...

Որ ամեն ձախողված հրաժարական տա՝ ո՞ւր կհասնենք

Որ ամեն ձախողված հրաժարական տա՝ ո՞ւր կհասնենք

Գժանոցի այն պալատում, որտեղ պառկած էր քաջարի զինվոր Շվեյկը, մի գյուտարար կար, որն անընդհատ քչփորում էր քիթն ու բացականչում, թե ինքը հենց նոր հայտնագործեց էլեկտրականությունը։ Գժանոցի պալատների համար նման կրկնությունները գուցեև սովորական են, բայց Նիկոլ Փաշինյանը, ամեն դեպքում, գերազանցեց այդ «գյուտարարի» ռեկորդը՝ Մյունխենում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասելով, որ մենք կորսված հայրենիք ունեցել ենք 2018 թվականից առաջ էլ, ու ընդամենը 12 վայրկյանում «դրանից առաջ էլ» արտահայտությունն անընդմեջ կրկնելով ևս 11 անգամ։ Նույնիսկ «Շան սիրտը» վեպի հերոս Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչ Շարիկովն էր «աբըռվալգ» արտահայտությունն ավելի հազվադեպ օգտագործում։

Բայց խնդիրը, իհարկե, ոչ թե Նիկոլ Փաշինյանի լինգվիստիկ վարքագիծն է (դա թերևս միայն հոգեբաններին ու հոգեբույժներին կհետաքրքրի), այլ հայրենիքի ու պետության նրա «ընկալումը»։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք Արցախը կորցնելուց առաջ էլ ենք կորսված հայրենիք ունեցել, հետևաբար՝ Արցախի կորստով առանձնապես շատ բան չի փոխվել, դե հիմա ի՞նչ տարբերություն՝ պատմական հայրենիքի տա՞սը նահանգ ենք կորցրել, թե՞ տասնմեկ, կարևորն այն «ընկալումն» է, որ մենք ունենք «կորսված հայրենիք» և «իրական Հայաստան» (անկախ նրանից, թե որքան են դրանցից յուրաքանչյուրի չափերը), և անձամբ իր «ընկալումն» այն է, որ մենք պիտի մոռանանք կորսված հայրենիքն ու կենտրոնանանք իրականի վրա։

Շատ հարմար մոտեցում է, չէ՞։ Որովհետև այդ մոտեցման դեպքում ստացվում է, որ ոչ մի սկզբունքային տարբերություն չկա, օրինակ, Արցախը «վարի տված» ու Հայաստանը կարծանման հասցրած Նիկոլ Փաշինյանի և, ասենք, արցախյան առաջին պատերազմում հաղթած Լևոն Տեր-Պետրոսյանի միջև, որովհետև Տեր-Պետրոսյանի օրոք է՛լ «կորսված հայրենիք» ունեինք, նա հո ամբողջը չէ՞ր վերադարձրել, ընդամենը 12 հազար քկմ էր վերադարձրել, իսկ մնացած 300 հազար քկմ-ն էլի մնացել էր կորսված։ 

Բայց խնդիրը նույնիսկ սա չէ։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի այս «ընկալման» համաձայն՝ բացարձակապես նշանակություն չունի, թե որքան է «իրական Հայաստանի» տարածքը՝ 29,8 հազա՞ր, թե՞, ասենք, մի 10-12 հազար։ Միևնույն է՝ երկու դեպքում էլ հայրենիքի մեծ մասը մնում է կորուսյալ, իսկ գերխնդիրը մնում է փոքր մասի ինքնիշխանությունը, հետևաբար՝ փոխվում են միայն թվերը, իսկ սկզբունքը մնում է նույնը։ Բայց այս տրամաբանությամբ երևի ճիշտ կլինի, որ Նիկոլ Փաշինյանն ամեն առավոտ կամ գոնե շաբաթը մեկ հասարակությանն այնուամենայնիվ տեղեկացնի, թե «հաշվետու ժամանակահատվածում» քանի քկմ տարածքով հայրենիք է կորսվել (որի մասին պետք է մոռանալ), և որքան է դարձել իրական Հայաստանի տարածքը, որի վրա պետք է կենտրոնանալ։ Հակառակ դեպքում մարդ շփոթվում է՝ մի օր «ՀՀ տարածքային ամբողջականությունը մեզ համար կարմիր գիծ է», մյուս օրը՝ «դե հո ամայի-անբնակ սարերի համար պատերազմ չէի՞նք սկսելու»․․․ 

Բայց եկեք մի պահ ընդունենք Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը և համարենք, որ մեր խնդիրը և միակ կարմիր գիծը 29,8 հազար քկմ տարածքով Հայաստանի Հանրապետությունն է։ Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանի այդքան սիրած Ալմաթիի հռչակագրից հետո՝ Հայաստանի անկախության 32 տարիների ընթացքում, ինքը պետության չորրորդ ղեկավարն է, և միակը, որի կառավարման տարիներին այդ նույն Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարվել է։ Մինչև իր իշխանությունը Հայաստանը տեսիլքների ետևից ընկել էր, թե չէր ընկել՝ բայց Հայաստանի 29,8 հազար քկմ-ն անձեռնմխելի էր, ու միայն իր օրոք ՀՀ ինքնիշխան տարածք օկուպացվեց։ Այսինքն՝ անգամ իր իսկ հռչակած «ընկալումներո՛վ» է ինքն ամենաձախողվածը։

Բայց՝ հրաժարական չի տա։ Որովհետև իշխանությունը քաղցր բան է։ Ընդ որում՝ իրենից առաջ է՛լ է այդպես եղել, «դրանից առաջ էլ», դրանից առաջ է՛լ»․․․ Եվ այդպես՝ 11 անգամ։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3179 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ