեղյանին: Վերջինս այսօրվա իրավիճակի վերաբերյալ միլիմետրի ճշգրտությամբ կանխատեսումներն ու պատճառները ներկայացրել է դեռևս 21 տարի առաջ՝ 1999թ. հունվարին, երբ քոչարյանական բանդան հարվածի ալիքն ուղղեց իր դեմ:

Վանո Սիրադեղյանն այն ժամանակ իր խոսքում ոչ միայն քոչարյանականների էությունն էր նկարագրել, նրանց մարդկային էությունը, այլև դրանով նաև Վազգեն Սարգսյանին սթափության կոչ էր անում, որ հասկանա, թե ինչի են ընդունակ քոչարյանականները:

Մի մեջբերում անենք Վանո Սիրադեղյանի խոսքից՝ քոչարյանական, ավազապետական ուժերի մասին. «Սրանք այնպիսի անպատկառությամբ են օժտված, որ ժողովրդին ու բանակին պարտության տանելուց հետո էլ փորձելու են մնալ իշխանության գլխին, և քանի որ ոչ ոք դա չի հանդուրժելու, երկիրը ներքաշելու են այս անգամ քաղաքացիական պատերազմի մեջ։

Եվ իրենց ձեռք չէր տալիս երկրորդական տեղերը Հայաստանում։ Թող որ սա խմորված լինի ենթագիտակցական մակարդակում. դրանից խնդրի էությունը չի փոխվում։ Ուրեմն, վերցնել իշխանությունը և ամրապնդվել։

Ամրապնդվել ըստ ամենայնի և միջոցների մեջ խտրություն չդնելով։ Բացարձակ անպատկառությամբ։ Զուրկ ոչ միայն հասարակական, ոչ միայն բարոյական պարտավորությունից, այլև առանց տարրական ամոթի զգացման։ Որովհետև ամոթի ինչ զգացում պիտի ունենա մարդը, որ իր ապրած տեղում ոչ հարևան ունի, ոչ տոհմ, ոչ շրջապատ ու փողոց, ում առաջ ամաչի»:

Վանո Սիրադեղյանի ամեն խոսքը ահազանգի ղողանջ էր, որն այդպես էլ լսելի չդարձավ Վազգեն Սարգսյանին, և դա աղետալի հետևանքներ ունեցավ ընդամենը մի քանի տարվա պատմություն ունեցող անկախ Հայաստանի համար: 1999թ. հոկտեմբերի 27-ը դարձավ բանդիտիզմի 20-ամյա ասպատակության առաջին արարը: 

Ահազանգի ղողանջներ

Հիմա զարգացումները կրկնվում են: Նախկինները՝ չհաշտվելով իշխանության կորստի հետ, հնարավոր բոլոր մեթոդներով, պլանավորված, կազմակերպված երկիրը տանում են դեպի պատերազմ: Հիմա այդ պատերազմի նախապատրաստական փուլն է, որն ուղեկցվում է լայնամասշտաբ քարոզչական հրետակոծությամբ, հանրության մեջ տագնապի, անվստահության, ապատիայի սերմեր ցանելով, երկրի մոտալուտ կործանման և Արցախը հանձնելու անդադար հայտարարություններով: Ամեն ինչ նույնն է, նույնիսկ սցենարի հեղինակներն ու կատարողներն են նույն ուժերը. Վազգեն Մանուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Դաշնակցությունը, իրենց սպասարկող լրատվամիջոցները, նախկին կոմերիտական կարիերիստները՝ Խոսրով Հարությունյանով, Կարեն Կարապետյանով, Գեղամյանով, քրեաօլիգարխիկ տարրերը, Արցախում իրենց երկրորդական դերերը չհանդուրժողները: Այս ուժերը անցել են հարձակման և իրենց նպատակին հասնելու ճանապարհին ոչ մի բանի առջև չեն կանգնելու, հենվելու են և արդեն հենվում են օտարերկրյա ուժերի աջակցության վրա: Ինչ-որ տեղ արդեն նաիրի հունանյաններ են բուծում: Մենք այս մասին ամեն օր ենք ահազանգում:

Թավիշ առ թավիշ դիրքերը կորցնում եք

Իսկ ի՞նչ են անում իշխանությունները: Հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգավոր զարգացումներ են ընթանում Հայաստանում: Ցավոք սրտի՝ ոչ: Առայժմ հեղափոխության թոզն ու ինքնասիրահարվածության դոզան թույլ չեն տալիս սթափ գնահատել իրավիճակը: Հեծանիվ հորինելու կարիք էլ չկա. Վանո Սիրադեղյանը, հետագայում Լևոն Տեր-Պետրոսյանը մանրամասն, գիտականորեն, քաղաքականորեն, պատմականորեն, դրել ու այս ուժերի էպիկրիզը տվել են. պարզ, մատչելի լեզվով: Սրան գումարած՝ բանդիտիզմի անցած 20 տարվա պատմությունը: Այս ամենը ելակետ դարձնելով՝ օրվա իշխանությունները պետք է վաղուց բնում խեղդած լինեին ռևանշիզմի և ավազակապետության վերականգնման ցանկացած փորձ, այդ ուժերը ընդհանրապես պետք է ծպտուն չհանեին: Իսկ հիմա սպառնում են, արդեն պատերազմ սկսելու ակնարկներ են անում:

Իսկ սրանք նստել, թավիշ-թավիշ են խաղում, խորհրդարանում կռիվ-կռիվ են խաղում, շոուներ են սարքում, իսկականից մի հատ մանկապարտեզ: Ձեզ թվում է՝ Սեդա Սաֆարյանի ընտանիքին ծեծելը պատահական բնո՞ւյթ էր կրում: Դա «պրոբնի շար» էր, որով ստուգում էին, թե ինչ հետևանքներ կունենա: Իսկ հետևանքներ չեղան: Ոչ ոք չպատժվեց: Հաջորդ դեպքն ավելի լուրջ է լինելու: Հաջորդը՝ ավելի լուրջ: Պատերազմը՝ իր բոլոր դրսևորումներով, չոքել է ձեր դռանը: Եթե այս իշխանությունները շարունակեն իրենց քթից այն կողմ ոչինչ չտեսնել, ապա իրենցից միայն կոստյումները կմնան:

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ