...

Դավին անտեղյակ, ցավին անտարբեր

Դավին անտեղյակ, ցավին անտարբեր

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անդրադարձել է Լաչինի միջանցքի թեմային, այս անգամ՝ «Թվիթերի» իր միկրոբլոգում։ Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանն արդեն 8 օր է փակել է ճանապարհը։ Սա, իհարկե, շատ կարևոր տեղեկություն է, որովհետև եթե չտեղեկացներ՝ որտեղի՞ց պիտի իմանայինք։

Իսկ ահա Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով անարգել շարժը վերսկսելու վերաբերյալ։ Այստեղ միանգամից երկու հարց է առաջանում։ Առաջին՝ ի՞նչ նկատի ունեն ռուս խաղաղապահները «հայկական կողմ» ասելով և ո՞ւմ հետ են բանակցում, եթե ԼՂՀ իշխանությունները բանակցություններից ընդհանրապես տեղյակ չեն, և երկրորդ՝ հայկական կողմի հետ ի՞նչ ունեն բանակցելու, եթե միջանցքն ադրբեջանցիներն են միակողմանիորեն փակել։ 

Սկսենք առաջին հարցից։ Ո՞ւմ հետ են բանակցում ռուս խաղաղապահները։ ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ այս մասին ոչինչ չի ասվում, բայց փոխարենը մի բավականին խորհրդավոր նախադասություն կա՝ «ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է ընթանում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»։ Իսկապե՞ս։ Հայաստանի զինված ուժերը սպառնո՞ւմ են ռուս խաղաղապահների անվտանգությանը։ Եթե այո, ապա միջանցքի կոնկրետ ո՞ր հատվածում։ Թե՞ հայտարարության այդ հատվածն ընդամենը նշանակում է, որ միջանցքի վերաբացման հարցում ռուսներն Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ են բանակցում։ 

Հիմա երկրորդ հարցը՝ ի՞նչ թեմաների շուրջ են ռուսները բանակցում «երկու կողմերի» հետ։ Համաձայնվեք՝ հազիվ թե հայկական կողմին համոզեն թույլ տալ, որ ադրբեջանցիները բացեն միջանցքը։ Հետևաբար հայկական կողմի հետ բանակցությունների թեման կարող է լինել միայն մեկը․ համոզել, որ ամբողջությամբ կամ գոնե մասնակիորեն ընդունեն Ադրբեջանի առաջ քաշած պահանջները, որոնք, ի դեպ, օրեցօր փոխվում ու նորանոր ոլորտներ են ընդգրկում։ Եթե դա այդպես է՝ նշանակում է ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունների առումով «փոքր-ինչ իջեցրել են նշաձողը» և ճանապարհի՝ անվերապահորեն գործելու պայմանավորվածությունն ապահովելու փոխարեն հայկական կողմին համոզում են ընդունել Ադրբեջանի առաջ քաշած «վերապահումները»։ Ընդ որում՝ առայժմ ոչինչ չի ստացվում, որովհետև Հայաստանի իշխանություններն ընդհանրապես հրաժարվել են Արցախից ու գերադասում են «Օսկարի հետ գիրք կարդալ»։ Իսկ այդ ընթացքում ռուսաստանյան լրատվամիջոցները հեղեղված են նյութերով, որտեղ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացվում է որպես «հանուն անձնական բիզնեսի ռուսական անձնագիրը պատռած փախստական օլիգարխ», որը փախել է Ղարաբաղ ու հանուն իր անձնական բիզնեսի պատանդ վերցրել «տեղի հայերին», մինչդեռ վերջիններս հաճույքով կինտեգրվեին Ադրբեջանին ու հանգիստ կապրեին այդ երկրի կազմում։ Ահա այդպես․ ոչ թե ադրբեջանցիներն են պատանդ վերցրել 120 հազար հայերին, այլ Արցախի (ու ենթադրաբար՝ Հայաստանի) իշխանությունները։ 

Ի դեպ, եթե Արցախը շրջափակումից ու հումանիտար աղետից փրկելու միակ տարբերակն ամբողջ աշխարհի ուշադրությունն այդ հարցի վրա կենտրոնացնելն է (իսկ որևէ մեկն այս պահին այլ տարբերակ չի առաջարկել), ի՞նչն է խանգարում, որ Երևանում մի քանի հարյուր հազարանոց հանրահավաք կազմակերպվի։ Դա էլ հո առանձնապես մեծ ծախսեր չի պահանջի, միջազգային որևէ նորմ չի խախտի, ցույց կտա գոնե այդ հարցում մեր միասնությունը, միջազգային որևէ կառույց ու լրատվամիջոց էլ չի կարող անտեսել մի քանի հարյուր հազարանոց հանրահավաքը։ 

Թե՞ իշխանությունները «վախենում են ադրբեջանցիներին բարկացնել», ընդդիմությունն էլ ժողովրդին դիմելու «երեսատեղ» չունի, ու մնացել ենք հատուկենտ ցաքուցրիվ մինի-ակցիաների հույսին։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   563 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ