2020-ը դեռ չի ավարտվել
2020 թվականն ավարտվեց: Բայց ավարտվեց միայն դե յուրե, իսկ ահա դե ֆակտո այն շարունակվում է՝ իր բոլոր մղձավանջներով, համավարակով, տարածքային և մարդկային կորուստներով, պետականության կործանման վտանգներով:
Եվ սրա վերջը չի երևում: Պետություն չկա: Իշխանություն չկա: Ընդդիմություն չկա: Քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքը կաթվածահար է: Տնտեսականի հետևանքները դեռ նոր են սկսելու իրենց զգալ տալ:
Պատային իրավիճակ է: Ընդդիմությունը փորձեց կացնային մեթոդներով զավթել իշխանությունը, ահագին ռեսուրսներ ներդրեցին այդ գործում, բայց զրո արդյունք ստացան: Պարզվեց, որ մեր հասարակությունը այս 17 կոչվող քաղաքական ուժերին՝ Վազգեն Մանուկյանով հանդերձ, որևէ ցանկություն չունի տեսնել իշխանության ղեկին: Պատկերացրեք, ի՞նչ աստիճանի ամորֆ, գաղափարազուրկ և հեղինակազրկված պետք է լինի ընդդիմությունը, որ պատերազմից հետո հարյուրապատիկ թուլացած իշխանությանը չկարողանա որևէ բան պարտադրել:
Եվ Նիկոլ Փաշինյանը քաջ գիտակցում է սա: Նա հասկանում է, որ քանի դեռ իր այլընտրանք է համարվելու այս ընդդիմությունը, ինքը իշխանության մնալու շանսեր դեռ ունի: Վերջին օրերին շատ հաճախ է մի տեսակետ շրջանառվում, որ եթե չլիներ այս ընդդիմությունը, ապա Նիկոլ Փաշինյանի հրաժարական պահանջելու գործընթացն ավելի դյուրին կլիներ: Դրա մեջ ճշմարտության հատիկ կա, քանի որ ընդդիմադիր այս ուժերը 20 տարի ժամանակ և հնարավորություն են ունեցել՝ երկիր կառուցելու, զարգացնելու, Ղարաբաղի հարց լուծելու, բայց արել են ճիշտ հակառակը. թուլացրել են երկիրը, միջազգային մեկուսացման տարել, տնտեսական դաշտը յուրացրել, բանակը թողել 80-ականների զենքի հույսին:
Կրակն ենք ընկել
Այս իրավիճակից ելք առայժմ չենք տեսնում: Իհարկե, կա մի ելք. դա Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է և արտահերթ ընտրությունների շուտափույթ անցկացումը, բայց վարչապետը ոչ միայն մտադիր չէ իշխանությունը թողնել, այլև մի բան էլ նախահարձակ է լինում: Օրերս հերթական լավաշ-գրառումն էր արել, որի ողջ իմաստն այն է, որ պատերազմի այս աղետալի հետևանքների համար մեղավոր են բոլորը, բացի իրենից: Մի թույն բանաձև էլ էր մոգոնել. ես գլխավոր պատասխանատուն եմ, բայց գլխավոր մեղավորը չեմ: Քիչ է մնում Քրեական օրենսգրքում փոփոխություններ արվեն, որպեսզի իրարից տարանջատվեն «մեղավոր» և «պատասխանատու» տերմինները:
Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը սկսել է ձախողումներ համարել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այնպիսի փուլեր և իրադարձություններ, որոնք ժամանակին հենց ինքն է գովերգել: 1994 թվականի զինադադարն ու 1996 թվականի Լիսաբոնյան գագաթնաժողովն էլ մտցրեց իր կապիտուլյացիայի պատճառների մեջ: 1,5 տարի առաջ իր խորհրդականներից մեկը՝ եթե չենք սխալվում, Սրբուհի Գրիգորյանը, Տեր-Պետրոսյանին մեղադրեց Գյանջան չգրավելու մեջ: Շան լափը թափեցին գլխին, սսկվեց: Բայց պարզվեց, որ այդ հիվանդագին մեղադրանքները փոխանցել է Փաշինյանին, և հիմա սա նույնն է ասում:
Փորձանք, փորձանք մինչև վերջ
Արցախյան պատերազմի աղետալի հետևանքները դեռ չմարսած, հիմա թևակոխում ենք նոր փորձանքների ու փորձությունների փուլ: Նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ Ալիևի հետ պետք է ինչ-որ բան ստորագրի: Թե ինչ՝ չգիտենք, բայց կյանքը ցույց է տվել, որ եթե Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ ինչ-որ բան է ստորագրում, ուրեմն տարածքային կորուստներ են լինելու: Հիմա օրակարգում արդեն Սյունիքի հարցն է: Ալիևը չի էլ թաքցնում, հրապարակավ պահանջում է միջանցք տրամադրել դեպի Նախիջևան: Թե դրա փոխարեն մենք ինչ ենք ստանալու, բան չի ասում: Մենք էլ ամաչում ենք Ալիևին հարցնենք: Մեր իշխանություններից որևէ պարզաբանում, բացատրություն սպասելն անհույս գործ է: Նույնիսկ պատերազմում զոհվածների ու գերի ընկածների մասին թվերն են գաղտնի պահում: Ասում են՝ պետական գաղտնիք է: Բա որ դա է պետական գաղտնիք համարվում, հաստատ մեզ տեղյակ չեն պահի, թե Մոսկվայում ինչ փորձանք է մեզ սպասում:
Երևի Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ Մոսկվայում հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթն են «դայաղ» անելու, դրա համար շուտափույթ հայտարարեց, թե կորոնավիրուսով պայմանավորված, ինքնամեկուսանում է: Որ այդ պատրվակով Մոսկվա չմեկնի: Բանը հասավ նրան, որ «Վարգոնզոն» տեղեկություն տարածեց, թե Մոսկվայից բժիշկների ու համաճակարակաբան մասնագետների հատուկ խումբ է գալիս Երևան, որ հերթով ստուգեն բոլոր այն պաշտոնյաներին, որոնք պետք է Մոսկվա գնան: Սա, իհարկե, ֆանտաստիկայի ժանրից է թվում, բայց արդեն այնպիսի բաներ ենք տեսել, որ վախենում ենք, թե սա էլ ճիշտ լինի: Այսինքն, կարող է գան, ստուգեն. Նիկոլ Փաշինյանը Երևանում մնալու հիմքեր ունի՞, թե՞ ոչ: Ամբողջ աշխարհով մեկ ծիծաղի առարկա ենք դարձել:
«Չորրորդ իշխանություն», թիվ 1, 2021