...

Դավաճանի պիտակի ու «մյուս կեսն էլ կործանելու» վճռականության միջև

Դավաճանի պիտակի ու «մյուս կեսն էլ կործանելու» վճռականության միջև

Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցն, իհարկե, առաջին հերթին լրջանալու և միասնաբար ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու մասին էր, բայց հանրային արձագանքներից տպավորություն ստեղծվեց, թե նա առաջարկում է ընդունել կապիտուլյացիան, այդպիսով անուղղակիորեն սատարում է Նիկոլ Փաշինյանին, նրան այլևս «ազգակործան պատուհաս» չի համարում, և այլն։ Ինչ արած, եթե հանրային ընկալման մակարդակը դա է՝ փորձենք հենց այդ տեսանկյունից էլ վերլուծել առաջին նախագահի ասածը։ 

Իսկապե՞ս նա «անուղղակիորեն սատարեց» պետության գործող ղեկավարին։ Ճիշտ հակառակը՝ նրա ասելիքի հիմքում այն հստակ արձանագրումն էր, որ Հայաստանն այսօր ադեկվատ իշխանություններ և պետության ադեկվատ ղեկավար չունի։ Այլապես ի՞նչ իմաստ կունենար նախկին նախագահներով հավաքվելն ու գործող իշխանություններին իրավիճակը սթափ գնահատելու և «հնարավոր ամենաքիչ ցավալի» որոշումն ընդունելու կոչ անելը։ Չէ՞ որ այսպես թե այնպես՝ դա ցանկացած նորմալ իշխանության ուղղակի պարտականությունն է, ինքնին ենթադրվող գործելակերպ, որի մասին չարժե նույնիսկ հիշեցնել։ Առողջ մարդուն պետք չէ ամեն վայրկյան հուշել, որ շնչի, պետության նորմալ ղեկավարին պետք չէ հուշել, որ սթափ որոշումներ ընդունի, ու եթե այսպիսի բարձր մակարդակով որոշել են Փաշինյանին «կողքից հուշել», նշանակում է՝ վստահ են, որ նա նորմալ ղեկավար չէ և առանց աչք թարթելու «մյուս կեսն է՛լ կկործանի»։ 

Հիմա՝ պատասխանատվության մասին։ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ինքն է խոստովանել, որ կարող էր «հնարավոր ամենաքիչ ցավալի» որոշումն ընդունել, բայց չի արել, որովհետև վախեցել է, որ իրեն դավաճան կանվանեն։ Դրանից հետո ոչինչ չի փոխվել, և շատ մեծ հավանականություն կա, որ Նիկոլ Փաշինյանը ևս մի անգամ նույն կերպ կվարվի, այսինքն՝ կվախենա ամենաքիչ ցավալի լուծումն ընդունել (որ հանկարծ իրեն դավաճան չասեն) ու նոր աղետների կտանի երկիրը, որի արդյունքում կկորցնենք շատ ավելին, քան կկորցնեինք, եթե Նիկոլը չվախենար դավաճանի պիտակից։ Հենց այդ վախը չեզոքացնելու նպատակով է Տեր-Պետրոսյանն առաջարկում կազմակերպել փակ քննարկում նախկին նախագահներ-Փաշինյան ձևաչափով, հստակ և ամբողջական պատկերացում կազմել իրավիճակի մասին, համաձայնության գալ, թե որն է հնարավոր ամենաքիչ ցավալի լուծումը, և Նիկոլ Փաշինյանի՝ այդ լուծումն ընդունելու դեպքում նրա հետ ամբողջովին կիսել այդ որոշման պատասխանատվությունը (այսինքն՝ հասարակությանը հստակ ուղերձ հղել, որ անկախ նրանից, թե ով է իշխանության՝ այս պահին Հայաստանի համար ամենաօպտիմալ լուծումը սա է, իսկ եթե հասարակությունը դա դավաճանություն է համարում՝ ուրեմն դավաճան պիտի համարի իրենց բոլորին)։ Համաձայնվեք՝ սրանով Նիկոլ Փաշինյանին շանս է տրվում գոնե մի անգամ առաջնորդվել ոչ թե սեփական վախերով կամ ամբիցիաներով, այլ պետական շահով։ Ընդ որում՝ հասկանալի է, որ նախկին նախագահների կողմից ցավալի հանգուցալուծման պատասխանատվությունը կիսելը չի նշանակում, որ հետագայում «փակված» է համարվելու այն հարցը, թե ում մեղքով երկիրը հասցվեց ցավալի հանգուցալուծման անխուսափելիության վիճակին։ Պարզապես հիմա դրա ժամանակը չէ, հիմա պետք է կայացնել որոշումը, որպեսզի վաղը-մյուս օրը չհայտնվենք շատ ավելի ծանր վիճակում ու շատ ավելի ցավալի զիջումների անխուսափելիության փաստի առաջ։

Կհամաձայնվեն մյուս նախկին նախագահները հանուն պետության Նիկոլ Փաշինյանի հետ կիսել պատասխանատվությունն ու «դավաճանի խարանը»՝ շատ լավ, չեն համաձայնվի՝ դրանով իսկ կտրուկ կմեծացնեն հավանականությունը, որ Նիկոլ Փաշինյանը, աթոռն ու կյանքը կորցնելու վախից կուրացած, կգերադասի գնալ «մյուս կեսն էլ կործանելու» ճանապարհով։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1669 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ